Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնելու Հայաստանի ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և քաղաքացիական հասարակության կողմից առաջ քաշվող այլ հիմնահարցերի լուծմանն ուղղված նախագծեր հետևյալ թեմաներով.
- Արձագանք բռնության դրսևորումներին՝ ներառյալ փակ, կիսափակ հաստատություններում, կրթության և/կամ այլ ոլորտներում, խոցելի խմբերի հանդեպ և այլ հարակից թեմաներով։
- Պայքար խտրականության դեմ՝ ներառյալ խտրականության առցանց դրսևորումների հասցեագրում, դատական համակարգում առկա բացերի վերհանում, այլ բնագավառներում խտրականության բոլոր ձևերի բացառմանն ուղղված քայլեր, այլ։
- ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերահսկողությանը (watchdog) և քաղաքացիական հասարակության կողմից դրանց իմաստավոր մասնակցությանն ուղղված գործողություններ՝ ներառյալ թիրախային հետազոտություններ, հրապարակումներ, հետաքննական նյութեր և այլն։
Նախագծերի թեմատիկ ուղղությունները բխում են ԵՀՀ ռազմավարությունից և ՍԻԴԱ-ի Հայաստանում աշխատանքի առաջնայնություններից։
Դրամաշնորհային ընդհանուր ֆոնդը կազմում է 80,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Ֆինանսավորվող ծրագրերի բյուջեները պիտի լինեն ոչ ավելի, քան 20,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Նախագծերի իրականացման ժամկետը չպիտի գերազանցի 8 ամիսը:
Ո՞վ կարող է դիմել
Դրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությունները։
Դրամաշնորհների մրցույթը բաց է հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2024 թ․ մայիսի 10-ը ներառյալ:
Նախ, գնահատվելու է ներկայացրած հայտերի համապատասխանությունն այս հրավերի թեմաներին ու տեխնիկական պահանջներին: Նախնական ընտրության շեմը հաղթահարած հայտերը գնահատման չափանիշների հիման վրա (տե՛ս ստորև) կգնահատվեն ծրագրի ընտրող հանձնաժողովի կողմից:
Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, ԵՀՀ-ն կաշխատի նախապես ընտրված հայտատուներից յուրաքանչյուրի հետ, առաջարկվող ծրագրային գաղափարն ավարտուն տեսքի բերելու և ապագա ծրագրի որակն ու ազդեցությունն ուժգնացնելու նպատակով:
Գնահատման հիմնական չափանիշներն ընդգրկում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.
(ա) արդյոք արդյունքները չափելի և իրատեսական են,
(բ) որքանով է առաջարկվող նախագիծն իրագործելի,
(գ) որքանով է նախագիծը նպաստում Հայաստանի և հայաստանյան քաղհասարակության զարգացմանը,
(դ) որքանով են նախագծի գործողությունները զերծ հնարավոր բացասական հետևանքներից,
(ե) որքանով են նախագծի ծախսերը և ռեսուրսները համապատասխանում նախագծի ակնկալվող արդյունքներին:
Դրամաշնորհի տրամադրման գործընթացը
Ֆինանսավորման մասին որոշման կայացման պահից մինչև ընտրված ծրագրի ակնկալվող մեկնարկը կարող է տևել մոտ մեկ ամիս: Այդ ամսվա ընթացքում ընտրված հայտատու կազմակերպությունները պարտադիր կանցնեն առցանց կամ առերես նախադրամաշնորհային հարցազրույց ԵՀՀ ծրագրերի և դրամաշնորների պատասխանատուների հետ:
Ընտրված հայտատուները պիտի մասնակցեն դրամաշնորհների կառավարման սեմինարին, որը կանցկացվի առցանց կամ ԵՀՀ գրասենյակում: ԵՀՀ-ն նախօրոք կտեղեկացնի սեմինարի մասին: Սեմինարը կօգնի շահառուներին հասկանալ տրամադրված դրամաշնորհի ծրագրային և ֆինանսական կառավարմանը վերաբերող ԵՀՀ պահանջները:
Դրամաշնորհային կառավարման սեմինարից հետո շահառուները ԵՀՀ-ի հետ կկնքեն դրամաշնորհային պայմանագիր։
Ակնկալվում է, որ ընտրված նախագծերը կմեկնարկեն պայմանագրի կնքումից ամենաուշը մեկ ամսվա ընթացքում:
Դրամաշնորհների իրականացման ընթացքում շահառուները պիտի պարբերաբար ֆինանսական ու բովանդակային հաշվետվություններ ներկայացեն ԵՀՀ-ին: ԵՀՀ-ն ֆինանսական միջոցների հաջորդ փոխանցումը կկատարի նախորդ փուլի ֆինանսական և բովանդակային հաշվետվությունները հաստատելուց հետո: ԵՀՀ ծրագրերի ղեկավարները պարբերաբար կայցելեն շահառուներին (կամ հարցազրույցներ կանցկացնեն)` դրամաշնորհների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Դրամաշնորհները ենթակա են արտաքին (ծրագրային) գնահատման և ֆինանսական աուդիտի։ Ակնկալվում է շահառուների պատրաստակամ համագործակցությունն արտաքին գնահատողի և աուդիտորի հետ:
ԵՀՀ-ն շահառուներին կաջակցի, կուղղորդի և կներգրավի էլեկտրոնային նամակագրության ցուցակներում` նրանց տեղեկացնելով քաղհասարակության վերաբերյալ զարգացումների և հնարավորությունների, այդ թվում` կարողությունների զարգացման հնարավորությունների մասին: Ծրագրի ընթացքում ԵՀՀ-ն շահառուներին կարող է ներգրավել օժանդակ միջոցառումներում (օրինակ` կարողությունների զարգացման դասընթացներում, ռազմավարական քննարկումներում և այլն): Ակնկալվում է, որ շահառուները, որպես իրենց ծրագրային գործունեության բաղկացուցիչ մաս, պիտի պատրաստ լինեն մասնակցել այդպիսի միջոցառումների:
Դրամաշնորհային հայտեր ներկայացնելու ժամկետը և պայմանները
- Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` [մայիսի 10, 2024]:
- Ծրագրերը պիտի ավարտվեն մինչև [հունվարի 31, 2025]:
- Ծրագրերը պիտի իրականացվեն Հայաստանում:
- Դրամաշնորհային հայտերը ներկայացնել հայերեն:
Դիմումները ներկայացնելու կարգը
Դիմելու համար պետք է ներկայացնել
- Հայտադիմումը, որը հասանելի է այս հղումով,
- Նախագծի մասնակիցների ինքնակենսագրությունները (CV)
- Կազմակերպության գրանցման վկայականը։
Եթե նախագիծը ներառում է տեքստերի ստեղծում (հոդվածներ, ուսումնասիրություններ, այլ), ապա նախագծի նախնական բյուջեում պիտի նախատեսվի նաև խմբագրի գործունեության փոխհատուցում։ Բյուջեում պիտի ընդգրկվի նաև նախագծի աուդիտի իրականացման ծախս։ Խնդրում ենք այս ծախսերը նկատի ունենալ հայտադիմումը լրացնելիս։ Ծրագրի իրականացման ընթացքում թե՛ խմբագրի, թե՛ աուդիտորի ընտրությունը պիտի համաձայնեցվի ԵՀՀ-ի հետ։
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեով մինչև 2024 թ. մայիսի 10-ը ներառյալ, նամակի վերնագրում նշելով «civil society call– դիմող կազմակերպության կարճ անուն»:
Կարևոր է, որ դիմորդները հատուկ ուշադրություն դարձնեն տեքստերի գրագիտությանը և հետևեն տեքստի որակի տեխնիկական չափանիշներին: ԵՀՀ-ին ներկայացվելիք տեքստերի որակի չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել [email protected] էլ․ փոստի հասցեին կամ զանգահարել +37477408667 հեռախոսահամարով։
Մրցույթն անցկացվում է «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ: