Այս ուսումնասիրության հիմնական նպատակն է վերհանել հայաստանաբնակ եզդիական համայնքներում արդի սոցիալ-մշակութային այն երևույթները, որոնց պատճառով սահմանափակվում և ոտնահարվում են եզդի աղջիկների և կանանց իրավունքները։ Հետազոտության մեջ քննության են առնվել հետևյալ խնդիրները.
- Ինչպե՞ս է ընկալվում կնոջ դերը եզդիական հասարակության մեջ։
- Ինչպե՞ս են ազդում վաղ ամուսնությունները և անավարտ դպրոցական կրթությունը եզդի կանանց՝ հասարակական կյանքում ունեցած դերի վրա։
- Ինչպե՞ս են խախտվում եզդի աղջիկ երեխաների իրավունքները և արդյո՞ք քայլեր են ձեռնարկվում պետության կողմից կանխարգելելու այդ խախտումները:
Ուսումնասիրությունն իրականացվել է 2019 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արմավիրի մարզի Ֆերիկ և Արագածոտնի մարզի Ալագյազ եզդիաբնակ համայքներում: Հետազոտության էմպիրիկ փուլի ընթացքում նշված համայնքներում, ինչպես նաև Երևանում իրականացվել են դիտարկումներ, խորքային և փորձագիտական հարցազրույցներ ու ֆոկուս-խմբային քննարկումներ համայնքի ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների, մարդաբանների, ՀՀ կառավարության ներկայացուցիչների, ինչպես նաև ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցների հետ: Ընդհանուր առմամբ հետազոտության ընթացքում իրականացվել են 17 խորքային հարցազրույցներ, 4 ֆոկուս-խմբային քննարկումներ դպրոցահասակ տղաների ու աղջիկների հետ և 6 փորձագիտական հարցազրույցներ։
Բացի դաշտային հետազոտական աշխատանքներից, ուսումնասիրվել է նաև տվյալ թեմայի վերաբերյալ առկա համապատասխան մասնագիտական գրականությունը և մի շարք արխիվային փաստաթղթեր։ Հետազոտական նյութի վերլուծության և համակարգման համար դուրս են բերվել հետևյալ ենթաթեմաները.
- Եզդիական կրոնը և համայնքի սոցիալական կառուցվածքը,
- Եզդի կնոջ դերը XIX դարի հասարակական կյանքում,
- Եզդի կնոջ դերը խորհրդային տարիների հասարակական կյանքում,
- Եզդիական/քրդական համայնքը հետխորհրդային առաջին տարիներին,
- Սոցիալական և կրթական խնդիրները հետխորհրդային Հայաստանի եզդիաբնակ համայնքներում,
- Վաղ ամուսնությունների խնդիրը եզդիական համայնքներում,
- Սոցիալական խնդիրների և կարիքների գնահատումը: