Ընդհանուր նկարագիր
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ) հետ համընկերության շրջանակներում իրականացնում են «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, որին աջակցում է Եվրոպական միությունը։ Ծրագիրը նպատակ ունի պաշտպանելու երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնելու ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝ այդպիսով նպաստելով նրանց հանրային գործերում ներգրավմանը։
Հետևելով, ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքում[1] ուսանողական ինքնակառավարման մարմինների ձևավորման սկզբունքների փոփոխություններին առնչվող դրույթին, սույն ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Արտաուսումնական ուսանողական գործունեության կազմակերպման ձևերի և մոդելների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն» թեմայով հետազոտական նախագծերի բաց մրցույթ։
Հետազոտության շրջանակը
Հետազոտության նպատակն է արտաուսումնական ուսանողական գործունեության (ուսանողական կառույցներ և ակումբներ, ուսանողական համայնքներ, ուսանողների կողմից պահանջարկ ունեցող հանրային դասախոսություններ և այլն) կազմակերպման ձևերի և մոդելների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը և հայաստանյան ԲՈՒՀ-երին համապատասխանող առաջարկների ձևակերպումը։
Նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է պարզել․
- Առկա միջազգային արտաուսումնական ուսանողական գործունեության կազմակերպման ձևերը, մոդելները (նկարագրություն, առավելություններ, ռիսկեր և այլն) և դրանց առանձնահատկությունները (ըստ ուսանողների թվի, մասնագիտական ուղղվածության և այլն)։
- Արտաուսումնական ուսանողական գործունեության կազմակերպման ձևերի և մոդելների՝
- ձևավորման սկզբունքները,
- ֆինանսավորման սկզբունքները,
- իրավական հիմքերը։
- Ուսումնասիրված միջազգային մոդելների տեղայնացման առանձնահատկությունները հայաստանյան բուհերում՝ հաշվի առնելով բարձրագույն կրթության մասին օրենքում սահմանած ուսանողական կառույցների ձևավորման սկզբունքները։
Ակնկալվող արդյունքներ՝
- Հետազոտության մեթոդաբանության ներկայացում և հաստատում,
- Հետազոտական զեկույցի նախնական տարբերակի ներկայացում,
- Ծրագրում ներգրավված կողմերի դիտարկումների հիման վրա մշակված առաջարկությունների ներառում վերլուծական զեկույցի վերջնական տարբերակի մեջ,
- Վերլուծական զեկույցի վերջնական տարբերակի ներկայացում։
Պահանջվող որակավորումներ.
- Հասարակական գիտությունների շրջանակներում (կրթության կամ հարակից ոլորտներում) հետազոտական աշխատանքի փորձ,
- Հետազոտական և վերլուծական աշխատանքներ կատարելու հմտություններ,
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը և անհրաժեշտ փաստաթղթերը․
Մրցույթին կարող են դիմել անհատ հետազոտողներ և հետազոտական խմբեր։ Կարող են մասնակցել նաև ուսանողներն, որոնք ունեն նմանատիպ հետազոտություններ իրականացնելու բավարար փորձ։ Խնդրում ենք նամակն ուղարկել Անի Թովմասյանին՝ [email protected] էլ․ հասցեով, վերնագրելով «Դիմորդի անուն-ազգանուն_արտաուսումնական ուսանողական գործունեության կազմակերպման ձևեր և մոդելներ», կցելով.
- Դիմորդի կամ դիմորդների խմբի ինքնակենսագրական(ներ)ը (CV),
- Հետազոտության հակիրճ նախագիծը, ներառյալ հետազոտության մեթոդաբանությունը և ժամանակացույցը,
- Նախկինում կատարված հետազոտական աշխատանք(ներ)ի օրինակ(ներ),
- Հետազոտության նախնական բյուջեի առաջարկ։
Հետազոտության ընդհանուր բյուջեն չպետք է գերազանցի 2,300,000 (համախառն) ՀՀ դրամը։ Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 25, 2021 թ.
Աշխատանքների նախընտրելի մեկնարկը՝ օգոստոսի 1, 2021 թ.
Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը՝ օգոստոսի 1, 2021թ - հոկտեմբերի 31, 2021թ․(3 ամիս)
***
Այս ուսումնասիրությունն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)։
[1] Ս․թ․ մարտի 24-ին, Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Օրենքի փոփոխություններն դեռևս ուժի մեջ չեն մտել, քանի որ ապրիլի 22-ին ՀՀ նախագահը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարանին Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու համար: