Հայաստանում հաշտարարության միջոցով աշխատանքային վեճերի լուծման վերաբերյալ հետազոտություն կատարելու հրավեր (փակված է)

Oxygen_Research

Oxygen_logos

Կազմակերպության և ծրագրի մասին.

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն (Ծրագիր) իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագիրը նպաստելու է բազմաշահառու քաղաքականության հարթակի ձևավորմանը՝ աշխատանքային իրավունքների խախտումների և խտրականության դեմ հանրային քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) տեղական կազմակերպություն է, որը մշակում և իրականացնում է ռազմավարություններ, միավորում է ցանցեր և կոնսորցիումներ, աշխատում է քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման, քաղաքականության հետազոտությունների և շահերի պաշտպանության, այլընտրանքային բովանդակություն ստեղծելու ուղղություններով։ ԵՀՀ-ն աշխատանք է տանում Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծումների մեխանիզմները զարգացնելու ուղղությամբ։

Ծրագրի շրջանակներում ԵՀՀ-ն իրականացնելու է աշխատանքային իրավունքի խախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և մշակում, արհեստակցական միությունների ամրապնդմանն ուղղված գործողություններ, ինչպես նաև հաշտարարության միջոցով աշխատանքային վեճերը լուծելու հնարավորությունների հետազոտություն։

Հետազոտության նկարագրություն.

Վեճերի այլընտրանքային լուծումը (ՎԱԼ) հնարավորություն է տալիս մարդկանց լուծել վեճերը արտադատական կարգով։ Հայաստանում արդեն իսկ գործում են ՎԱԼ ընթացակարգեր՝ մասնավորապես արբիտրաժը և hաշտարարությունը (մեդիացիան): ԵՀՀ-ի կողմից կատարված հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://epfarmenia.am/hy/document/Research-on-Alternative-Dispute-Resolution-in-Armenia:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետազոտություն Հայաստանում աշխատանքային վեճերը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ՝ վեր հանելով առկա խնդիրներն ու ներկայացնելով առաջարկություններ։ Հետազոտությունը ներկայացվելու է քաղաքականություն մշակողներին, շահագրգիռ այլ անձանց՝ նպատակ ունենալով խրախուսել հաշտարարութամբ աշխատանքային վեճերի լուծումը։

Տեխնիկական առաջադրանք․

Հետազոտության շրջանակներում նախատեսվում է.

  1. Ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը՝ աշխատանքային վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ։
  2. Ուսումնասիրել հաշտարարության և աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը՝ աշխատանքային վեճերը հաշտարարությամբ լուծելու հնարավորությունները գնահատելու նպատակով, և առաջարկել փոփոխություններ։
  3. Բացահայտել հաշտարարության իրագործման համար գործնականում առկա խոչընդոտները։
  4. Ուսումնասիրել աշխատանքային վեճերի վիճակագրությունը, առկա դատական հայցերի հիմքերը, կազմել գործերի դասակարգում, վերլուծել, թե ո՛ր տեսակի գործերը կարելի է հաշտարարության միջոցով լուծել։
  5. Ուսումնասիրել մինչ օրս հաշտարարության միջոցով կարգավորված աշխատանքային վեճերը (եթե առկա են)։
  6. Մշակել կոնկրետ առաջարկություններ հաշտարարության մարմինների գործունեության արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ։
  7. Գրել զեկույց հայերեն լեզվով (մինչև 30 էջ), ինչպես նաև հայերեն և անգլերեն համառոտագիր (1-2 էջի սահմաններում)։

Հետազոտողը նաև պետք է ուսումնասիրությունը ներկայացնի հանրությանը ԵՀՀ կողմից կազմակերպված քննարկումների ժամանակ, այսինքն կպահանջվի նաև սահիկաշար։

Պահանջվող որակավորումներ.

  1. Բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, իրավագիտության կամ հարակից ոլորտներում,
  2. առնվազն երեք տարվա հետազոտական աշխատանքային փորձ,
  3. հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, գործիքների մշակման փորձառություն,
  4. զեկույցների և առաջարկությունների մշակման հմտություններ,
  5. վերլուծական աշխատանքներ կատարելու գերազանց հմտություններ,
  6. հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  7. Հետազոտության կամ հարակից թեմաներին նախապես ծանոթ լինելը կդիտարկվի որպես առավելություն:

Դիմելու կարգը և վերջնաժամկետը․

Անհրաժեշտ է ներկայացնել.

  • ինքնակենսագրական (CV),
  • հետաքրքրության նամակ՝ հայերեն կամ անգլերեն,
  • հետազոտության՝ առաջարկվող մեթոդաբանություն,
  • բյուջեի առաջարկ,
  • արդեն կատարված հետազոտական աշխատանքի նմուշ/հղում։

Խնդրում ենք էլեկտրոնային նամակն ուղարկել Անահիտ Խաչատրյանին՝ [email protected] հասցեով, մինչև ս․թ․ փետրվարի 20-ը, նամակի վերնագրում նշելով «Հաշտարարության հետազոտության հայտ»։ Հարցերի դեպքում դիմել Ծրագրի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանին՝ (+37491) 501027: