Եվրասիա հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը 2005 թվականին նախաձեռնեց «Համայնքային զարգացման ռեսուրսային կենտրոններ» ծրագիրը (ՀԶՌԿ), որը 2009 թվականին ավարտին հասցվեց իրավահաջորդ կազմակերպության՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից: Ծրագիրը նպատակ ուներ հզորացնել հասարակական կազմակերպությունների կազմակերպական կարողությունները` նրանց կատարողականությունը և ծառայությունները բարելավելու համար և բարելավել համայնքահեն կազմակերպությունների կարողություններն այնպես, որ վերջիններս կարողանան ակտիվ դեր խաղալ համայնքային զարգացման գործում: 2009-ին անցկացվեց ծրագրի անկախ աուդիտ, ըստ որի՝ ՀԶՌԿ ծրագիրը զգալի ազդեցություն է ունեցել իրականացնող ՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացման վրա:
«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում ԵՀՀ-ն պարտավորվեց մարզերում ստեղծել հեռահաղորդակցային կենտրոններ (ինֆոտներ):
«Ինֆոտների» գլխավոր նպատակն էր դառնալ քաղաքացիների համար տեղեկատվություն ստեղծող և սփռող հզոր ռեսուրս-կենտրոններ, որտեղ կենտրոնացված կլինեն տեղեկություններ ստեղծելու համար անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսներ:
Ծրագրի շրջանակներում «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի թիմն այցելեց Արմավիրի և Սյունիքի մարզեր և հանդիպեց ավելի քան 30 կազմակերպությունների հետ՝ «Ինֆոտուն» ծրագրի մեկնարկից առաջ իրավիճակը քարտեզագրելու նպատակով: Այցելությունների արդյունքում պարզ դարձավ, որ ՀԶՌԿ-ներն ունեն որպես ինֆոտներ ծառայելու շատ ավելի մեծ կարողություն, քան համայնքներում գործող այլ ՀԿ-ները: Ինը մասնակիցներից ԵՀՀ-ն առանձնացրեց առավել կենսունակ հինգ ռեսուրսային կենտրոններ. Արմավիրի զարգացման կենտրոնը, Գորիսի երիտասարդական միությունը, Մարտունու կանանց կենտրոնը, Վանաձորի ՀԿ կենտրոնը և Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղն ընտրվեցին որպես ինֆոտների թիրախային տարածքներ:
2011-ին ստեղծվեց «ԻնֆոԳյուղը», որը Հայաստանի հինգ` Գյումրի, Վանաձոր, Մարտունի,Արմավիր, Գորիս քաղաքներում գործող Ինֆոտները միավորող վիրտուալ մարմին է:
Ինֆոտների հիմնական խնդիրները ներառում են մեդիա ոլորտին վերաբերող դասընթացների կազմակերպումը, վավերագրական տեսաֆիլմերի դիտումների և քննարկումների, մամուլի ասուլիսների կազմակերպումը, երիտասարդության, առողջապահության, կրթության, քաղաքացիական հասարակության, կառավարման ոլորտներում առկա հիմնախնդիրների վերաբերյալ նյութերի պատրաստումը և դրանց տեղադրումը Youtube-ում և այլն: Ինֆոտների և «ԻնֆոԳյուղ» նախագծի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ :
Ինֆոտան մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ (անգլերենով):