Հայաստանը շրջափակման մեջ գտնվող, թույլ տնտեսությամբ և արդյունաբերությամբ երկիր է։ Այս շրջափակումը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից կարող ենք նշել ոչ բարենպաստ աշխարհագրական տեղակայությունը, դեպի ծով ելք չունենալը, հարևան երկու երկրների հետ փակ սահմանները, դրանց հետ դիվանագիտական կապերի բացակայությունը և այլն։ Այս բոլոր գործոններն իրենց բացասական ազդեցությունն են ունեցել երկրի զարգացման հեռանկարի ու տնտեսության վրա և հանգեցրել աղքատության բարձր մակարդակի։ Աղքատությունն էլ ավելի բնութագրական է մարզերի և գյուղերի համար, որի պատճառներից են թույլ զարգացած ենթակառուցվածքները և փոքր ռեսուրսներով ՏԻՄ-երը։ Բացի այդ, նշված հետևանքներն իրենց ազդեցությունն են ունեցել քաղաքացիների կենսամակարդակի վրա՝ հանգեցնելով թերի զարգացած և լքված համայնքների, աշխատատեղերի պակասի և առողջության ու կրթության ոչ պատշաճ մակարդակի։
Համավարակի բռնկումն ու կառավարության կողմից կանխարգելիչ միջոցառումների իրականացումն էլ ավելի խորացրեցին երկրում աղքատության մակարդակը, հատկապես երկրի մարզերում։ Վիճակագրության համաձայն՝ հյուսիսային մարզերը՝ Տավուշը, Լոռին և Շիրակը, Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերն են։ Հետազոտությունները և Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ բազմաչափ աղքատությունն ու դրա ազդեցությունները պատշաճ կերպով չեն հետազոտվել և չեն հասցեագրվել։ Իրավիճակն էլ ավելի է սրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված քառասունչորսօրյա պատերազմի հետևանքով։ Ռազմական գործողությունների ընթացքում և դրանցից հետո Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստիպված էր ընդունել տեղահանված մեծաքանակ բնակիչների։ Ենթարկվելով թվարկված ծանր հանգամանքների ազդեցությանը՝ համայնքների համար աղքատության մեղմացումը դարձել է հիմնական առաջնահերթություն։ «Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագիրը նպատակ ունի միմյանց փոխկապված և փոխլրացնող գործողություններով հասցեագրել և ուսումնասիրել բազմաչափ աղքատությունը։ Այս ծրագիրը իրականացվում է համընկերության անդամ չորս կազմակերպությունների կողմից՝ ՀՌԿԿ-Հայաստանի, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Մաթևոսյան հիմնադրամի կողմից Եվրոպական միության աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման միջոցով կենտրոնանալ աղքատության և անհավասարության առաջացման պատճառներն ու հետևանքները հասցեագրող լուծումների վրա, վերակենդանացնել անհավասարության և աղքատության շուրջ հանրային դիսկուրսը, համայնքային մակարդակում ջատագովել աղքատության նվազեցմանն ուղղված քաղաքականությունների համար, ստեղծել կրկնօրինակելի համայնքային ծառայություններ և պրակտիկաներ բազմաչափ աղքատությունը հաղթահարելու համար, ինչպես նաև զարգացնել զրկանքներ կրող խմբերի կարողությունները համավարակով պայմանավորված ռիսկերն ու ցնցումները հաղթահարելու համար։
Ծրագիրն ամփոփում է երեք միմյանց փոխլրացնող բաղկացուցիչներ՝
- Ուսումնասիրություններ և հետազոտություններ
Ծրագրի նախնական շրջանում ՀՌԿԿ-Հայաստանի կողմից կիրականացվեն հետազոտական աշխատանքներերեք մարզերում բազմաչափ աղքատության և անհավասարության մակարդակը գնահատելու համար ։ Միաժամանակ, ՏԶՀԿ-ի կողմից կիրականացվի պետական և համայնքային ծրագրերի բյուջեների վերլուծություն, գնահատելու համար պետական միջամտությունների ազդեցությունը խոցելի խմբերի բարօրության վրա։ Սրան կհաջորդի սոցիալական ծառայությունների քարտեզագրումը, ինչը թույլ կտա բացահայտել սոցիալական ծառայություններից օգտվողների համար հասանելի առկա նախաձեռնությունները։
Արդյունքում կկազմվիառաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի համայնքային ՔՀԿ-ներին, պետական պաշտոնյաներին և քաղաքականություն մշակողներին։ Հետազոտություններից դուրս բերվելիք արդյունքների հիման վրա Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում Մաթևոսյան հիմնադրամը և ԵՀՀ-ն կիրականացնեն նախաձեռնություններն ու կրթական գործողությունները։
- Իրազեկում և կարողությունների զարգացում
Այս բաղադրիչի շրջանակներում ԵՀՀ-ի և ՏԶՀԿ-ի կողմից կանցկացվեն կարողությունների զարգացման և թեմատիկ դասընթացներ ՔՀԿ-ների և խոցելի խմբերի համար։ Թեմատիկ շրջանակը ներառում է քաղաքականությունների մշակման և մշտադիտարկման, համայնքային բյուջեների կազմման թեմաները, ինչպես նաև աղքատության և խոցելիության ռիսկերի մեղմացմանն ուղղված դասընթացներ։ Այս բաղադրիչի արդյունքում ՔՀԿ-ները կկարողանան ընկալել և ուսումնասիրել բազմաչափ աղքատության օրինաչափությունները և ակտիվորեն ներգրավվել քաղաքականությունների մշակման և մշտադիտարկման գործընթացներում։ Այս ամենից զատ, Մաթևոսյան հիմնադրամը կկազմակերպի տվյալների ցուցահանդես, որպեսզի ուշադրություն հրավիրի հետազոտության արդյունքների վրա։
- Համայնքային մոբիլիզացիա և քաղաքականության ջատագովություն
Որպես հետևանք՝ ծրագրի նախորդ երկու գործողությունները կհանգեցնեն համայնքային մոբիլիզացիայի և քաղաքականության ջատագովության արշավների ՔՀԿ-ների և խոցելի խմբերի ներգրավմամբ։ ։ Այս նպատակին հասնելու համար Եվրասիա համագործակցություն հիմնադրամը կհայտարարի ենթադրամաշնորհային մրցույթ, տեղական նախաձեռնությունների միջոցով աղքատության հարցերը հասցեագրելու համար ։ Ենթադրամաշնորհների տրամադրումը և նախաձեռնող խմբերի ձևավորումը նախագծի առանցքային գործողություններից են, որոնց օգնությամբ քաղաքականության երկխոսություն, լոբբինգ ու ջատագովության արշավներ կիրականացվեն հասցեագրելու քաղաքական և օրենսդրական բարելավումները։
ՀԿ-ների և խոցելի խմբերի կարողությունների զարգացումը, ինչպես նաև իրականացված ջատագովության արշավները կհանգեցնեն աղքատությունը հասցեագրող քաղաքականությունների բարելավմանն ու պետական ինստիտուտների կողմից էլ ավելի արդյունավետ ու ներառական ռազմավարությունների մշակմանը։
***
«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: