Հայտերի ընդունման հրավեր․ Փորձագետների ներգրավում ՏԻՄ կարողությունների զարգացման համար

Goris_ExpertGoris_Expert

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի հետ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է փորձագետների ներգրավման մրցույթ Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ կարողությունների և ընթացակարգերի զարգացման նպատակով։

Ծրագրի նշված բաղադրիչը նպատակ ունի բարելավել ՏԻՄ կանոնակարգերը հետևյալ երեք ուղղություններից որևէ մեկով՝

  1. ՏԻՄ-ի և բնակիչների, նաև համայնքի այլ դերակատարների միջև հաղորդակցության համակարգի, տեղեկատվության բարելավման մեխանիզմների ստեղծում։
  2. Համայնքում բազմաոլորտային համագործակցությունը խթանող մեխանիզմների ձևավորում (օրինակ՝ մասնավոր հատվածի կամ կրթական հաստատությունների և ՏԻՄ միջև)։
  3. ՏԻՄ գործունեությանն աջակցելու համար կամավորների ներգրավման մեխանիզմի և ընթացակարգի ներդրում։

Աշխատանքի նկարագրությունը

Ծրագրի այս բաղադրիչը իրականացվելու է երեք հիմնական փուլերով՝

  1. Աշխատանքային քննարկում ՏԻՄ ներկայացուցիչների և համայնքի այլ խմբերի հետ՝ կարիքների ձևակերպման և լուծումներ առաջարկելու ուղղությամբ,
  2. Փաստաթղթերի և կանոնակարգերի ուսումնասիրություն,
  3. Քննարկման արդյունքների հիման վրա կանոնակարգի/ առաջարկությունների  մշակում և պիլոտավորում` ՏԻՄ ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։

Փորձագետների դերն է միջոցառման ընթացքում մոդերացնել համապատասխան խմբի աշխատանքը, օգնել խմբի մասնակիցներին քննարկել և ձևակերպել հիմնական կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ։ Բաղադրիչի երկրորդ հատվածում ակնկալվում է աշխատանք խմբի անդամների հետ՝ Գորիսի համայնքապետարանի համար կիրառելի ընթացակարգի ստեղծման նպատակով։

Ցանկալի է, որ դիմորդները պատկերացում ունենան տեղական ինքնակառավարման ոլորտի, մասնակցային գործիքների, ՏԻՄ գործառույթների, ինչպես նաև`ընթացակարգերի ստեղծման մասին։

Աշխատանքի ակնկալվող ծավալը կազմում է․

  • 1-2 օր նախապատրաստական աշխատանքների համար,
  • 1-2 օր  Գորիսում քննարկումն անցկացնելու համար,
  • 2-3 օր` առաջարկությունների ամփոփման, ընթացակարգի/ մեխանիզմների ստեղծման կամ վերանայման և ՏԻՄ-ին ներկայացնելու համար։

 

Ովքե՞ր կարող են դիմել

ԵՀՀ-ն ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքելու երեք տարբեր փորձագետների հետ, ովքեր ունեն համապատասխան փորձ նշված երեք ուղղություններից որևէ մեկով։ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնագիտական ինքնակենսագրական (CV) և ուղեկցող նամակ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ․հասցեով, նամակի վերնագրում գրելով՝ Փորձագետ_անուն ազգանուն։

Նամակում խնդրում ենք նկարագրել (1) համապատասխան փորձը, (2) առաջարկվող ծառայության կառուցվածքը, (3) բյուջեն և (4) աշխատանքի ծավալը։

Խնդրում ենք ձեր առաջարկում չներառել առաջադրանքի հետ կապված ճանապարհածախսի, գիշերակացի և կազմակերպչական այլ ծախսեր։

 

Աշխատանքի ժամկետները

Առաջադրանքը նախատեսվում է իրականացնել  2025թ-ի հունվարից - մայիս ընկած ժամանակահատվածում։

Դիմելու վերջնաժամկետն է ս.թ.  դեկտեմբերի 26-ը:

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրերի համակարգող Տաթևիկ Փափազյանին՝ [email protected] էլ․հասցեով կամ +374 93 251596 հեռախոսահամարով։

 

***

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: