Դիմակայունության խթանում՝ պետության հետ երկխոսության միջոցով (BRIDGE Arm)

UK_EPF_project

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP Route) նախագիծը ստեղծել է տարածաշրջանային հաղորդակցության, համագործակցության և ենթակառուցվածքների զարգացման նոր հնարավորություններ։ Նախագծի շուրջ քննարկումները տեղի են ունենում առավելապես ոլորտային քաղաքականությունների մակարդակում: Դրա նշանակությունն ու ընկալումը ինստիտուցիոնալ և համայնքային մակարդակներում դեռևս ձևավորման փուլում են։ Այնինչ, կարիքահեն ու ներառական ոլորտային քաղաքականությունների մշակման համար շատ կարևոր է ապահովել տեղական համայնքների պատշաճ իրազեկումն ընթացիկ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, համայնքների արդյունավետ ներգրավումը։

Այս նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Միացյալ Թագավորության կառավարության Միջազգային զարգացման ֆինանսավորմամբ, իրականացնում է «Դիմակայունության խթանում՝ պետության հետ երկխոսության միջոցով» (BRIDGE Arm) ծրագիրը։

Ծրագրի նպատակն է հավաքագրել համակարգված, փաստահեն տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են տարածաշրջանային կոմունիկացիաներին առնչվող նախաձեռնություններն ընկալվում և մեկնաբանվում ինչպես ոլորտային քաղաքականության, այնպես էլ համայնքային մակարդակներում՝ TRIPP նախագծի և տարածաշրջանային հաղորդակցությունների գործարկման առավել լայն համատեքստում։ Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանի կառավարության ջանքերին՝ մշակելու համայնքային զգայուն քաղաքականություններ տարածաշրջանային կոմունիկացիոն նախաձեռնությունների, մասնավորապես, TRIPP-ի վերաբերյալ։

Ծրագրի իրականացման ժամկետն է՝ 2025 թ․ դեկտեմբերի 15-ից 2026 թ․ մարտի 31-ը։

Նախատեսվում է անցկացնել տասը անանուն, կիսահամակարգված հարցազրույց պետական կառույցների ներկայացուցիչների և տարածաշրջանային զարգացման հարցերում ներգրավված փորձագետների հետ։ Հարցազրույցները կանցկացվեն միասնական մեթոդաբանության հիման վրա, ապահովելով հետևողականությունը, և կպահպանեն մասնագիտական չափանիշները։

Զուգահեռաբար ԵՀՀ-ն կկազմակերպի համայնքային քննարկումներ Սյունիքի, Շիրակի, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Մասնագիտական մեթոդաբանության և ֆասիլիտացիայի միջոցով քննարկումները կկենտրոնանան համայնքային մակարդակում կոմունիկացիոն և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ընկալումների վրա։

Ծրագրի արդյունքում կմշակվի վերլուծական զեկույց, որը, համադրելով պետական կառույցների ներկայացուցիչներից և համայնքային քննարկումներից ստացված արդյունքները, խորացված պատկերացում կտա տարածաշրջանային կոմունիկացիաներին վերաբերող ընկալումների, կարիքների, տեղում ի հայտ եկած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

Զեկույցը կտրամադրվի պետական կառույցներին, ինչը կօգնի նրանց կողմից մշակվող քաղաքականություններում և որոշումների կայացման տարբեր փուլերում ներառել նաև սահմանամերձ համայնքներում վերհանված կարիքներն ու խնդիրները։

Ծրագրի իրականացման ընթացքում ԵՀՀ-ն կհետևի քաղաքական չեզոքության սկզբունքին և կապահովի պաշտոնական գործընթացներին չհակասող մոտեցում:

 

Ավելին