Հետազոտությունը վերաբերում է Հայաստանում առկա խնդիրներից մեկին՝ կոշտ կենցաղային թափոնների (այսուհետ` ԿԿԹ) հավաքին ու տեսակավորմանը, ինչը թափոնների արդյունավետ վերամշակման հիմնարար նախադրյալներից է: 2020 թվականի դեկտեմբերից քաղաքային նոր պիլոտային ծրագրով Երևանի վարչական շրջաններում սկսել են տեղադրվել թափոնների տեսակավորման համար նախատեսված թափոնամաններ: Ծրագիրը նպատակ ունի բարելավել քաղաքի ԿԿԹ կառավարման հարցը և ներմուծել վերամշակման մշակույթ: Մի շարք ՔՀԿ-ներ և հետազոտական կենտրոններ իրենց աշխատանքներով աջակցում են երկրում ԿԿԹ կառավարման ջանքերին` տեսակավորված հավաքների կազմակերպման միջոցով, հասարակության շրջանում վերամշակման մշակույթի մասին իրազեկման արշավներ անցկացնելով, թափոնների կառավարման լուծումներ առաջարկելով և այլ հարակից թեմաներով ուսումնասիրություններ անելով: