Աշխարհի շատ երկներում երիտասարդներն ու երեխաները կազմում են տվյալ տարածքում ապրող ազգաբնակչության մի մասը (երբեմն նաև մեծամասնությունը)։ Հետաքրքրական է, որ ռազմական բախումների և/կամ հակամարտությունների ընթացքում բնակչության վերոնշյալ շերտն ամենից շատն է ազդեցություն կրում տվյալ գործողություններից: Ինչու՞ է անհրաժեշտ կենտրոնանալ երեխաների ու երիտասարդների վրա. քանի որ նրանք հասարակության այն շերտն են կազմում, որոնք ավելի խոցելի ու անպաշտպան են, նրանց անհրաժեշտ է հոգածության ու խնամքի ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև որոշ դեպքերում նրանք կարող են ուղիղ թիրախավորման ենթարկվել և/կամ ներգրավվել հենց բուն ռազմական գործողությունների մեջ։
Այս ազդեցություններն ու հետևանքները կարելի է բաժանել մի քանի շերտի՝ ինչպես օրինակ երեխաները, որպես զինվորներ, ներգրավվում են ռազմական գործողությունների մեջ, զրկվում են կյանքից, ֆիզիկական և հոգեբանական տարբեր կտտանքների ու խոշտանգումների են ենթարկվում, բաժանվում են իրենց ընտանիքներից (ինչպես նաև կորցնում են ընտանիքի անդամներին), և ի վերջո խախտվում են այդ երեխաների ու երիտասարդների մի շարք իրավունքներ, այդ թվում՝ առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության և մի շարք այլ իրավունքներ։