Ուսանողական ժողովրդավարություն․ Դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման հրավեր

renewfrony
logfrom

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի[1] շրջանակներում հրավիրում են ուսանողական և երիտասարդական կազմակերպություններին, ուսանողական ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներին և նախաձեռնող խմբերին դիմելու «Ուսանողական ժողովրդավարություն» մրցութային դրամաշնորհային ծրագրին։

Դրամաշնորհի նպատակն է՝  զարգացնել ուսանողների ինքնակազմակերպման գործընթացը և միտված է աջակցելու ծրագրի ընդհանուր նպատակին, այն է՝ պաշտպանել երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնել ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝  խրախուսելով նրանց մասնակցությունը   հանրային կյանքին։ Դրամաշնորհների միջոցով նախատեսվում է աջակցել այն գաղափարների իրագործմանը, որոնք կնպաստեն՝

  • ուսանողների, երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքականություն մշակողների միջև աշխատախմբերի ստեղծմանը՝ երկխոսություն հաստատելու համար
  • ուսանողական ժողովրդավարությանը, ԲՈՒՀ-աշխատաշուկա կապի լավացմանը, քաղաքականության և իրավական վերլուծությունների և ուսանողների իրավունքների պաշտպանության , իրականացմանը
  • ուսանողական ինքնակազմակերպմանը
  • ուսանողների՝ իրենց իսկ վերաբերող քաղաքականության մշակման և շահերի պաշտպանության աշխատանքների ներգրավմանը
  • նորարարական էլեկտրոնային գործիքների զարգացմանը և հանրայնացմանը, որոնք ուղղված կլինեն համալսարանական կառավարման մեջ ուսանողական ինքնակազմակերպմանը, որոշումների կայացմանը և քաղաքականության մշակմանը։
  • ուսանողներին համալսարանի կառավարման գործընթացներում ներգրավմանը:

Ծրագրերը և/կամ ծրագրերում նշված գործողությունները չպետք է հակասեն ՀՀ օրենքներին, պետք է պահպանեն քաղաքական և կրոնական չեզոքություն և համապատասխանեն ԵՀՀ և ԵՄ արժեքներին, ինչպիսիք են հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, գենդերային հավասարությունը, ներառականությունը, հանդուրժողականությունը, հարգանքը շրջակա միջավայրի նկատմամբ, և այլն։

Ընդունելի ծախսեր են համարվում անձնակազմի աշխատավարձերը,  փորձագետների հոնորարները, հաղորդակցության և լոկալ ճանապարահորդական ծախսերը, ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ սահմանափակ քանակության սարքավորումների գնումը, ծրագրային և գրենական պիտույքների ձեռք բերումը, կոնֆերանսի հարմարությունների, թարգմանությունների սարքավորումների վարձույթը և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր։

Ֆինանսավորման ենթակա չեն այն գործողությունները, որոնք չեն համապատասխանում սույն հայտերի ընդունման հրավերի տեքստում նշված գաղափարների իրագործման շրջանակներին և/կամ չեն համապատասխանում դրամաշնորհի հիմնական պայմաններին։ Ընդունելի չեն համարվում սարքավորումների գնումը, շինարարական , միջազգային ճանապարհորդության ծախսերը, և նախագծի իրականացման հետ անմիջականորեն չառնչվող այլ ծախսեր։

 

Համապատասխանության չափանիշները

Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդական կազմակերպությունները, նախաձեռնող խմբերն ու ոչ ֆորմալ նախաձեռնությունները։ Կազմակերպությունների դեպքում անհրաժեշտ է, որ երիտասարդության և ուսանողության շրջանում իրականացվող աշխատանքը սահմանված լինի որպես կանոնադրական նպատակ, ինչպես նաև կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնի երիտասարդների և ուսանողների ակտիվ ներգրավմամբ։ Խմբերի և նախաձեռնությունների պարագայում անհրաժեշտ է, որ դրանց կողմից առաջարկվող ծրագրային գործողությունները թիրախավորեն վերը նշած գաղափարները և իրականացվեն հայաստանյան բուհերից որևէ մեկում կամ մի քանիսում։

Մրցույթին յուրաքանչյուր դիմող կարող է դիմել մեկ հայտով որպես առանձին կազմակերպություն կամ նախաձեռնություն։ Առաջարկվող ծրագրով չեն կարող դիմել կոնսորցիումները։ Կազմակերպությունների պարագայում ներդրումը դրամաշնորհային գումարի առնվազն 10 տոկոսի չափով պարտադիր է։

 

Դրամաշնորհի հիմնական պայմանները

  • Դիմումների ներկայացման վերջնաժամկետը` սեպտեմբերի 20, 2022 թ.։
  • Մրցույթի շրջանակներում կֆինանսավորվի մինչև 10-15 ծրագիր  1,660,000 - 3,300,000 ՀՀ դրամ բյուջեով:
  • Ծրագրերի տևողությունը՝ առավելագույնը 12 ամիս:

Ընտրող հանձնաժողովն իրավունք է վերապահում ավելի քիչ թվով ծրագրեր ֆինանսավորել, սահմանված պահանջներին չհամապատսխանող ծրագրերի պարագայում։

Ընտրված ծրագրերի իրականացման ժամանակ պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ ԵՄ-ի կողմից ծրագրի ֆինանսավորման տեսանելիությունն ապահովելու համար։

 

Ինչպե՞ս դիմել

Մինչև վերջնաժամկետը` 2022 թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ, անհրաժեշտ է դրամաշնորհի ծրագրի հայտը և պահանջվող կից փաստաթղթերը ուղարկել [email protected] էլ. հասցեին, վերնագրի տողում նշելով՝ Student Democracy_ձեր կազմակերպության կամ նախաձեռնության անունը (լատինատառ): Ծրագրերի ընտրությունը նախատասվում է կատարել 2022թ․ սեպտեմբեր ամսին, իսկ հայտատուի հետ հետադարձ կապը և ծրագրի մեկնարկը՝ 2022թ․ հոկտեմբերին և նոյեմբերին։

Դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման հրավերի և մանրամասների վերաբերյալ ԵՀՀ-ն սեպտեմբեր ամսին կկազմակերպի տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ համառոտ կներկայացվի «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, ինչպես նաև հարց ու պատասխանի ձևաչափով ԵՀՀ-ն կպատասխանի դիմումների ներկայացման գործընթացի և ընթացակարգի վերաբերյալ մասնակիցների հարցերին։ Տեղեկատվական հանդիպման ամսաթվի և հանդիպման վայրի մանրամասներին տեղեկանալու համար անհրաժեշտ է հետևել ԵՀՀ-ի կայքէջին և սոցիալական ցանցերին։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

  1. Ծրագրի հայտը
  2. Ծրագրի բյուջեն և բյուջեի մեկնաբանությունը
  3. Ծրագրի տրամաբանական աղյուսակը
  4. Ծրագիրն իրականացնող անձանց ինքնակենսագրականները (CV)
  5. Հավելյալ փաստաթղթեր՝ 
  • երբ դիմողը կազմակերպություն է, անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն, կանոնադրության տիտղոսաթերթի պատճեն, որում արտացոլված են նպատակներն ու առաքելությունը
  • երբ դիմողը նախաձեռնող խումբ է, անհրաժեշտ է ներկայացնել ղեկավարի անձնագրի պատճեն

 

Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները

Չափանիշ

Միավոր

Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը/համաչափությունը

25

Ծրագրի ակտուալությունը և կարևորությունը

30

Ծրագրի արդյունավետությունն ու իրագործելիությունը

25

Ծրագրի շարունակականությունը

15

Դիմորդի ֆինանսական և օպերացիոն կարողությունները

5

Ընդհանուր

100

 

Դրամաշնորհը տրվելու է մրցութային կարգով։ Ստացված բոլոր հայտերը, որոնք կհամապատասխանեն մրցույթի պայմաններին, գնահատվելու են ԵՀՀ մասնագետներից և գործընկերներից կազմված հանձնաժողովի կողմից՝ հիմք ընդունելով գնահատման չափանիշները։

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար  Նիկոլայ Հովհաննիսյանին, էլ․հասցե՝  [email protected]։

 

***

«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

 

 

[1] Ծրագիրը նպատակ ունի պաշտպանելու երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնելու ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝ հանրային գործերում նրանց ներգրավմանը խրախուսելով։ Ծրագիրն անդրադառնում է մարտահրավերների լայն շրջանակի, որոնց հետ բախվում են հայ երիտասարդները, սկսած ուսանողական խորհրդի մանդատների և գործառույթների մասին իրենց անտեղյակությունից, մինչև իրենց՝ նոր կրթական համակարգի զարգացմանն ուղղված քաղաքականության քննարկումներին և մշակմանը նշանակալի մասնակցությունից։