Քննադատական մտածողության դպրոց․ մասնակցության հրավեր (փակված)

CTS_ann
cts_logo

 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են Շիրակի մարզում բնակվող 18-25 տարեկան երիտասարդներին և ուսանողներին մասնակցելու կրթության հիմնահարցերին նվիրված «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 25-ից 27-ը, Գյումրիում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության և տեղեկատվական հոսքերի վերլուծական հմտությունների զարգացման հիմունքները։

Դպրոցի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու քննադատական մտածողության մեթոդաբանությանը, ձևավորելու տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման հմտություններ։ Դասընթացի ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի կրթական հիմնախնդիրների, ուսանողական ժողովրդավարության հիմունքների քննարկմանը և բուհերի կառավարման գործում ուսանողների ներգրավման հարցերին։ Դասընթացի մեթոդաբանությունը մասնակցային է և ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ, գործնական աշխատանք։ Քննադատական մտածողության դպրոցի մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։

Դպրոցի խնդիրներն են․

  • Խթանել քննադատական մտածողության զարգացումը և վերլուծական հմտությունների ձևավորումը։
  • Տրամադրել համապատասխան գիտելիքներ ինֆորմացիոն հոսքերում ճիշտ կողմնորոշվելու համար։
  • Անդրադառնալ Հայաստանի բուհական համակարգում ուսանողական ժողովրդավարության հարցերին, խոչընդոտներին և հնարավորություններին։                                         

Դիմելու կարգը

Մասնակցել ցանկացողները (18-25 տարեկան) պիտի մինչև ս.թ. օգոստոսի 11-ը ներառյալ ուղարկեն ինքնակենսագրական (CV) Անահիտ Խաչատրյանին՝ [email protected] էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Քննադատական մտածողության դպրոց. Դիմորդի Անուն Ազգանուն» և լրացնել առցանց հայտը:

Դպրոցի հետ կապված հարցերի դեպքում, խնդրում ենք գրել Անահիտ Խաչատրյանին՝ [email protected]  էլ. հասցեով։

Մասնակցության պայմանները

Մասնակցությունը դասընթացին անվճար է։ Շիրակի այլ բնավայրերից Գյումրի հասնելու ճանապարհածախսը կփոխհատուցվի կազմակերպիչների կողմից։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր (10:00-19:00): Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր:

***

Այս դպրոցն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը  համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)։