Խոսքի ազատության երաշխիքի ապահովումը յուրաքանչյուր իրավական պետության պոզիտիվ պարտավորություններից է։ Սակայն, ինչպես ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածով ամրագրված արտահայտվելու ազատության, այնպես էլ Սահմանադրության 42-րդ հոդվածով նախատեսված կարծիքի արտահայտման ազատության իրավունքը բացարձակ չէ։ Այն վերջանում է այնտեղ, որտեղ այս իրավունքը միջամտում է այլոց հիմնական իրավունքներին ու ազատություններին և պարունակում է ատելություն։ Թեև այս սահմանն իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան հստակեցված չէ և հաճախ գործնականում դժվար է որոշել այն՝ պայմանավորված նաև «ատելության խոսք» ձևակերպման անորոշությամբ, իրավունքի գերակայության վրա հիմնված պետության պարտավորություններից է նաև այդ սահմանի պաշտպանությունը։ Այս առումով անհրաժեշտ է մի կողմից՝ ապահովել անձանց ազատ արտահայտման իրավունքը, մյուս կողմից՝ թույլ չտալ, որ այն վնաս պատճառի այլ անձանց պատվին, արժանապատվությանը և այլ հիմնարար իրավունքներին։