Ի՞նչ է ընտանեկան բռնությունը. խնդիրների ու գործոնների, օրինակ՝ աղքատության խթանմամբ առաջացող երևո՞ւյթ, թե՞ ընտանիքի անդամների ազատ գոյատևմանը և գործունեության ծավալմանը սպառնացող վտանգ, որը, գլուխ բարձրացնելով ընտանեկան միջավայրում, բռնության ենթարկվողներին դատապարտում է աղքատության: Հետազոտությամբ դիտարկվել է ընտանեկան բռնության ևաղքատության կապը, վերջիններիս փոխկապակցված լինել կամ չլինելը, ինչպես նաև քննարկման առարկա է դարձել աղքատության և բռնության փոխկապակցման շղթան: Բռնությունը ընտանիքում բռնություն գործադրողի կողմից ուժի, իշխանության և վերահսկման հաստատման երևույթ է: Ընտանեկան բռնությունը մարդու իրավունքների ևազատությունների խախտում լինելու հետ մեկտեղ նաև խոչընդոտ է այլ հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման համար: Ընտանեկան բռնության առանձնահատկությունների ուսումնասիրությամբ վեր է հանվել, որ աղքատության գործոնի ազդեցությունը կարող է որոշակիորեն արտացոլվել արդեն իսկ բռնության խնդիրների բախված ընտանեկան միջավայրում՝ ազդելով բռնության դրսևորման ձևի կամ էսկալացման, սակայն ոչ բուն բռնության գործադրման վրա: Աղքատ և հնարավորություններից զերծ մարդիկ ավելի խոցելի են բռնության դրսևորումների նկատմամբ: Չկա հստակ պատճառահետևանքային կապ այն իմաստով, որ աղքատությունը պարտադիր կերպով դառնա բռնության պատճառ: Սակայն կան բազում իրադրություններ, երբ աղքատության գործոնն ավելացնում է բռնության հավանականությունը: Ավելին՝ բռնության միջավայրում, որպես կանոն, առկա է լինում աղքատության խնդիր: Բռնության՝ աղքատության վրա ազդեցությունն աղքատությունը խորացնելու ուղղությամբ ստեղծում է բռնության մշակույթը և աղքատությունը համակարգված ռազմավարությամբ միաժամանակ հասցեագրելու կարիք:
Բռնության մշակույթը Հայաստանում գիրքն ամբողջությամբ հասանելի է այստեղ։