«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացնում է «Սոցիո-էկո» կոնսորցիումը «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել սոցիալ-էկոլոգիական քաղաքականություններ բացասական էկոլոգիական ազդեցության գոտում գտնվող համայնքների համար։ Դա իրականացնելու նպատակով «Սոցիո-էկո» կոնսորցիումի կողմից մասնակցային եղանակով ստեղծվել է համայնքների «Էկոլոգիական և սոցիալական քաղաքականության գնահատման» տվյալների հավաքման Գործիք/Ձևաչափը: “Մեթոդաբանությունը համապատասխանում է Եվրոպական ներդրումային բանկի, Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի և Հյուսիսային ներդրումային բանկի, նախկինում հաստատված և 2019թ. թարմացված Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի/ԵԶՎԲ/) կողմից ընդունված՝ շրջակա միջավայրի պահպանության, Էկոլոգիական և սոցիալական քաղաքականության սկզբունքներին և պահանջներին։ Այդ սկզբունքները կիրառվում են Հայաստանում իրականացվող նախագծերի նկատմամբ և հարմարեցված են ազգային օրենսդրությանը և ՀՀ կողմից վավերացված միջազգային փաստաթղթերին՝ կոնվենցիաներ դիրեկտիվներ, համաձայնագրեր”: Գործիք-ձևաչափի միջոցով հավաքված տվյալներն ամփոփելիս հատուկ ուշադրություն է դարձվելու պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների համադրությանը, որի միջոցով ապահովվելու են տեղեկության ճշգրտությունը և անկողմնակալությունը։ Վերլուծության արդյունքները հնարավորություն կտան գնահատելու յուրաքանչյուր համայնքի սոցիալ-էկոլոգիական վիճակը և կարողությունները, ձևավորելու առաջարկներ, որոնք կներկայացվեն ՏԻՄ-երին՝ իրենց հնգամյա զարգացման ծրագրերում դրանք ներառելու/հաշվի առնելու նպատակով: Կիրականացվեն իրազեկման բարձրացման աշխատանքներ՝ վերլուծության արդյունքների և դրանց կարևորության մասին տեղեկությունը թիրախային լսարանին հասցնելու նպատակով: