Քաղաքական կուսակցությունները որոշիչ նշանակություն ունեն ժողովրդավարական համակարգերի զարգացման և ամրապնդման գործընթացներում: 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով Հայաստանի Հանրապետությունը անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի, որի արդյունքում զգալիորեն ընդլայնվում է քաղաքական կուսակցությունների դերը երկրի կառավարման և քաղաքականությունների մշակման համակարգում: Հայաստանում կուսակցական համակարգի կայացումն ու զարգացումը դառնում է խորհրդարանական կառավարման համակարգի պատշաճ գործառման հրամայական: Այնուհետև 2021 թվականին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը և ներդրվեց պարզ համամասնական ընտրական համակարգը, որն ուղղված էր կուսակցությունների և կուսակցական համակարգի կայացմանը և քաղաքական ու գաղափարախոսական օրակարգերի առաջնայնության ապահովմանը: Նույն թվականին առաջին անգամ համամասնական ընտրական համակարգով տեղի են ունենում ՏԻՄ ընտրությունները, որոնք ընդլայնում են կուսակցությունների ազդեցությունը համայնքային մակարդակի քաղաքականությունների մշակման ու որոշումների կայացման գործընթացներում: Վերոնշյալ ժամանակաշրջանում «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները նույնպես կարևոր ազդեցություն են թողում Հայաստանում կուսակցական համակարգի զարգացման վրա: Այնուամենայնիվ, կուսակցությունների քաղաքական պատասխանատվության ընդլայնմանն ու նրանց դերակատարության բարձրացմանը զուգահեռ, վերջիններիս հետ և միջև չի հաստատվել արդյունավետ քաղաքական համագործակցություն և երկխոսություն: Ներկա անցումային ժողովրդավարության և հետպատերազմյան շրջանում մեծապես կարևորվում է այսպիսի համագործակցության դերը, քանի որ երկխոսությունն ապահովում է ոչ միայն քաղաքակությունների մշակման գործընթացի թափանցիկությունն ու ներառականությունը, այլև խթանում է բովանդակալից հանրային դիսկուրսի և քաղաքական երկխոսության մշակույթի ձևավորմանը: