Գործիքն օգնում է ՏԻՄ-երին, համայնքների բնակիչներին և տեղական ինքնակառավարման այլ շահակիցներին.
• բացահայտել ՏԻՄ-երի գործառույթների և տեղական կարգավորիչների (ընթացակարգեր, քաղաքականություններ և այլն) իրականացման արդյունավետությունը, հնարավոր բացերն ու սահմանափակումները
• բացահայտել տեղական ինքնակառավարման կարողությունների զարգացման հատուկ կարիքները, մշակել փոփոխությունների պլաններ և դրանց իրականացման համար հայցել կառավարության, դոնորների ու այլ շահակցների աջակցությունը, ինչպես նաև վերահսկել կարողությունների զարգացման ընթացքն ու արդյունքները
• խթանել անհատների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներգրավումը տեղական ինքնակառավարման մեջ և
• տրամադրել օբյեկտիվ հաշվետվություն ՏԻՄ-երի ձեռքբերումների վերաբերյալ և դրանով իսկ զարգացնել հաշվետվողականության մշակույթը:
Գնահատող հանձնաժողովում՝ թվով մինչև 12 հոգի, պետք է ներառվեն համայնքի ղեկավարը, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքային ծառայողներ և այլ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, բնակչության ներկայացուցիչներ, օրնաակ՝ հասարակական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, երիտասարդներ՝ կանայք և տղամարդիկ։ Գնահատումն առաջարկվում է իրականացնել և հարցաթերթերը լրացնել նախ՝ անհատապես, այնուհետև՝ խմբովի: Անհատական գնահատումը կատարվում է հետևյալ քայլերով.
1. Կարդացե՛ք յուրաքանչյուր ոլորտի և ցուցանիշի նկարագրությունը:
2. Կարդացե՛ք յուրաքանչյուր սկզբունքի բացատրությունը և մտածեք, թե ինչպես է այն գործարկվում Ձեր համայնքում: Օգտագործեք Ձեր գիտելիքներն ու փորձը և գրանցե՛ք այդ սկզբունքի կիրառման վկայությունները:
3. Տվե՛ք յուրաքանչյուր հարցի պատասխանն ըստ 1) Չի մշակվել/չի իրականացվում, 2) Սկսնակ, 3) Զարգացող կամ 4) Փորձառու մակարդակների սանդղակի և Ձեր գնահատականը հիմնավորեք վկայություններով: Եղեք անկեղծ` համոզվեք, որ Ձեր միավորներն արտացոլում են իրականությունը:
Երբ գնահատման հանձնաժողովի բոլոր անդամները անհատապես լրացնեն գնահատման ձևը, խմբային գնահատման վարողը կգումարի նիստ, որի ընթացքում մասնակիցները կետ առ կետ կքննարկեն, կգրանցեն վկայությունները և կորոշեն վերջնական միավորները: Գնահատման այդ միավորներից են որոշվում ոլորտների ընդհանուր գնահատականները, իսկ արձանագրված վկայություններն ու առաջարկություններն օգտագործվում են կարողությունների զարգացում կամ բարեփոխություններ պլանավորելիս և հետագա գնահատումների ընթացքում։
Գործիքը ստեղծվել է «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ)՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: