«Ճգնաժամի հասցեագրում․ Երկրորդ փուլ» ծրագրի շրջանակներում «Արագ արձագանք» դրամաշնորհների մրցույթի հրավեր ԵՀՀ-ի կողմից (փակված է)

epf_crisis_response_granting_opportunity

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ/EPF) հրավիրում է ՀԿ-ներին, շահույթ հետապնդող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց դիմելու «Արագ արձագանք» դրամաշնորհների մրցույթին:

 

«Արագ արձագանք» դրամաշնորհների մրցույթն իրականացվում է «Ճգնաժամի հասցեագրում․ Երկրոդ փուլ» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից:

 

Հետաքրքրված հայտատուները պետք է ԵՀՀ-ին ներկայացնեն իրենց նորարարական ծրագրային գաղափարները, որոնք անդրադառնում են ընթացիկ ճգնաժամին` ներառյալ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Ծրագիրը պետք է համապատասխանի հետևյալ երեք թեմատիկ ուղղություններից մեկին կամ մի քանիսին` Ճգնաժամի հասցեագրում, Կոնֆլիկտի տրանսֆորմացիա և Մարդու իրավունքների պաշտպանություն։

 

Դիմելու և ընտրության գործընթացը.

 

Դրամաշնորհների մրցույթը բաց է հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը: Դրամաշնորհային հայտը պետք է ներկայացնել ըստ «Հավելված 1․ Հայտադիմումի ձև»-ի` ուղարկելով այն [email protected] հասցեով մինչև հետևյալ միջանկյալ վերջնաժամկետներից մեկը` 2023 թ. մայիսի 19, հունիսի 19 կամ սեպտեմբերի 19: ԵՀՀ-ի աշխատակազմը ընտրված հայտատուների հետ քննարկելու է ներկայացված ծրագրերը՝  դրանք վերանայելու և ավարտուն տեսքի բերելու համար, ծրագրերի որակն ու ազդեցությունն ապահովելու նպատակով:

 

ԵՀՀ-ն հետաքրքրված հայտատուների համար կազմակերպելու է առցանց տեղեկատվական հանդիպում: Հանդիպմանը մասնակցելու համար հայտատուն պետք է կարճ ծանուցում ուղարկի ԵՀՀ ծրագրերի համակարգող Սարինե Հայրիյանին  ([email protected])` վերը նշված միջանկյալ վերջնաժամկետներից առնվազն չորս շաբաթ առաջ:

 

Գնահատման հիմնական չափանիշներն են.  

 

ա) որքանով են նշանակալի և իրատեսական ծրագրի արդյունքները,

բ)  որքանով է նախագիծն իրագործելի,

գ)  որքանով է նախագիծն անդրադառնում հակամարտությունից տուժած մարդկանց ու տեղական համայնքների կարիքներին՝ շոշափելի ազդեցություն ունենալով նրանց կյանքի բարելավման վրա,

դ) որքանով նախագծի գործողությունները չեն առաջացնում բացասական հետևանքներ,

ե)  որքանով են նախագծի ծախսերն ու ռեսուրսները համապատասխանում ակնկալվող արդյունքներին:

 

Դրամաշնորհի տրամադրման գործընթացը․

 

Գնահատման արդյունքում ընտրված հայտատուները  կմասնակցեն հարցազրույցի։ Դրամաշնորհ տալու որոշումը կարող է չեղարկվել, եթե հարցազրույցից պարզ դառնա, որ հայտատուն չունի բավարար կարողություններ նախագիծն իրականացնելու համար։

 

Դրամաշնորհ ստացած հայտատուները պետք է մասնակցեն դրամաշնորհների կառավարման (ԴԿ) թեմայով դասընթացին՝ դրամաշնորհի ծրագրային և ֆինանսական կառավարման ԵՀՀ պահանջներին ծանոթանալու համար:

 

Նախագծի իրագործման ընթացքում շահառուները պարբերաբար ֆինանսական ու բովանդակային հաշվետվություններ են ներկայացնելու ԵՀՀ, որոնց հաստատումից հետո միայն իրականացվելու է ֆինանսական միջոցների հաջորդ փոխանցումը: ԵՀՀ Ծրագրերի ղեկավարները պարբերաբար այցեր են կատարելու շահառուներին: Ինչպես ծրագրի մյուս բաղադրիչներն, այնպես էլ ֆինանսավորվող նախագծերը ենթակա են արտաքին ծրագրային գնահատման և ֆինանսական աուդիտի:

 

ԵՀՀ-ն շահառուներին կաջակցի և կուղղորդի հաղորդակցության և լուսաբանման առանձնահատկությունների հարցերում: Ծրագրի ողջ ընթացքում ԵՀՀ-ն շահառուներին կներգրավի մի շարք օժանդակ աշխատանքների և միջոցառումների մեծ, օրինակ` կարողությունների զարգացման դասընթացներ, ռազմավարական քննարկումներ և այլն, դրամաշնորհառուները պետք է պատրաստ լինեն ապահովել համապատասխան աշխատակիցների մասնակցությունն այդ միջոցառումներին:

 

Դրամաշնորհային հայտեր ներկայացնելու հիմնական ժամկետները.

