Պետական գնումների համակարգն առանցքային դերակատարություն և նշանակություն ունի յուրաքանչյուր պետության և շուկայական տնտեսության համակարգում, որի հիմնական խնդիրը հասարակական և պետական կարիքների բավարարումն է: Պետական գնումների համակարգի նպատակային կառուցվածքն ու կայացվածությունն են մեծապես պայմանավորում նաև բյուջետային ծախսերի արդյունավետությունը: Պետական գնումների գործարքները կազմում են յուրաքանչյուր երկրի ՀՆԱ-ի և պետական բյուջեի ծախսի մեծ մասը: Ծախսերի այս մակարդակը միայն ծանրակշիռ պատճառ է պետական գնումների գործարկման արդյունավետությունը վերլուծելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին ՀՀ պետական գնումների համակարգում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնց հիմքում դրվել են շուկայական տնտեսվարման սկզբունքները, այնուամենայնիվ պետք է նշել, որ պետական գնումների համակարգում դեռևս աչքի են ընկնում այնպիսի թերություններ, ինչպիսիք են թափանցիկության, հրապարակայնության և մրցակցության ցածր մակարդակը, իսկ գնումների էլեկտրոնային համակարգը դեռևս օգտատերերի համար հանդիսանում է ոչ հանրաճանաչ, խրթին և դժվարամատչելի: Միևնույն ժամանակ պետական ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելը պահանջում է բյուջետային միջոցների առավել արդյունավետ և խնայողաբար օգտագործում: Դա, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում է պետական գնումների համակարգի բարեփոխում, որը հիմնված կլինի պետական կարիքների բավարարման գործընթացի համար պետական գնումների համակարգում որակական փոփոխությունների իրականացման, ինստիտուցիոնալ միջավայրի բարեփոխման վրա: