«Հոդված 27. Արտահայտման ազատության իրավունք» հաղորդաշար (2009 - 2013)

Կարևոր թեմաներ, ընդունակ մարդիկ, հարգալից երկխոսություն հանուն փոփոխության

Հեռուստադիտողի արձագանքը «Հոդված 27»-ի 2013 թ. եթերաշրջանի հաղորդումների վերաբերյալ.

Հոդված 27 Արտահայտման ազատություն հաղորդաշարի արձագանքը

«Հոդված 27. Արտահայտման ազատության իրավունք» հաղորդաշարը մեկնարկել է 2009 թ., երբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ, սկսեց իրականացնել «Արտահայտման ազատություն» նախագիծը: Հաղորդումը եթեր է հեռարձակվել մինչև 2013 թվականը, վերջին՝ 58–րդ թողարկումը նվիրված էր քաղաքացիական լրագրություն թեմային:

Հաղորդման բոլոր թողարկումները կարող եք դիտել մեր Vimeo էջում։ Մեր այս հաղորդաշարը նպատակաուղղված էր հեռուստատեսությամբ արտահայտման ազատությանը վերաբերող սուր հարցերի բաց քննարկմանը` արտահայտման ազատության թեմայով տեղական կամ միջազգային արտադրության վավերագրական ֆիլմերի օգնությամբ: Հաղորդաշարի ընթացքում քննարկված թեմաներից էին` ազգային անվտանգությունը, հավաքների ազատության եւ տեղեկատվության ազատության իրավունքը, «չխոսկան» հարսները և ժամանակակից արվեստը, պոեզիայի ենթադրյալ ներթափանցումն առօրյա կյանք, ռոքնռոլի դիվանագիտական դերը հայ իրականության մեջ և սեփականության իրավունքի պաշտպանությունը և այլ հարցեր:

 

Քննարկվող թեմաների շուրջ տեսակետների լայն շրջանակ ապահովելու համար հաղորդաշարին մասնակցելու էին հրավիրվում լրագրողներ, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, պրոֆեսորներ և ուսանողներ: Այստեղ հանդես էին գալիս ոչ միայն մայրաքաղաքի, այլև Հայաստանի մարզերի բնակիչները, ովքեր սովորաբար զրկված են հրապարակայնորեն իրենց տեսակետն արտահայտելու հնարավորությունից:Ժամանակի ընթացքում քննարկվող թեմաների շարքն ընդլայնվել է՝ ներառելով բազմաթիվ հարցեր` հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, հայ-ադրբեջանական հարաբերությունները, երիտասարդական առաջնորդություն և երիտասարդների տեսակետներն այս բոլոր հարցերի շուրջ:

phpThumb_generated_thumbnailjpg (7)ԵՀՀ-ի կոչին արձագանքել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը: Հաղորդաշարի առաջին թողարկումները վարում էր Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, իսկ 2012թ.–ից ՝ ԵՀՀ տնօրեն Գեվորգ Տեր–Գաբրիելյանը:

 

2009 թ. յուրաքանչյուր թոք շոուին մասնակցում էր 12 հյուր, սակայն 2010 թ. ԵՀՀ փոխեց ձևաչափը` հրավիրյալների թիվը սահմանափակելով վեցով: Փոփոխվեց նաև տաղավարի արտաքին տեսքը-դիզայնը`հեռուստադիտողների համար այն ավելի գրավիչ դարձնելու նպատակով:

«Հոդված 27»-ի ձևաչափը ենթադրում էր առավելագույնը 5 րոպե տևողությամբ տեսանյութի կամ վավերագրական ֆիլմի ցուցադրություն, որն ուղեկցվում էր ևս 30 րոպե տևող քննարկմամբ:

Բոլոր հաղորդումները հեռարձակվում էին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում շաբաթը երկու անգամ, վերջերս`նաև արբանյակային հեռարձակմամբ, ինչպես նաև «Համասփյուռ» տարածաշրջանային հեռուստատեսային ցանցի միջոցով Հայաստանի հինգ մարզերում:

AGB Nielsen Media Research ընկերության վարկանիշային տվյալների համաձայն, միայն Երևանում հաղորդաշարը եթերի ընթացքում միջինը 3000 մարդ էր դիտում, իսկ որոշ թեմաների դեպքում հեռուստադիտողների թիվը, նորից Երևանում, կարող էր հասնել 17 հազարի:

Ավելին