ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է մի շարք հիմնարար իրավունքներ, այդ թվում՝ արժանապատվության անխախտելիությունը, խտրականության արգելքը, ինչպես նաև առողջության պահպանման իրավունքը։ Վերջիններս համակցության մեջ թույլ են տալիս, որ նախ, յուրաքանչյուր ոք՝ անկախ իր կարգավիճակից, ունենա արժանապատվություն և առողջությունը պահպանելու իրավունք։ Բացի այդ, Սահմանադրության 86-րդ հոդվածը նախանշում է պետության քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնցից է նաև հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը։ Հետաքրքրական է, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որի 19-րդ հոդվածը մատնանշում է հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի անկախ ապրելու և համայնքում ներգրավելու իրավունքը։ Սույն իրավունքի հիմնական էությունն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք մնացած անձանց հետ համահավասար մասնակցեն համայնքային գործերին ինքնուրույնաբար, որոշեն իրենց բնակավայրը և այն անձանց շրջանակը, ում հետ բնակություն կհաստատեն, օգտվեն համայնքային ծառայություններից և հնարավորություններից։ Նույն կոնվենցիայով նախատեսվում են նաև սոցիալական ներառականության ապահովման այնպիսի պայմաններ, ինչպիսիք են՝ կրթությունը, աշխատանքը և զբաղվածությունը, կենսապահովման բավարար մակարդակն ու սոցիալական պաշտպանությունը, մասնակցությունը քաղաքական ու հասարակական կյանքում և այլն։