Սովորաբար խմբային տները (այսուհետ՝ Տներ) սահմանվում են որպես փոքր կեցության վայրեր, որոնք գտնվում են համայնքում և նախատեսված են ինչպես հաշմանդամություն ունեցող երեխաների, այնպես էլ չափահաս անձանց համար: Միջազգային պրակտիկայում այս տները սովորաբար ունենում են մինչև 6 բնակիչ, որտեղ շուրջօրյա աշխատում են վերապատրաստված աշխատակիցներ։1 Հարկ է նշել, որ տների նպատակն է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նվազագույն սահմանափակումներով միջավայրի ապահովումը և նրանց ներառումը համայնքում՝ նվազեցնելով առկա խտրական վերաբերմունքը և բարելավելով նրանց կյանքի որակը: Տները կարող են տեղակայվել ցանկացած սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող կառույցի հարևանությամբ: Խմբային տների խնդիրն է հնարավորինս ընտանեկան կյանքին մոտ միջավայր ստեղծելը, ինչպես նաև բնակիչների անկախության բարձրացումը։2 Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ տների մեծամասնությունը շահառուներին տրամադրում է երկարաժամկետ խնամք և աջակցություն, լավագույն հեռանկարն այն է, որ բնակիչների մեծ մասը ժամանակի ընթացքում ձեռք է բերում անհրաժեշտ հմտություններ, որոնց շնորհիվ հնարավորություն է ստանում տեղափոխվել և անկախության ավելի բարձր մակարդակով այլ ծառայություններից օգտվել: