20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի առանցքային զարգացումներից է կամավորական պրակտիկաների համընդհանրացումը՝ «կազմակերպված կամավորական գործունեության տարածումն աշխարհի բոլոր կետերում (Salamon et al., 2003)»: «Կամավորության համաշխարհայնացումը» հռչակվել է 1997 թվականի նոյեմբերին, երբ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 2001 թվականը սահմանեց որպես «Կամավորների միջազգային տարի» 1 : Հասարակական հարաբերությունների անհատականացման արդի միտումներն էլ ավելի են ընդգծում բնույթով այլասիրական այնպիսի պրակտիկաների սոցիոլոգիական ուսումնասիրությունը, ինչպիսին կամավոր աշխատանքն է (Hustinx et al., 2010; Musick & Wilson, 2008; Wilson, 2000; Wilson & Musick, 1997): Կամավորականությունը հանդիսանում է մասնակցայնության, սոցիալական ներառականության, ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության կայացման առանցքային բնութագրիչներից մեկը։ Կամավորական պրակտիկաների համապարփակ ուսումնասիրությունը քաղաքացիական հասարակության կայացվածության և քաղաքացիական գիտակցության ձևավորվածության հասկացման ճանապարհն է: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր անհատական կամավորական ակտ կարող է դիտվել որպես շատ ավելի լայն սոցիալական կառուցվածքների բաղադրատարր (Piliavin et al., 2002)