Յուրաքանչյուր համայնքի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է լինում մշակել ծրագիր, որը հստակ կարտացոլի տվյալ համայնքի զարգացման տեսլականը, կսահմանի նպատակներ և իրատեսական խնդիրներ՝ առանձնացնելով գործնական քայլեր դրանց հասնելու համար։ ՀՀ համայնքներում կառավարման արդյունավետության ապահովման համար հինգ տարի պարբերականությամբ կազմվում են համայնքի զարգացման ծրագրեր (այսուհետ՝ ՀԶԾ)։ Համաձայն ՀՀ ՏԻՄ մասին օրենքի Հոդված 82-ի՝ «Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալտնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը» 1 ։ ՀԶԾ-ն հանդիսանում է համայնքի ռազմավարական ծրագրի բաղկացուցիչ մասը և միջնաժամկետ պլանավորման ձև է, որը գործնական մակարդակի վրա է դնում ռազմավարական ծրագրի տեսլականը, նպատակներն ու խնդիրները։