 

 

  • 2-րդ միջանկյալ վերջնաժամկետը` 2023 թ. հունիսի 19
  • 2-րդ առցանց տեղեկատվական հանդիպումը` 2023 թ. մայիսի 29

 

  • 3-րդ միջանկյալ վերջնաժամկետը` 2023 թ. սեպտեմբերի 19
  • 3-րդ առցանց տեղեկատվական հանդիպումը` 2023 թ. օգոստոսի 29

 

 

  • Ներկայացվող  նախագծի բյուջեն չպետք է գերազանցի 10,000,000 ՀՀ դրամը (նախընտրելի են փոքր բյուջեով ծրագրերը, բացառիկ դեպքերում կարող է տրամադրվել ավելի մեծ գումար):

 

  • Ակնկալվում է, որ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուները կներկայացնեն ավելի փոքր ծավալի նախագծեր (համեմատաբար փոքր բյուջեով` առավելագույնը 2.000.000 մլն ՀՀ դրամի չափով), որոնք հնարավոր կլինի կառավարել մեկ անձի կողմից,  օրինակ`գրքի հեղինակում և հրատարակում, հետազոտություն, մուլտիմեդիա նյութի ստեղծում և այլն:

 

  • Նախագծերի տևողությունն առավելագույնը 12 ամիս է:

 

  • Դրամաշնորհային հայտերը կարող են ներկայացվել անգլերեն կամ հայերեն ։

 

Ո՞վ կարող է դիմել․

 

Մրցույթին իրավունք ունեն դիմել շահույթ չհետապնդող կազմակերպությունները (ՀԿ-ներ, հիմնադրամներ), շահույթ հետապնդող կազմակերպությունները[1] (օր.` լրատվական կազմակերպությունները, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները) և ֆիզիկական անձինք։

 

Նախապատվությունը կտրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջերս գրանցված ռազմական էսկալացիայի ազդակիր շրջաններից դիմող հայտատուներին և նորեկներին[2]։ Օտարերկրյա հայտատուները պետք է հիմնավորեն, թե իրենց մասնակցությունն ինչ հավելյալ արժեք կունենա տեղացի դերակատարների համար:

 

Ինչպե՞ս դիմել․

 

Դրամաշնորհային հայտի փաթեթը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին` թեմայի տողում նշելով «Rapid Response»_[կազմակերպության անվանումը/_անհատի անուն ազգանունը] (լատինատառ):

 

Հարցերի և պարզաբանումների համար դիմել`

 

  • Սարինե Հայրիյանին` [email protected] հասցեով կամ +37410251575 հեռախոսահամարով
  • Լիլիթ Արզոյանին` [email protected] հասցեով կամ  +37410251575 հեռախոսահամարով:

 

Պահանջվող փաստաթղթեր

(Հայտադիմումի և բյուջեի/բյուջեի բացատրական մասի ձևանմուշները կարելի է ներբեռնել՝ անցնելով այս հղումով)

 

  1. Հայտադիմում` լրացված ըստ «Հավելված 1․ Հայտադիմումի ձև»-ի
  2. Նախագծի բյուջե և բյուջեի բացատրական մաս` լրացված ըստ «Հավելված 2․ Բյուջեի ձև»-ի
  3. Ծրագիրն իրականացնողների կենսագրությունները (CV-ներ)
  4. Կարող եք կցել լրացուցիչ փաստաթղթեր կամ նյութեր, որոնք ուղղակիորեն առնչվում կամ հիմնավորում են նախագծի որևէ գործողություն կամ նախկին փորձառություն:

 

Գնահատման գործընթացը հաջողությամբ անցած հայտատուները պետք է ներկայացնեն լրացուցիչ փաստաթղթեր՝ ներառյալ.

 

  1. Եթե հայտատուն կազմակերպություն է՝ կազմակերպության հարկային պարտավորություն չունենալու մասին տեղեկանք,
  2. Շահույթ չհետապնդող, շահույթ հետապնդող կազմակերպությունների և անհատների դեպքում` բանկային հաշիվների (ՀՀ դրամ և եվրո[3]) մասին տեղեկանք։

 

 

Ուշադրություն. Ծրագիրը չի նախատեսում մարդասիրական օգնության տրամադրում:

 

 

[1] Շահույթ հետապնդող կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհները չպետք է ունենան շահույթ ստանալու նպատակ կամ արդյունք:

[2] Այն դիմորդներին, ովքեր նախկինում երբևէ չեն համագործակցել ԵՀՀ-ի հետ։

[3] Եթե կիրառելի է: