Facilitation. Gevorg Ter-Gabrielyan. Jam Session 44 (in Armenian)

23.12.2017

Այս տեսանյութը նկարահանվել է 2018 թ. հուլիսի 21-ին:

Տեսանյութի սղագրությունը

Պատրաստված՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից

Հրապարակված՝ մարտի 7, 2019

 

Պատրաստված՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից

Բանալի բառեր. Ֆասիլիտացիա, կոնֆլիկտ, անտոգոնիստական կոնֆլիկտ, կոնտեքստ, կոնտեքստի ընդլայնում, զրոյական գումարով արդյունք, tit for tat, ատամն ընդ ատաման, դրական գումարով արդյունք, կոմպրոմիս, ռացիոնալ մտածողություն, ռացիոնալ ընտրություն, theory of rational action, բանակցություններ, կոոպտացիա, միջազգային հանրություն, ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, բանակցող, միջնորդ, ֆասիլիտատոր, կողմնակալ ֆասիլիտատոր, մասնակի ֆասիլիտատոր, ուժային դիվանագիտություն, «second track», երկրորդ մակարդակի դիվանագիտություն, ռեալպոլիտիկ մտածողություն, կոնֆլիկտների տրանսֆորմացիա, բուրգ, էլիտա, եռանկյունի, պարադիգմ, քաղաքացիական հասարակության խաղաղարարություն, ինքնառեֆլեքսիա, ռեֆլեքսիա, grassroots, ինքնատեղեկացվածություն, self-awareness, suicidal facilitation, թավշյա կամ ստվերային կամ լուսանցքային ֆասիլիտացիա, ռիսկ, ինքնություն, հեղինակություն, սկանդալ, ոչ կոնստրուկտիվ ազդեցություններ, ոչ կառուցողական ազդեցություններ, non-constructive influences, do no harm, վնաս չբերել

 

  1. Կոնտեքստի ընդլայնում և նախաբան

Գևորգ Տեր-Գաբրիելյան (ԳՏԳ) – Եթե դուք նայեք մի Jam Session, որը դեռ լույս չի տեսել, բայց որի վրա մենք աշխատում ենք՝ շուտով լույս կտեսնի, կոչվում է «Կոնտեքստի ընդլայնում»[1], էնտեղ էս խնդիրը շատ մանրամասն բացատրված է: Խնդիրն ինչու՞մն է. որ ցանկացած հասկացություն, տվյալ դեպքում հանդուրժողականությունն էր, ունի բազում-բազում ինչե՞ր. մի կողմից իմաստային երանգներ, մյուս կողմից՝ իմաստային նրբերանգներ, երրորդ կողմից՝ մեկնաբանություններ, ի՛նչ հասկացություն էլ վերցնեք: Կոնտեքստից դուրս յուրաքանչյուր հասկացություն ունի բազում իմաստային երանգներ ու նրբերանգներ: Երբ մարդիկ իրենց կարծիքի մակարդակով էդ հասկացություններն են, էդ հասկացության իրենց հասկացած տարբերակն են արտահայտում՝ բնականաբար դա շատ լեգիտիմ է. մարդ է, կարծիք ունի կենսափորձով՝ այսպես է այդ հասկացությունը մեկնաբանում: Մեկի համար սա «Ա» է, մյուսի համար սա «Ա շտրիխ» է ասենք թե՝ «Ա1» է: Նրանք պիտի ընդհանուր հայտարարի գան, որպեսզի ընդհանուր լեզու գտնեն. որովհետև եթե ընդհանուր հայտարարի չգան՝ այդպես էլ չեն կարողանա նույն լեզվով խոսել: Ուրեմն՝ հասկանալը և հանդուրժելը այս բոլոր տարբերակները պատկերացնելն է և պատրաստ լինելը, որ մեկը սա այսպես է հասկանում՝ «Հ1», մյուսը «Հ2» է հասկանում, երրորդը «Հ3» է հասկանում, իսկ ամբողջ տարողությունը սա է (բոլոր տարբերակները միասին):

Եվ միակ մարդիկ, որոնք կարող են միմյանց լավ, հեշտ, արագ հասկանալ՝ նրանք են, որոնց մտապատկերում այս երկուսն էլ կա (և՛ հասկացության իմաստի առանձին տարբերակները, և՛ բոլորը միասին): Եվ բնականաբար այս մարդիկ միմյանց հետ շատ ավելի հեշտ են լեզու գտնում և հանդուրժող են միմյանց նկատմամբ:

Սա (հասկացության իմաստների բոլոր հնարավոր տարբերակների տիրույթը) կարող եք պատկերացնել որպես տվյալ տերմինի տարողունակությունը: Դուք պատկերացրեք այդ բառը. ցանկացած բառ՝ «արև», «հատակ», չգիտեմ, «պատերազմ», դարերի ընթացքում ամեն անգամ օգտագործելիս ունեցել է մի կոնտեքստի պատճառով մի փոքրիկ հատուկ նրբերանգ: Էդ նրբերանգներից որոոշները կուտակվել են, դարձել են երանգ: Օրինակ՝ հանդուրժողականությունը որպես համբերություն: Մյուսները միայն մեկ այլ տվյալ դեպքում են հանդիպում, ասենք՝ որպես բարություն, և այլն: Էդպես, ուրեմն, ավելի կուտակված, ավելի, էսպես ասած, խիտ երանգներ կան որոշ դեպքերում: Իսկ որոշ դեպքերում՝ ավելի նոսր երանգներ: Եվ միայն եթե պատկերացնենք, որ յուրաքանչյուր հասկացություն է այսպիսի իրադրության մեջ գտնվում՝ մենք կկարողանանք կարծիքների բախման փակուղին՝ էդ խոչընդոտը հաղթահարել:

Մի օրինակ, մի քիչ ուրիշ ձևի (իմ կյանքում շատ հաճախ է եղել և պատմվածքում էլ գրել եմ). ասենք թե բակում՝ փոքր էի, մի շատ ավելի խոշորամարմին տղա՝ գոնչո գլուխ, ինձ վիրավորում էր: Ես կատաղած հետը կռիվ էի անում, պարտվում մեծ մասամբ, վիրավորված, աչքս կապույտ գալիս էի տուն, ու մայրս ասում էր. «Ի՞նչ է եղել»: Ասում էի «Մեր բակի Սանչոյի հետ էլի կռվեցի»: Մայրս ասում էր. «Բայց ինչի՞ ես կռվում»: Ասում էի. «Որովհետև ինքը կեղտոտ գյադա ա, ինքը փիս բաներ ա ինձ սովորեցնում, ինքը փիս բաներ ա ասում, ինքը իմ վրա է քշում»: Մայրս ասում էր. «Գիտե՞ս ինչ, իրա հայրը բանտում նստած է, իրա մայրը իմ ընկերուհիների տներն է մաքրում, Սանչոն շատ մեղք է»: Ամեն անգամ, երբ ես ասում էի. «Էս ի՞նչ է՝ կաշառակերի մեկն է, պետք է իրան մտցնել բանտ, գնդակահարել է պետք, ոչնչացնել»՝ մայրս ասում էր. «Մեղք է ինքը. իրա մաման իրան Թումանյանի հեքիաթներ չի կարդացել, ինքը չի հասկանում՝ ի՞նչ է անում»: Ուրեմն էդ ի՞նչ է: Կոնտեքստի ընդլայնում: Այսինքն՝ դու կոնկրետ իրադրությունից դուրս հավելյալ հանգամանքներ ես հայտնաբերում… Սա կոչվում է կոնտեքստի ընդլայնում: Դու կոնկրետ իրադրությունից դուրս սկսում ես տեսնել ամբողջ պատմությունը, հանգամանքները:

Կա նաև դրա չափազանցությունը, ինչպես ամեն ինչում: Եթե նկատել եք՝ ես ձեզ միշտ ասում եմ մի տարբերակը, հետո էն, որ արդեն չափից դուրս է էդ նույն ուղղությամբ գնում: Դոստոևսկին վաթսունական թվականներին Ռուսաստանում, որովհետև այնտեղ սոցիալական մոտեցումը արդեն շատ էր զարգացել, թերթերը կարդալուց գժվում էր ու գրում էր իրա հոդվածներում: Ասում է. «Էս մարդը հինգ հոգի է սպանել, ասում են՝ ինքը մեղք է: Ասում են՝ էդ հանգամանքներն են, ասում են՝ ինքը շահագործված է եղել, իրա ապուպապը շահագործված են եղել, ինքը կրթություն չի կարողացել ստանալ»: Դրա համար դատարանը… Էն ժամանակ երդվյալ ատենակալների դատարան կար Ռուսաստանում, ու էդ ժամանակվա ցարական Ռուսաստանը էդ առումով բավական լուսավորյալ երկիր էր: Ասում է. «Դատարանը իրան արդարացրեց»: Ասում է՝ «Դատապաշտպանը հոյակապ ելույթ ունեցավ, ասաց, որ ինքը հանգամանքների հանրագումարն է՝ և դատարանը իրան արդարացրեց»: Էդ էլ չափազանցությունն է էդ նույն տարբերակի: Հիմա նույնը Պերմյակովի դեպքում, որովհետև պարզ է, որ երևի այդ տղան (ո՞նց ասեմ, որ Արփինեի վիճակներում չընկնեմ) բան ունի…

7:27 Դահլիճ – Արտասովոր...

ԳՏԳ –  Այո, հատուկ կարիքներ ունեցող անձնավորություն է: Եվ դրա համար այն հարցը, թե ինչպե՞ս վարվել նրա հետ, և այն հարցը, թե արդյո՞ք սա, էսպես ասած, Ռուսաստանի ձեռքն է, թե ոչ, խնդրառվեց մեր դիսկուրսում: Ինձ թվում է՝ պատասխանը պիտի լինի այն, որ նրան իրավունք չունեին ոչ միայն երկրից դուրս գործուղել, այլև ընդհանրապես հավաքագրել բանակ: Եվ թե ինչու՞ է դա պատահում – դրա պատասխանը մենք այսօր ստանում ենք մեր թերթերից Հայաստանում: Որովհետև մեդիան գրում է, որ բանակից փողով ազատելով առողջներին՝ ստիպված հիվանդներին հավաքագրում են:

Այսինքն՝ կոնտեքստի ընդլայնումից լավ բան չկա: Ամեն բառ, ամեն իրադրություն քննարկելիս դու կարող ես մի ամբողջ վեպ դուրս բերել, եթե սկսում ես կոնտեքստը ընդլայնել: Ու դա լավագույն ձևերից մեկն է՝ խուսափել աբստրակտ պատճառներով՝ աբստրակտ մտածողության պատճառներով ընդհարումներից: Որովհետև երբ մի բառի մասին ես խոսում՝ ստիպված դու իրեն կոնտեքստից դուրս ես փորձում ընկալել, և աբստրակտ է քո մոտեցումը ստացվում: Իսկ երբ պատմում ես պատմություն՝ ասենք, որ օֆիսի ղեկավարը հանձնարարում է ավելորդ բաներ, շահագործում է և այլն՝ դա կոնկրետացնում է: Այդ պատմությունն արդեն կարելի է վերլուծել:

Դրա համար, և մեր այսօրվա թեմային համապատասխան՝ կոնֆլիկտաբանության կամ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի և հատկապես ֆասիլիտացիայի ասպարեզում պատմություն պատմելը, նարատիվ պատմելը հզորագույն զենքերից մեկն է, որովհետև նարատիվը խուսափում է օբյեկտիվ, աբստրակտ, աբստրակտ/օբյեկտիվ՝ սուտ օբյեկտիվ իրադրություններից:

Նարատիվը ինչ-որ տեքստ է՝ պատմություն է: Ունի ենթակա, ստորոգյալ, գործողություններ, պարագաներ և այլն: Որը էլ աբստրակտի մեջ չի՝ իրական կյանքի մեջ է, ու իրան դու կարող ես արդեն հանգիստ դնել էստեղ, որպես այ էս մարդուկի նարատիվը: Էս մարդու էս (առանձին) հասկացությունը ի վերջո գծագրվում է աշխարհի բոլոր մարդկանց բոլոր նարատիվներից, որոնք երբևէ օգտագործել են էս հասկացությունը: Ինքը խաչմերուկ է կամ կիզակետ է էդ բոլոր օգտագործումների: Ամեն բառ էդպիսի արժեք է:

2. Tit for Tat կամ «ատամն ընդ ատաման» մարտավարություն

Սա կամուրջի պես որպես անցում եմ ուզում անել մեր երեկվա[2] խոսակցությունից դեպի այսօրվա խոսակցությունը: Կային ինչ-որ պահեր, որոնք ես երեկ գուցե չհասցրեցի ասել: Դրանք էլ կարճ կասեմ, և մենք անցնում ենք այսօրվա խոսակցությանը, որի նպատակն է ձեզ մի քիչ ծանոթացնել ֆասիլիտացիոն հմտություններին:

Ֆասիլիտացիոն հմտությունները, ֆասիլիտացիան՝ դրա վերաբերյալ մենք նույնպես ունենք Jam Session[3], որը արդեն լույս է տեսել: Բայց խշորագույն տարբերությունը այդ անգամվա իմ ասածների, և մեր խմբի հետ քննարկածների, և այս անգամվա՝ այն է, որ այնտեղ մենք խոսում էինք ցանկացած խմբի ֆասիլիտացիայի վերաբերյալ, իսկ այսօր մենք խոսելու ենք կոնֆլիկտի իրադրության մեջ ֆասիլիտացիայի վերաբերյալ, որը մասնավոր դեպք է ցանկացած խմբի ֆասիլիտացիոն պրոցեսների, բայց շատ առանձնահատուկ դեպք է:

Նշվեց, ինչպես հիշում եք, կոմպրոմիսը կամ… Հիշում եք՝ նույնիսկ Աննան Օհանյանն էստեղ խոսելուց շատ հաճախ ասում էր «conflict resolution» – կոնֆլիկտների լուծում: Հենց «conflict resolution»-ը եկեք մի քիչ պարզունակացնենք՝ այդ մոտեցումը կոնֆլիկտների լուծմանը, որը ինքնին «լուծում» է նշանակում, բայց ինքը տերմին է դարձել, ինքը որոշակի տրամաբանություն է իր մեջ պարունակում: Ինքը ի վերջո ելնում է նրանից, որ լավագույն արդյունքը կոմպրոմիս է: Եվ եթե մենք տեսնենք մեր ԵԱՀԿ-ի Մադրիդյան սկզբունքների սահմաններում բանակցային ընթացքը՝ այն մտածողությունը, երևակայության այն մակարդակը, որ մինչ այսօր ձևավորվել է՝ այնտեղ միակ, էսպես ասած, պատասխանը, որ կա հարցի լուծման՝ կոմպրոմիսն է կամ փոխզիջումը: Եվ էսօր ֆիլմը[4] կտեսնեք հենց դրա մասին, հետո կքննարկենք:

Կոնֆլիկտների տրանսֆորմացիան հանդգնում է ավելին ցանկանալ: Նա ցանկանում է, հանդգնում է ցանկանալ դրական գումարով արդյունք. ոչ թե փոխզիջում, այլ դրական գումարով արդյունք: Դրա կլասիկ օրինակը, իհարկե, մի քիչ շատ պրիմիտիվ օրինակ է և, ասենք, կոնկրետ, մեծ, խոշորամաշտաբ կոնֆլիկտներին դժվար վերագրելի, բայց Ֆիշերի և Ուրիի[5] օրինակն է նարնջի մասին: Երկու տնային տնտեսուհի վիճում են՝ երկուսին էլ նարինջն է պետք, հետո պարզվում է, որ մեկին պետք է կեղևը, որպեսզի, չգիտեմ, չորացնի, նավթալին դնի, թե ինչ, մյուսին պետք է միջուկը, որ իր խմորեղենի մեջ դնի: Եվ այդպիսով կիսելով նրանք երկուսն էլ բավարարվում են հարյուր տոկոսով. ստացվում է դրական գումարով արդյունք: Այստեղ, փաստորեն, խնդիրը միմյանց չհասկանալն էր, կոնտեքստը չընդլայնելը:

Դրա հակառակը զրոյական գումարով[6] արդյունքն է, բնականաբար, որը կոնֆլիկտի անլուծելի, էսպես ասած՝ անտոգոնիստական[7] իրադրությունն է իրենից ներկայացնում:

Զրոյական գումարով արդյունք, դրական գումարով[8] արդյունք. այդ տերմինները գալիս են ռացիոնալ ընտրության[9] տեսություններից: Ռացիոնալ ընտրության տեսությունները հանդգնում են ասել, որ մարդը ռացիոնալ գործող էակ է որոշակի հանգամանքներում, չնայած իր, իրեն շրջապատող մշակույթը, իր դաստիարակությունը, իր արժեքները կարող են աղավաղել այդ ռացիոնալությունը: Բայց վերջ ի վերջո՝ մարդը ռացիոնալ էակ է:

Եվ հսկայական քանակով հետազոտություններ կան այդ առումով: Դուք կարող է լսած լինեք, կամ նույնիսկ կարդացած, կամ հասկացած՝ «բանտարկյալների դիլեմա[10]» կոչված, ասենք, հայտնի նարատիվ պատմությունը, որը էլի նարատիվի մի տարատեսակ է, որը փաստորեն որոշակի բանաձև է նկարագրում: Ես հիմա դրա վրա չեմ կանգ առնի, որովհետև շատ հեշտ է դա գտնել ինտերնետում, կարդալ, եթե չգիտեք[11]:

Իսկ ես կանգ կառնեմ ռացիոնալ, ուրեմն, այդ տեսության հիման վրա մոտեցումների դրական տարբերակի վրա: Որովհետև բանտարկյալների դիլեման ցույց է տալիս այն, որ երբեք մարդիկ չեն կարող բավարարված լինել արդյունքով, որովհետև դիտարկում է մարդկանց մեկուսացման մեջ. հաղորդակցում թույլ չի տալիս: Իսկ ռացիոնալ ընտրության տեսությունը հայտնի է նրանով, որ... Ինչպես ես երեկ նշեցի՝ Կանտն է հայտնաբերել մի օրինաչափություն: Օրինաչափությունները, ինչպես հիշում եք, սոցիալական գիտություններում գրեթե բացակայում են: Կանտինն այն է[12], որ ժողովրդավարությունները ավելի քիչ հակված են պատերազմ մղելու միմյանց հետ:

Շատ քիչ օրենքներ կան սոցիալական գիտություններում կամ օրինաչափություններ, որոնք, ասենք, ութսուն տոկոսից ավելի հավանականությամբ միշտ արդարանում են: Երկրորդը հայտնաբերել է ռացիոնալ ընտրության տեսությունը[13]: Եվ այն կայանում է նրանում, որ մարդը սովորող էակ է: Թվում է, թե դա, էսպես ասած, տրիվիալ հասկացություն է: Բայց՝ շատ կարևոր է: Խոսքը ինչի՞ մասին է. որ եթե երկու հոգի գտնվում են կոնֆլիկտի մեջ՝ կոնֆլիկտից դուրս գալու լավագույն ռազմավարությունը հետևյալն է. որ դու առաջարկում ես համագործակցություն: Եթե նա մերժեց, «քցեց» քեզ՝ հաջորդ անգամ նա երբ առաջարկեց համագործակցություն՝ դու ես «քցում»: Եթե նա ընդունեց ու հաջորդ անգամ նա եթե առաջարկեց՝ դու էլ ես ընդունում: Էդպես շղթայիկներ են տեղի ունենում. «համագործակցություն-համագործակցություն» շղթայիկներ կամ շղթայիկի խզում, որից հետո «քցում-քցում» շղթայիկներ, որից հետո էլի շղթայիկի խզում և «համագործակցումից համագործակցություն» և այլն: Եվ ամենահետաքրքիր բանը. երբ որ երկուսն էլ հասկանում են, որ սա այսպես է լինելու, եթե խաղը տևում է տևական՝ նրանք դադարում են միմյանց «քցել»[14]:  Սովորում են, որ համագործակցությունն ավելի շահավետ է: Եթե դու քցեցիր՝ նա էլ է քցելու: Սովորում են, որ համագործակցությունն ավելի օգտավետ է:

Եվ դա է այն օրինաչափությունը, որ հայտնաբերել է ռացիոնալ ընտրության տեսությունը: Որը կոնֆլիկտներին ռացիոնալ մոտեցման դեպքում համարվում է ամենագործուն տակտիկան՝ ամենագործուն մարտավարությունը, ի վերջո համագործակցության հասնելու համար:

Եվ դուք գիտեք պատերազմի իրադրություններից՝ «պատասխան», «հավասարազոր պատասխան», հետո կա այդ «ասիմետրիկ պատասխան» հասկացությունը և այլն: Այդ ամենը սրա հետ է կապված:

Բայց խոսքը գնում է նրա մասին, որ այս «իտերացիաները»՝ իրադրության այս կրկնությունները, պիտի շատ երկար լինեն, շատ երկար տևեն, մինչև կողմերը սովորեն: Եվ երբ մենք դա դնում ենք իրականության մեջ՝ շատ բան է փոխվում, որովհետև այդ կողմերը կարող է… Նայած ու՛մ նկատի ունեն. եթե ամբողջ ժողովուրդը՝ դա մի բան է, բայց եթե դա վերաբերում է առաջնորդներին՝ նրանք փոխվում են, և այլն: Այսինքն, բայց ընդհանուր առմամբ, եթե ժողովուրդների մասին է խոսքը, այսինքն տևական սուբյեկտների՝ սա հստակ օրինաչափություն է: Գայանեն ուզում է հարց տալ. խնդրեմ:    

19:20 Գայանե Ղազարյան (ԳՂ) – Իհարկե խոսքը, օրինակ, ժողովուրդների հարաբերությունների մասին է: Պարադիգմայի փոփոխությունը չի՞ կարող այս օրինաչափության մեջ խզում առաջացնել: Ենթադրենք պարադիգման գնում է ինչ-որ մի, օրինակ դեմոկրատիայի շրջանակներում, ու մեկ էլ էս շղթայի կետից պարադիգման փոխվում է: Արդյո՞ք դա չի կարող էստեղ խզում առաջացնել, որ ոչ թե «ՔՔ» կամ «ՔՀ» առաջանա, այլ հակառակը: Կամ շարունակվի քցելու էդ զույգը:

19:52 ԳՏԳ – Կարող է, ըստ երևույթին, որովհետև այստեղ մի շարք կանխենթադրույթներ[15] (presupposition) կան, որոնք ես չարտահայտեցի: Որ այդ միավորները պիտի քիչ թե շատ նույնական լինեն այս ամբողջ պրոցեսի ընթացքում: Ինչ էլ փոխվի՝ փոխվի առաջնորդը, փոխվի նրանց ուժը, ուժի կարողությունը – պիտի մնան քիչ թե շատ նույնական: Այսինքն՝ սա ինչ-որ իրավահավասարություն է, ուժի հավասարություն է նշանակում, թե չէ, դե արի ու, Հայաստա՛ն ջան, Ռուսաստանի հետ սենց խաղ խաղա: Շատ  դժվար կլինի: (Եթե «ֆիզիկական» թափումներով համեմատենք: Բայց կա նաև ոչ ֆիզիկական չափում. ասենք՝ սուվերենության նորմատիվ հավասարությունը: Դրա համար էլ միջազգային հանրությունը կարևոր է:) Ուրեմն՝ կան մի շարք դեպքեր, նախապայմաններ, որոնք ես պարզության համար բաց եմ թողնում: Խնդրեմ.

20:35 Դահլիճ – Ենթադրվու՞մ է արդյոք, որ խզվում են բոլոր նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները:

20:42 ԳՏԳ – «Քցելը» մի  հարցի վերաբերյալ է: Դու պայմանավորվում ես մի բան անել, նա ասում է. «Ես կանեմ», հետո «քցում» է: (Կամ՝ «ասիմետրիկ» է «քցում»: Բայց էնպես, որ հասկացվի, որ պատճառը նա էր՝ դիմացինի նախորդ «քցելը»:)

  1. Արցախ. կոնֆլիկտ և օֆիցիալ բանակցային իրադրություն

Ամեն ինչ կարող է փոխվել, դրա համար մենք հիմա սա կարող ենք շատ, նենց, խոր նարատիվ դարձնել: Եվ ի վերջո այն ֆիլմը, որ դուք կտեսնեք այսօր, ինչ-որ չափով նաև հենց այս խաղի պատմությունն է իրենից ներկայացնում: Որովհետև դիվանագիտության մեջ, ասենք հենց նույն Ղարաբաղի շուրջ բանակցությունների պատմության մեջ անընդհատ մեկը մյուսին քցել է, ի վերջո: Այսինքն՝ վերջին պահին կամ այս կողմը, կամ այն կողմը, կամ երրորդ կողմը ասել է. «Ես համաձայն չեմ»: Չեմ պատասխանում ձեր հարցին, բայց մոտավորապես ուղղությամբ պատասխանում եմ:

Ուրեմն, ժողովուրդ ջան, բանակցություններ. բանակցությունները ունեն մի շատ հետաքրքիր հատկանիշ: Պատկերացնենք, որ... Իհարկե, կարող է լինել երկուսից ավելի կողմ կոնֆլիկտի մեջ: Բայց պարզության համար վերցնենք երկու կողմ: Ուրեմն. երբ կա կոնֆլիկտը (էլի կողմը որպես մարդուկ մենք դնենք հիմա), և կա…

(Ինչպես տեսնում եք՝ կոնֆլիկտն ու կոմունիկացիան իրար շատ նման բան են. նրանք միաժամանակ են տեղի ունենում, դա շատ կարևոր է հասկանալ: Առանց կոմունիկացիայի կոնֆլիկտ չի կարող լինել. եթե չկա կոմունիկացիա՝ չկա կոնֆլիկտ, որովհետև մեկուսացման մեջ են միմյանց հետ գտնվում կողմերը:)

Երբ կա կոնֆլիկտը՝ հնարավոր է պատկերացնել, աբստրակտ կերպով, այդ կոնֆլիկտի վերաբերյալ միայն երկու դիրք աշխարհով մեկ՝ բոլոր մարդկության մասշտաբով. կա՛մ դու կոնֆլիկտի մաս ես, կա՛մ դու էդ մեկուսացվածն ես, որը տեղյակ էլ չէ կոնֆլիկտից:

Հենց որ դու տեղեկանում ես կոնֆլիկտից՝ կոնֆլիկտի սեմանտիկ մասի մեջ ես ընկղմվում, թեկուզ մի քիչ, շատ հեռվից՝ դիստանցիայից: Եթե սա ունի անտոգոնիստական կոնֆլիկտի հատկանիշներ՝ քեզ փորձում են կոոպտացնել, հավաքագրել, «ճղել» երկու մասի. դու մե՞ր կողմից ես, թե՞ մեր կողմից չես: Որը հիմիկվա հայ-ադրբեջանական հարաբերությունների շատ հստակ գործելաոճն է: Հայերը փորձում են «ծանոթի միջոցով» աշխարհը իրենցով անել, ադրբեջանցիները՝ փողի և խավիարի միջոցով՝ իրենցով անել: (Երկուսն էլ այդ նպատակով փորձում են շահագործել նաև «ցեղասպանություն» հասկացությունը, անկախ նրանից, ով իրավունք ունի դա անելու, ով՝ ոչ):

Բաժանել մարդկանց երկու խմբի: Ով որ եկավ-մտավ Լեռնային Ղարաբաղ՝ հայտնվում է Ադրբեջանի «persona non grata» ցուցակի մեջ: Ով որ գնաց Ադրբեջան և ընկավ բանտ, որովհետև ասացին, որ ինքը հայերի մասին ինչ-որ լավ բան է ասել (կամ՝ այցելել էր Հայաստան կամ ԼՂ, կամ՝ «հայի արյուն» ունի, կամ՝ ազգանունը «յան»-ով է վերջանում և այլն)՝ նա մեկընդմիշտ դառնում է հակաադրբեջանական:

Ամբողջ Ադրբեջանը շատ ուրախ է նրանից, որ ամբողջ միջազգային հանրությունը, ի դեմս պետությունների և պետական կառավարությունների, ոչ մի դեպքում չի ուզում դիտարկել այս հարցը ինքնորոշման տեսակետից, այլ միայն տարածքային ամբողջականության տեսակետից:

Բաժանել աշխարհը երկու մասի: Եվ ինչքան դու հաջող եղար, եթե գոնե կեսը քո կողմը եղավ, էն մյուս կեսը՝ մյուսի կողմը՝ սա կլինի շատ գեղեցիկ, անլուծելի կոնֆլիկտ, հավերժ: Եվ ոչ մեկը կկրվի երբևէ, ոչ էլ՝ մյուսը:

Իսկ իզոլյացիայի մեջ գտնվող մարդիկ՝ նրանց քանակը քչանում է կամաց-կամաց, էս տարիների ընթացքում: Եվ սա ի վերջո ոչ կառուցողական դիրք է. այսինքն՝ սա կոնֆլիկտի ոչ լուծմանը կարող է մասնակցել, ոչ ոչ մի բանի:

Ուրեմն, երբ մենք խոսում ենք միջնորդների մասին՝ նրանք անընդհատ էս ճոճքի մեջ են գտնվում: Նրանց նույնպես անընդհատ փորձում են գրավել այս կողմ կամ այն կողմ: Այս պահին դու սա արեցիր. ի՞մ օգտից էր դա, թե՞ մյուսի օգտից էր դա: Դրա համար միջնորդները ինչ-որ տարբերակներ են ման գալիս: Եվ թիմայնությունը հավասարակշռման ինչ-որ կոմպոնենտ ունի իր մեջ: Դրա համար ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եռանկյուն են սարքել, չէ՞: Եթե վերցնենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջին տարբերակը՝ էնտեղ կար տասնը- քանի երկիր, որոնք մասնակից էին, հետո դարձան միայն համանախագահները: (Ամեն դեպքում՝ կոլեկտիվ ու հակակշիռներով):

Եվ տեսեք՝ սա ինչ կարևոր զարգացում է, որովհետև… Նախ, ինչու՞ ԵԱՀԿ, և ոչ թե ՄԱԿ. գիտե՞ք արդյոք: Որովհետև ՄԱԿ-ի անդամները շատ ավելի ուժեղ են ընդդեմ ինքնորոշման: Բոլորը տարածքային ամբողջականության կողմ են: Պլյուս՝ իսլամական պետությունները: Անկախ նրանից, որ Ադրբեջանը, էսպես ասած, իսլամական կրոնապետություն չէ՝ բայց իսլամ դավանող երկիր է. նրանք ի սրտե պաշտպանում են Ադրբեջանին: Այսինքն, եթե հարցը գնար ՄԱԿ՝ Հայաստանի կամ հայկական կողմի արգումենտը է՛լ ավելի թույլ կլիներ: ԵԱՀԿ[16]-ը, որ ստեղծվեց յոթանասունհինգ թվականին, ուներ այդ ինքնորոշման իրավունքը շատ հստակ իր փաստաթղթերում գրված: Նաև դա է օգտավետ: Բայց երբ ստեղծվեց այդ խումբը, որը առաջին պահին, եթե չեմ սխալվում՝ Մինսկի խումբը տասներեք անդամներից, տասներեք երկրներից էր բաղկացած՝ տասներեք երկրների ներկայացուցիչներից, ԵԱՀԿ-ի անդամ պետություններից, որոնց թվում է նաև, օրինակ, Թուրքիան... Էլի հայկական կողմին դա ոչ բալանսավորված էր թվում: Եվ դա պարզապես հաջող զուգադիպություն էր, կարելի է ասել, որ գուցեև «փողի» պատճառով (որովհետև անընդհատ տասներեք հոգու չես կարող հավաքես՝ թանկ արժի, ու մեկ է՝ առաջ չի գնում պատմությունը) իրենք որոշեցին կրճատել և ավելի էֆեկտիվ դարձնել այդ համակարգը: Հայկական կողմը հաջողությամբ այն փաստարկը առաջ քաշեց, որ այնտեղ պիտի լինեն այդ երեք երկրները՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ: Եվ ադրբեջանական կողմը դրան համաձայնեց: Մի քիչ գռմռալով, որ Ռուսաստանը և Ֆրանսիան…

27:52 Դահլիճ – Ադրբեջանը չէ՞ առաջարկեց մեկ այլ թեկնածու:

ԳՏԳ – Դե բնականաբար: Չէ, ինձ թվում է՝ էնտեղ էդպես չէր, որ հստակորեն. ո՞վ առաջարկեց, ո՞վ դեմ գնաց և այլն. սենց խոսակցություններն, էսպես, բուսնում էին:

28:07 Դահլիճ – Իսկ ինչու՞ Ադրբեջանը համաձայնվեց դրան։  

ԳՏԳ – Ուժեղ էր ներկայացուցչականությունը.  դժվար է առարկել: Իսկ Ֆրանսիայի դեպքում՝ որովհետև, ասենք, այդ քննարկումների ժամանակ՝ Մինսկի խմբի կամ ԵԱՀԿ-ի մասշտաբներում, նույնպես ինչ-որ ալյանսներ էին առաջանում: Եվ երբ խոսք գնաց, թե երրորդը ո՞վ պիտի լինի, բացի ԱՄՆ-ից և Ռուսաստանից, եվրոպական ինչ-որ բանակցությունների արդյունքում, և երևի Ռուսաստանի պաշտպանությամբ նույնպես՝ իհարկե Ֆրանսիայի թեկնածությունը առաջ գնաց: Եվ դա նաև «փողի» հետ է կապված. ո՞վ է համաձայն այդքան տարի շարունակ պահել դեսպաններ, փող տալ իրենց: Իրենք լավ փող են ստանում, անընդհատ ճամփորդում են, և այլն: Էդպես գրավատերերը իրենց հայտարարեցին՝ Ռուսաստանը, որ անհերքելի էր, որ գրավատեր է, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Բայց տեսեք՝ ինչ հետաքրքիր է. Ֆրանսիան, իհարկե, Հայաստանին շատ սիրում է, էդտեղ խնդիր չկա, բայց իհարկե ոչ մեկը իրենցից չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Ընդհուպ մինչև անկախ պետություն նկատի ունեմ: Այսինքն էստեղ էդպիսի խնդիր չկա: Միևնույն է՝ նրանք մնում են տարածքային ամբողջականության ջատագովներ: Սակայն ընդունում են կողմերի իրավունքը, որ եթե կողմերը համաձայնեն՝ ցանկացած տարբերակ նրանք կպաշտպանեն:

29:48 Դահլիճ – Նկատի ունեմ՝ դա պայմանավորված է նրանով, որ էդ երեք պետություններն էլ ունեն տարածքային ամբողջականության խնդիր. թե ֆրանսիայի դեպքում՝ Կորսիկայի խնդիրը, թե Ռուսաստանի դեպքում և այլն: Այսինքն՝ էդ առումով էլ իրանք ներքին հարված իրանք իրանց կտան, եթե, օրինակ, բացառապես պաշտպանեն մեկ սկզբունք:

30:03 ԳՏԳ – Աշխարհի բոլոր պետությունները չեն սիրում հակառակ սկզբունքը. էդպիսի պետություն չկա, որ սիրի: Հիմա որ Հայաստանը լինի, մեկ էլ Գյումրին ասի՝ անջատվեմ. ի՞նչ ռեակցիա է տալու: Էդպիսի մի պետություն չկա, որ էդպիսի խնդիր չունենա անցյալում կամ հենց հիմա: Եվ ոչ մի պետություն չկա, որ ուրախ լինի այդ առումով, որ «Եկեք, հավելյալ պետություններ ստեղծվեն»: Դա միայն տեղի է ունենում, ասենք, ինչպես Կոսովոյի դեպքում՝ էլի հզոր պետությունների պետական շահից ելնելով:

30:43 Դահլիճ – Անկեղծ ասած, գուցե էդ արտաքին քաղաքականության տեսանկյունից շատ պարզ հարց եմ տալիս, բայց ինձ միշտ հետաքրքրել է. արդյո՞ք չկար այլ տարբերակ. օրինակ՝ Ղարաբաղը միանար Հայաստանին: Ինչի՞ մենք ընտրեցինք Ղարաբաղի ինքնորոշման հարցը, այլ ոչ թե… Ու փաստացի մենք մի երկիր ենք, բայց մենք ընտրեցինք, որ ինքնորոշվի: Ինչո՞վ է, էլի, պայմանավորված:

31:07 ԳՏԳ – Շատ լավ: Ես դրա մասին բավական լայնածավալ մեկ այլ Jam Session[17] ունեմ և ձեզ լինքը կուղարկեմ, բայց կարճ պատասխանեմ. շատ պարզ պատճառով: Ինձ թվում է՝ դա բոլորին էլ հասկանալի է. որ դու ուրիշի տարածություն ես գրավում. այսինքն՝ քեզ կհայտարարեն ագրեսոր: Հիմա Ադրբեջանը դա ասում է, բայց աշխարհի կողմից չի ընդունվում: Մինչդեռ այդ դեպքում դա արդեն կլիներ ընդունում: Դու ուրիշի տարածք ես գրավել, ինչպես և Ղրիմը Ռուսաստանը երբ գրավեց, հիմա միջազգային հանրությունը հայտարարություն է արել բազում անգամ, որ չի ընդունում այդ փաստը: Արգելվում է մարդկանց գնալ Ղրիմ Ռուսաստանի միջոցով, արգելվում է ֆիրմաներին Ղրիմում ներդրում դնել՝ միջազգային ֆիրմաներին, և այլն:

32:02 Դահլիճ – Բայց արդյո՞ք համեմատելի են Ղրիմն ու Հայաստանը:

ԳՏԳ – Չէ, ես… Էդ առումով համեմատելի են, որ նույնիսկ չնայած Ռուսաստանը ասում է. «Ես չեմ գրավել՝ էնտեղ պլեբիսցիտ եղավ», բան, դես-դեն՝ բայց խախտումներով միավորվեց, և ծանրացավ Ռուսաստանի միջազգային վիճակը: Իսկ, ասենք, Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում՝ Ռուսաստանը զուտ ճանաչեց նրանց անկախությունը, և չծանրացավ այդքան Ռուսաստանի միջազգային վիճակը: Ուրեմն, եթե նույնիսկ Ռուսաստանի վիճակն է ծանրանում՝ ապա Հայաստանի վիճակը շատ ու շատ կծանրանար, եթե նա ասեր. «Ես Ղարաբաղը միավորեցի ինձ»: Դրա համար չի արել, և կան մի շարք այլ պատճառներ, որոնց մասին, ասում եմ, ես մի Jam Session[18] ունեմ՝ էնտեղ խոսել եմ:

Ուրեմն՝ միջնորդը կամ ֆասիլիտատորը լավ է, եթե ինքը թիմով է, որովհետև եթե մենակ եղավ՝ իրեն երկու կողմից «ճղելու են» անպայման, և էդ ճղելը շա՜տ հոգեբանական, էմոցիոնալ պրոցես է… Որովհետև կոնֆլիկտը էմոցիոնալ բան է, չէ՞, և ես ողջունում եմ ձեզ, որ դուք բավական, էսպես, հավասարակշռված եք էդ դժվար հարցերը ընկալում առայժմ: Հիմա որ ֆիլմը նայենք՝ տեսնենք ի՞նչ ռեակցիաներ կտանք, որովհետև դա պետք է մի քիչ բացատրել: Երեք մասից բաղկացած ֆիլմ է՝ մենք նայելու ենք ընդամենը երրորդ մասը, որովհետև շատ երկար է: Նա սկսում է կոնֆլիկտի ամբողջ պատմությունից՝ տալով և՛ հայկական, և՛ ադրբեջանական մոտեցումները: Եվ երրորդ մասը բանակցությունների պատմությունն է: Ով որ իմ ներկայությամբ կամ իմ գիտությամբ այդ ֆիլմը նայել է՝ լինի նա հայկական կողմից, թե ադրբեջանական կողմից (ես ձեզ նախօրոք քարտերը բացում եմ, տեսնենք՝ դուք ի՞նչ ռեակցիա կտաք) սարսափելի էմոցիոնալ կերպով, էսպես, զգացմունքների մեջ է ընկել: Եթե մենք վերցնենք Թոմ դե Վաալի[19] գիրքը (Անի ջան, էնտեղ՝ մոտակայքում է, եթե տաս՝ մի հատ ցույց տամ):

30:03 Դահլիճ – «Սև այգի»։

ԳՏԳ – Այո՛: Նույնը՝ այդ դեպքում. գրված է և՛ հայկական կողմից, և՛ ադրբեջանական կողմից: Էդտեղ կատարելություն չի կարող լինել, որովհետև դա երկու նարատիվների ինչ-որ խառնուրդ է:

Շնորհակալություն: Սրա մասին է խոսքը. ով որ չի կարդացել, խորհուրդ կտամ կարդաք, որովհետև ի վերջո…

34:25 Դահլիճ – Հայերենն էլ կա։  

ԳՏԳ – Այո, դե հիմա մեր ձեռքը ընկավ այս տարբերակը: Ուրեմն՝ կա և՛ ադրբեջաներեն, և՛ հայերեն, և՛ անգլերեն, և՛ թուրքերեն: Ուրեմն՝ աշխարհը բաժանվում է երկու մասի: «Հայկական կողմը ասում է. «Թոմ, դու հակահայկական ես», ադրբեջանական կողմը ասում է. «Դու հակաադրբեջանական ես»: Փոքրիկ տարբերությունը նրանում է, որ Թոմ դե Վաալը Հայաստանի կողմից չի հայտարարվել «persona non grata», իսկ Ադրբեջանի կողմից՝ հայտարարվել է: Ուրեմն՝ երկու կողմերից ընդհանուր նարատիվ տալու ցանկացած փորձ անպայման էմոցիոնալ էֆեկտ է առաջացնում… Եվ ընդհանրապես կոնֆլիկտը, պատերազմը շատ էմոցիոնալ բան է՝ էմոցիոնալ ռեակցիա է առաջացնելու: Դրա համար՝ տեսնենք թե այս ֆի՛լմն ինչպես կընդունեք:

Եվ դրա համար միջնորդների նկատմամբ միշտ կա շատ էմոցիոնալ ռեակցիա. նրանցից միշտ ուզում են շատ ավելին, քան իրենք պատրաստ են տալ: Դրա համար դա՝ լինել միջնորդ կամ լինել ֆասիլիտատոր, շատ նյարդային գործ է:

Ուրեմն, եթե գիտեք, կան տարբեր ձևեր բանակցությունների: Կա, ուրեմն, երբ երկխոսություն է տեղի ունենում և կա մակույկային ձևը: Մակույկայինը այն է, երբ մարդիկ նույնիսկ դեռ համաձայն չեն միմյանց հետ հավաքվել: Դրա համար մի կողմից մյուս կողմ գնալով բանակցողները, միջնորդները, ֆասիլիտատորները դեռևս նախապատրաստում են իրադրությունը, որ հետո հավաքվեն բանակցող կողմերը: Կա, իհարկե, ուժային դիվանագիտություն, և շատ կարևոր է, որ լինի միջնորդի ազդեցությունը: Կա ուժային դիվանագիտության ամենաբարձր տարբերակը, ինչպես, օրինակ, Դեյթոնի համաձայնությունները[20], որոնք կնքվեցին Բոսնիա-Հերցեգովինայի խնդիրները լուծելու համար՝ իննսունինը, եթե չեմ սխալվում, չէ, իննսունվեց թվականին: Մեր դեպքում այդ գործոնը չկա մի շարք պատճառներով, և դա նշանակում է, որ ի վերջո կոնֆլիկտի լուծման խաղաքարտը կողմերի ձեռքում է նախ և առաջ. ո՛չ գերտերությունների, ո՛չ միջնորդների, այլ կողմերի ձեռքում է: Այսինքն՝ եթե կողմերը համաձայնեին՝ կոնֆլիկտը կլուծվեր: Եվ դրա երկրորդական ապացույցներից մեկը այն է, որ միջազգային ռազմական ուժեր բաժանարար գծի վրա չկան: Այսինքն խախտվում է թե չի խախտվում  հրադադարը՝ կողմերն են որոշում, և եթե ուզում են՝ չի խախտվում, և եթե գիտեք՝ երկար տարիներ շատ քիչ էր խախտվում:

4. Ֆասիլիտատոր

Ուրեմն. հիմա անցնենք բուն ֆասիլիտատորի գործելաոճին: Եթե հիշում եք՝ երեկ արդեն Աննան ձեզ ասաց, և դա շատ հայտնի տերմին է. «second track» – երկրորդ մակարդակի դիվանագիտություն: Դա գալիս է John Paul Lederach[21] անունով մի ամերիկյան, հերթական անգամ շատ հայտնի, գիտնականից, որը պատկերում էր հանրությունները այսպիսի բուրգային ձևով և ասում էր. այստեղ (գագաթում) տեղի են ունենում օֆիցիալ բանակցությունները, այստեղ (մեջտեղը) տեղի են ունենում քաղաքացիական հասարակության մակարդակով երկխոսությունները, իսկ այստեղ (ստորոտում)՝ այն, որ կոչվում է «grassroots», որ անգլերենից եթե թարգմանես՝ «խոտի արմատ» կնշանակի: Այսինքն՝ ժողովրդի մակարդակով, ժողովրդական դիվանագիտության ամենա-, էսպես ասած, «նախնական» մակարդակը:

Հիմա՝ խնդիրը սրա հետ ի՞նչ է. որ սա բուրգաձև է: Եվ էլի՝ ինչու՞մն է խնդիրը բուրգաձևի[22]. որովհետև մինչև այժմ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի դեպքում բուրգի գագաթը, օրինակ, անձամբ ինձ համար և մարդկանց մեծ մասի համար լեգիտիմ չէր: Քանի որ իրենք լեգիտիմ չէին՝ իրենց ցանկացած պայմանավորվածություն չէր էլ կարող լեգիտիմ լինել: Եթե բուրգի գագաթը պահպանենք և ինքը լեգիտիմ է՝ իրադրությունը փոխվում է: Հիմա մենք ունենք ուրիշ տարբերակ, երբ լեգիտիմ է մի կողմի բուրգի գագաթը, մյուս կողմինը՝ էլի մնում է ոչ լեգիտիմ:

Պետականամետ կամ ռեալ պոլիտիկ մտածողություն ունեցող գիտնականները, դիվանագետները սիրում են ասել, որ ավտորիտար երկրները նույնիսկ ավելի հեշտ են հասնում կոնֆլիկտի լուծման, քան ժողովրդավար երկրները, որովհետև ավտորիտար երկրում այդ ոչ լեգիտիմ երկու, ուրեմն, դիկտատորները կարող են պայմանագիր կնքել, հետո իրենց ժողովուրդներին պարտադրել այդ պայմանագրի արդյունքները:

Իսկ ժողովրդավարի դեպքում՝ պոպուլիզմը շատ մեծ դեր է կատարում: Եվ ուրեմն՝ նախ իշխանության հասնելու համար որոշակի կուսակցությունը ժողովրդավար ընտրությունների դեպքում պիտի լինի շատ նացիոնալիստական, այսինքն՝ ինքը արդեն պիտի ժողովրդի ձայնը գրավելու համար շատ բարձրակոչ, բարձրաոճ նացիոնալիստական հռետորաբանություն օգտագործի իր ընտրապայքարի նախնական փուլում: Ուրեմն երբ նա գալիս է՝ նա արդեն ունի նացիոնալիստական աուրա: Եվ հետո, եթե նա հանկարծ գնաց կոմպրոմիսի (իսկ այսպիսի բանակցությունների դեպքում խոսքը միայն կոմպրոմիսների մասին է գնում՝ ոչ դրական գումարով արդյունքների), ապա նրան կգցեն իշխանությունից. օպոնենտները կօգտագործեն հենց այդ փաստը և ժողովրդին կհամախմբեն և… Դրա համար ասում է, որ «հակաժողովրդական» իշխի դեպքում ավելի լավ է. ինքը կպարտադրի զենքի ուժով, բռնի ուժով՝ ժողովուրդը ստիպված կընդունի:

Եվ եթե նայում ենք աշխարհի պատմությունը՝ տասնիններորդ դարում լինի դա, կամ քսաներորդ դարի սկզբում, կամ քսաներորդ դարի մեջտեղները. լինի դա, չգիտեմ, Սան Ստեֆանո թե Բեռլին, թե Սևր, թե որևէ այդպիսի դեպք, թե, ասենք, Պոտսդամ[23] և այլն, և այլն, միշտ հավաքվել են՝ ավտորիտարները, իրենք սահմանները գծել են... Աֆրիկան վերցրեք՝ սենց ուղիղ գծով սահմաններ են գծած – քանոնով դրել-քաշել են: Եվ դրա պատճառով այդ ցեղերը ընկել են սահմանների տարբեր կողմեր և հազար ու մի կոնֆլիկտ է առաջացել: Նույնը՝ Աֆղանստանը, նույնը՝ Սիրիան և այլն, և այլն:

Ուրեմն, հիմա դա «իրականությունն» է էսպես ասած. ռեալպոլիտիկ մտածողությունն է: Բայց մենք գտնվում ենք կոնֆլիկտների տրանսֆորմացիայի պարադիգմում՝ ուրեմն մենք ավելի շուտ գործ ունենք, այն, որ երեկ ես նկարագրում էի[24], մի քիչ այսպիսի՛ (ոչ բուրգային) իրադրության հետ: Մենք այս իրադրության խնդիրները դեռ չենք լուծել. թե ի՞նչ է նշանակում, երբ ամբողջ հասարակությունն է պատրաստ բանակցել ավտորիտար համակարգի հետ: Մենք դեռ չգիտենք, թե ի՞նչ առավելություններ է դա մեզ տալիս: Դա դեռ չլուծված խնդիր է: Դա հիմա մտածմունքի, մտածման փուլում է գտնվում: Բայց մեր այսօրվա իրադրությունն այսպիսին է (ոչ բուրգային), և եթե ընտրությունները Հայաստանում հաջող անցան, ապա այն շարունակելու է մնալ այսպիսին, և դա նոր հնարավորություններ է տալու, որովհետև կոնֆլիկտների տրանսֆորմացիայի պարադիգմը դառնում է հասարակության սեփականություն, օրինակ, այն առումով, որ դու հասկանում ես, որ եթե բանակում եղած խնդիրները լուծեցիր՝ դու ուժգնացնելու ես քո բանակցող կողմը. մինիմալ ինչ-որ օրինակ եմ ասում: Դու հասկանում ես, որ կան, ըստ երևույթին, ինչ-որ ստեղծագործական մեթոդներ, որոնց վերաբերյալ մենք վաղն ենք խոսելու՝ ազատ մտածելու, թե ինչպե՞ս կարելի է, ի՞նչ առաջարկել, ինչպե՞ս մոտենալ խնդիրներին, որոնք մինչ այժմ, այս նեղ, «շշի-վզիկային»[25] իրադրության մեջ, երբ խոսքը գնում էր միայն մեկ հոգու և շատ փոքր խմբի մասին, որոնք մտածում էին այդ հարցերի վերաբերյալ, մարդկանց մտքով էլ չեն անցել, կամ եթե անցել են՝ դեն են նետվել, կամ եթե դեն չեն նետվել՝ նրանք իջեցվել են ա՛յս մակարդակի, «շշի-վզիկայի՛ն» խոսակցությունների մակարդակի: Այսինքն՝ մեկ ա դա իրական, լուրջ պետական մակարդակի հետ կապ չունի:

Հիմա կտեսնենք, թե ստեղծագործականությունը ի՞նչ արդյունքների կարող է բերել. դա՛ է փոխվել իրադրության մեջ:

Բայց այս մակարդակները՝ «միջին» և «ստորին», շատ կարևոր են, որովհետև նույնիսկ այն իրադրության մեջ, երբ նրանք պետության գլխիկից՝ այդ «շշի վզիկից», լրիվ տարազատված են, երբ նրանց միջև հաղորդակցություն չկա, երբ պատնեշն անթափանց է, ինչպես եղել էր մինչ այժմ Հայաստանում էլ, հայկական կողմում էլ, ադրբեջանականում էլ, - նրանք պահպանում են ժողովրդական դիվանագիտության մակարդակով երկխոսելու հնարավորությունը: Հսկայական փորձ են կուտակում, թե ի՞նչ ստացվեց, ի՞նչ մարդիկ են այնտեղ, ինչպե՞ս են նրանք վերաբերվում կոնֆլիկտին, վստահություն հնարավո՞ր է արդյոք նրանց հետ, թե ոչ:

Իսկ երբ այստեղ՝ «վերին», «միջին» և «ստորին» մակարդակների միջև առաջանում են «ծակեր», ստեղծվում է հաղորդակցություն... Եվ մենք այսօր կունենանք դրա շատ հետաքրքիր օրինակը... Որովհետև դա հազվագյուտ պատմական դեպքեր են ,ժողովուրդ ջան, Հայաստանի և մեր տարածաշրջանի համար՝ որ պետության բարձրագույն մարմնի ներկայացուցիչները շաբաթ օրով գան մի խումբ երեխաների հետ միասին քննարկելու… Դա ունիկալ դեպքեր են... Քննարկելու այն հարցը, որը միշտ եղել է զուտ շատ գաղտնի, «շշի վզիկի» սեփականություն, և միայն օֆիցիալ ինչ-որ «պրես-րիլիզներով» կամ «պրես-կոնֆերանսներով» ինչ-որ բան է հաղորդվել հանրայնությանը:

Դա հսկայական փոփոխություն է: Մենք դրա օրինակը մի անգամ էլ տեսանք էս վերջերս, որովհետև մեր գործընկերը Թուրքիայում՝ Օսման Քավալան[26] գտնվում է բանտում: Նա ունի կազմակերպություն՝ Անադոլու Քյուլթյուր[27], և նա բանտից կարողանում է մի քիչ շարունակել առաջնորդել այդ կազմակերպությունը: Շատ հետաքրքիր իրադրություն է: Եվ մենք շարունակում ենք նրանց հետ աշխատել հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ: Եվ ահա նրանք բերեցին Հայաստան «Անի» ցուցահանդեսը, որ մինչև հիմա էլ կա ճարտարապետության թանգարանում: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս այցելել, տեսնել: Եվ «Անի» ցուցահանդեսի բացմանը[28] առաջին անգամ մեր կազմակերպության պատմության մեջ, երբ Հայաստան-Թուրքիա երկխոսություն է տեղի ունենում, ինչ ավարտվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը»[29]՝, այդ պահից սկսած եկավ պետության ներկայացուցիչ. եթե չեմ սխալվում՝ դա Սփյուռքի նախարարի տեղակալն էր… Մշակույթի նախարարի տեղակալն էր, կներե՛ք – առաջին անգամ: Եվ գիտե՞ք ինչ. դա կարևոր չի՝ օֆիցիալ ստատուսով ես գալիս, փողկապով և այլն, թե, էսպես, մայկայով, բայց դա նշանակում է՝ չկա այլևս այս անջրպետը:

Հիմա մենք խոսելու ենք այս՝ «երկրորդ» և «երրորդ» մակարդակի տարբերակների մասին: Երբ ասում են «second track»՝ երկրորդ մակարդակ, շատ հաճախ նկատի ունեն էլի… Որովհետև այս բոլոր կոնցեպտները ստեղծվում են գիտության կողմից. հասարակությունը անում է գործը, գիտությունը փորձում է դա ընդհանրացնել, հասկանալ՝ ի՞նչ տեղի ունեցավ, հետո դա որպես գործիք, կիրառուկ կամ թեկուզ ինֆորմացիա ստանում են պետության օֆիցիալ ներկայացուցիչները: Եվ նրանք միշտ, այ, էս նույն սկզբունքով՝ կոնցեպտ-կարծիք, երբ խոսոմ էինք կոնտեքստի ընդլայնման մասին, հակված են մեն-մի՛ իմաստ դնել:

Ուրեմն. ինչո՞ւ երկրորդ մակարդակ, ինչո՞ւ «second track». որովհետև իրենք՝ «շշի-վզիկայինները», համարում են, որ իրենք էլի դա են` «first», «առաջին» մակարդակը: Բայց դրանից բացի էդ «second track» հասկացությունը ունի երկրորդ իմաստը նույնպես, որ «second track»-ի մեջ մտնում են նրանք, ովքեր ազդեցություն ունեն այս «սարսափելի», «հեղինակավոր» իբր-թե-որոշում-ընդունողների վրա, որոնք, կարող է պատահի, պարզապես ինչ-որ մարդասպան են, կամ ինչ-որ բան (անգլերեն բառ կա)՝ փլեյբոյ. իմ պես (կատակ): Ուրեմն՝ էդ «second track»-ը պիտի լինի կամ նախկին դիվանագետ, կամ, ասենք, չգիտեմ, ինչ-որ մեկը՝ Շավարշ Կարապետյան, կամ Յուրիկ Վարդանյան (երբ դուրս եկավ նա՝ լինելուց «first track»): Չգիտեմ՝ Մարադոնա և այլն: Ատոմ Էգոյան կամ իր կինը...  Ռուբեն Վարդանյան և այլն: Մարդիկ, որոնք այնքան հարգանք ունեն… որոնք կարող են «first track»-ին ինչ-որ հաղորդում, ինչ-որ մեսիջ տալ, հաղորդագրություն տալ. կարող են ազդեցություն ունենալ որոշում ընդունողների վրա: Իսկ մենք՝ «սովորական մահկանացուներս»՝ ոչ մի... Ա՛ռը, հա՛: Ի՞նչ ազդեցություն կարող ենք ունենալ որոշում ընդունողների վրա:

Դրա համար դա կոչվեց «second track», որը նշնակում է, որ կար «first track», կար «fourth track», կար fifth track, այսինքն՝ նայած, թե դու քանի ձեռքսեղմում ես հեռու այն գողից, որը նստել է գահին, էդքան «track»-եր գոյություն ունեին: Իսկ իրականում սա պարզապես հիերարխիկ մտածողության վառ օրինակ է: Դրա համար մենք դա չենք օգտագործում…

Մենք սա անվանում ենք «civil society peacebuilding» – քաղաքացիական հասարակության կողմից իրագործվող խաղաղարարություն կամ «conflict transformation work» – կոնֆլիկտների տրանսֆորմացիայի աշխատանք, քաղաքացիական հասարակության կողմից իրագործվող:

Եվ «grassroots». էլի շատ հիերարխիկ հասկացություն է: Այսինքն, եթե դու ծնվել ես Երևանում՝ դու արդեն գոնե fifth track ես, իսկ եթե, չգիտեմ, Գարգառ գյուղում՝ ապա դու էնտեղ «grassroots» ես, էլի, էսպես ասած:

Էդ սաղ հիերարխիան մի կողմ թողնելով՝ ինչպե՞ս են կազմավորվում այդպիսի հանդիպող, բանակցող խմբերը. ի վերջո, իրոք, նախկին դիվանագետները, նախկին զինվորականները՝ նույնպես իմաստ ունի, որ հանդիպեն, եթե նորմալ մարդիկ են ու եթե ունեն ճիշտ օրակարգ: Մյուս կողմից՝ մեդիայի աշխատողները՝ ժուռնալիստները; բիզնեսմենները, երիտասարդները, կանայք – իրենք առանձին խնդիրներ ունեն քննարկելու: Ասենք, մի շարք կազմակերպություններ Հսայաստանում՝ ասենք, Գյուլնարա Շահինյանի կազմակերպությունը, երկար տարիներ կանանց երկխոսությամբ է զբաղվում: Մասնագետներ տարբեր ասպարեզների՝ բժիշկները, նկարիչները, ստեղծագործողները, երաժիշտները և այլն:

Ուրեմն՝ այդ բոլոր տարբեր խմբերի մարդիկ կամ խառը խմբեր հանդիպում են որոշակի օրակարգով: Եվ պիտի օրակարգ լինի. ի՞նչ են ուզում, ինչի՞ են ուզում նրանք հասնել: Եթե նայեք ֆասիլիտացիայի վերաբերյալ նախորդ հաղորդումը[30]՝ ես էնտեղ նշեցի գլխավոր, այսպես ասած, հանգամանքները կամ պարագաները: Հանդիպումը պիտի ունենա նպատակ. պիտի ունենա օրակարգ, և սա շատ կարևոր բան է. և՝ երրորդը, որ ֆասիլիտատորից շատ ուժեղ պահանջվում է՝ դա ինքնագնահատումն է, էն, որ անգլերեն ասում են «self-awareness» . ինքդ քեզնից տեղյակ լինես և ուրիշներից՝ խմբի մարդկանց, մասնակիցների տրամադրության զգացողություն:

Սա շատ մտածվող պրոցես է: Էստեղ սխալ է անպատրաստ գնալը: Միշտ, շատ հաճախ, կարող է կիքս լինել, եթե դու պարզապես ասացիր մտքիդ եղածը, կարծիքը: Դու պիտի անընդհատ մտածես. «Իսկ ես ինչպե՞ս եմ ընդունվում. արդյոք երևու՞մ է, որ էստեղի կոճակս չկա, արդյոք փորս չափից դուրս մեծ չէ՞, որ ազդի ուրիշների տրամադրության վրա, արդյոք ոչի՞նչ, որ ես... Ի՞նչ «statement» եմ ես անում, որ ես առանց գուլպաների եմ անցկացնում այս շոգ ժամանակով այս միջոցառումը...»: Մարդ պիտի շատ հստակ տեղյակ լինի ինքն իրենից, եթե նա այսպիսի գործի մեջ է մտել: Չէ որ խոսքը պատերազմի մասին է, պատերազմող կողմերի ներկայացուցիչների միջև հանդիպման:

Հեշտ ֆասիլիտացիոն պրոցեսներ էլ կան: Բայց՝ ոչ պատերազմի իրադրության մեջ ֆասիլիտացիան: Իմ խոսքն այստեղ պատերազմի մասին է՝ պատերազմի իրադրության մեջ գտնվող կողմերի միջև ֆասիլիտացիա անելու մասին:

Չնայած՝ հեշտն էլ ես օրինակ բերեմ: Որ նույնիսկ հեշտը՝ ասենք, ձեզ հետ աշխատելը, - մենք նույն ընթացքի մեջ ենք, մեր միջև խոշոր խնդիր չկա, բայց նույնիսկ հենց այս դեպքը շատ ուժեղ ինքնատիրապետում է և ինքնառեֆլեքսիա է պահանջում: Եվ ընդհանրապես… Դա կոչվում է ռեֆլեքսիա[31]՝ այս երրորդը (self-awareness-ը). և՛ քո սեփական անձի նկատմամբ, և՛ նրանց նկատմամբ, ում հետ աշխատում ես՝ մասնակիցների նկատմամբ. հասկանալը նրանց որքան հնարավոր է: Դա շատ հնարավոր չէ (մենք իրար մտքեր կարդալ չենք կարող), բայց որքան հնարավոր է. դա կոչվում է ռեֆլեքսիա: Կոնֆլիկտի մեջ՝ հանդիպակաց կողմիդ էլ փորձել հասկանալը: Խնդրեմ.

52:36 Դահլիճ – Այս կոնֆլիկտում ֆասիլիտատորը ո՞վ է։  

ԳՏԳ - Ես հիմա կպատմեմ դրա մասին: Նայած… Եթե նկատի ունեք օֆիցիալը՝ դա այս եռյակն է: Եթե նկատի ունեք մեր՝ ԵՀՀ մասշտաբի արվող գործը, որին ձեզնից ոմանք կմասնակցեն նոյեմբերին Թբիլիսիում հանդիպմանը՝ ապա մենք ենք: Հիմա ես կասեմ:

Ուրեմն՝ գոյություն ունի, ինչպես ասացի, միայն այս երեք տարբերակը (1-կոնֆլիկտից անտեղյակ, 2-կոնֆլիկտի մեկ կողմի, կամ՝ 3-մյուս կողմի ներկայացուցիչներ): Բայց այստեղ կա ևս մի տարբերակ (ուրիշ գծով, ուրիշ գույնով անեմ), որը ես անվանում եմ կողմնակալ կամ մասնակի ֆասիլիտատոր[32]: Դա այն անձն է, որը կողմ է ներկայացնում. նա շահառու է կոնֆլիկտի լուծման, սակայն գիտակցորեն ընդունել է հանդուրժող, գիտակցորեն ընդունել է կոնստրուկտիվ վարմունքի ռազմավարություն, որպեսզի օգնի ֆասիլիտատորին՝ պրոցեսը հաջողությամբ առաջ տանել, բերել ճիշտ, հաջող արդյունքի: Մեծ կամ փոքր:

Ուրեմն՝ կողմերում կարող են լինել կոնստրուկտիվ և դեստրուկտիվ ուժեր: Նրանք, ովքեր կոնստրուկտիվ են՝ մենք նրանց անվանում ենք մասնակի կամ կողմնակալ ֆասիլիտատոր: Եվ նրանք թիմայնանում են, եթե կա՝ գլխավոր ֆասիլիտատորի հետ, բայց հաճախ, եթե այս պրոցեսը սկսվել է՝ կարող է չլինել գլխավոր, այսպես ասած, «անկախ», այսպես ասած, «արևմուտքից եկած» ֆասիլիտատոր: Կարող է լինել՝ կարող է չլինել: Կարող է լինել թիմի անդամ՝ կարող է չլինել:

Մենք մեր գործընկեր կազմակերպության հետ՝ Բաքվի, միասին ենք. մեր թիմը, որ հիմա ձեզ հետ այս միջոցառումն է անցկացնում, և ադրբեջանցի մեր գործընկերների թիմը՝ մենք միասին ենք անցկացնում այս պրոցեսները: Մենք սովորաբար ևս մեկ այլ ֆասիլիտատոր չենք ընդգրկում, այսինքն՝ մենք աշխատում ենք այն իրադրության մեջ, երբ, այսպես ասած, «մեջտեղինը» չկա: Որովհետև՝ մեկ է, եթե նա լիներ՝ պիտի սկսեին նրան «կիսել», և այլն: Եվ կարիքը չկա, քանի որ մենք մեր մակարդակով լավ լեզու ենք գտել մեր գործընկերների հետ: Մենք տարիների ընթացքում վստահել ենք միմյանց, մենք հարգում ենք միմյանց, մենք լավ գիտենք միմյանց՝ լավ ենք ճանաչում միմյանց, և անկեղծորեն, այ, եթե հիշեք էն իրար «քցելու», էսպես ասած, ալգորիթմը՝ այդպիսի դեպքեր մեր հարաբերությունների մեջ տեղի չեն ունենում. այսինքն գնում է միայն ՀՀ՝ համագործակցություն-համագործակցություն ալգորիթմը մեր կարողությունների սահմաններում: Հարց կա՞ր ինչ-որ. խնդրեմ:

56:00 Դահլիճ –Ես մի քիչ խնդիր ունեմ «անկախ» բառի հետ: Ինչու՞ են շատ բարձր մակարդակում գտնվող ուժեղ, ըստ էության, ֆասիլիտատորները կոչվում «անկախ», եթե իրենք շատ, ասենք, գերհզոր պետությունների ներկայացուցիչներ են, որոնք հստակորեն ունեն շատ ավելի ծանրակշիռ ու լուրջ համաշխարհային շահեր, քան, ասենք, մեր նման փոքր պետությունները: Արդյո՞ք քննադատական մտածողության տեսանկյունից կոնֆլիկտին նայելու առանցքային խնդիրը հենց իրերը իրենց անունով կոչելու մեջ չի: Որովհետև, եթե մենք չենք կոչում իրերը իրենց անուններով՝ մենք թաքցնում ենք ինչ-որ մի իրականություն, էդ իրականությունը սկսում է իրան, էսպես ասած, սխալ, կամ դեստրուկտիվ, կամ ոչ էնքան կոնստրուկտիվ վերարտադրել: Ինչի՞ ենք մենք իրան կոչում «անկախ», կոպիտ ասած, ու ինչի՞ ենք մենք էս վերին… վերին էն եռանկյունը…

57:04 ԳՏԳ – Ես «անկախ» չասացի: Ես ասացի. «Նրանք անջատված էին»…

57:08 ԳՂ – Չէ, չէ, դրանց մասին չեմ խոսում: Այ էս… Հա, հա, այ էդտեղ, որ ասեցիք «անկախ»՝ չի գալիս անկախ, որովհետև… Չէ, ասեցիք… Հա: Որովհետև, եթե մենք մեջտեղում... դուք ինքներդ տարբերակվող գույներով որ նշել եք, չէ՞՝ դուք ասեցիք. «Մասնակի շահառու՝ մասնակի անկախ», չէ՞: Այսինքն՝ ինքը մասնակի… Կողմնակալ, հա՛: Այսինքն, եթե մենք գիտենք, որ մենք էս մակարդակում կողմնակալ ենք կամ բուրգի վերևում կողմնակալ ենք, չէ՞՝ մենք հստակ նաև կարողանում ենք դրա շնորհիվ բարձրաձայնել մեր շահերը: Իսկ եթե մենք էն ամենավերևում գտնվողին կոչում ենք «անկախ»՝ մենք ըստ էության տաբու ենք դնում իրա իսկ շահերը, իրա շահերը բարձրաձայնելու վրա:

57:51 ԳՏԳ – Ես անկախ չեմ կոչել, Գայանե ջան. եթե կոչել եմ՝ դա նկատի չեմ ունեցել: Как раз իմ ամբողջ ելույթը նրա մասին էր, որ անկախ գոյություն չունի, որ անկախը միայն նա է, որ տեղյակ չէ կոնֆլիկտից: Որ հենց որ մեկը տեղյակ է լինում կոնֆլիկտից՝ նա ընդգրկվում է դրա շահերի բոլոր հանգամանքների մեջ:

58:09 ԳՂ – Ուրեմն ոչ ուղղակի իմաստով եք օգտագործել։

58:11 ԳՏԳ – Երևի՝ համեմատելով սրանց (կոնֆլիկտի կողմերի) հետ երևի, այդ առումով ընդամենը: Խոսքը կոնֆլիկտից եղած դիստանցիայի մասին է: Բոլոր մարդիկ՝ աշխարհի բոլոր մարդիկ դասավորվում են տվյալ կոնֆլիկտից որոշակի դիստանցիայով: Ուրեմն՝ ըստ պաշտոնի, թե ըստ տարածքի, ասենք վրացիները ավելի մոտիկ են հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, քան, ասենք, Արխանգելսկի ռուսները: Բայց կարող է Արխանգելսկի ռուս որևէ մեկին նշանակեն այս դեսպանին, և նա ստիպված պիտի այդ կոնֆլիկտով զբաղվի, և այլն: Այսինքն՝ ամբողջ աշխարհը տարաբաժանվում է ըստ նրա, թե ինչ հեռավորություն ունեն մարդիկ այս կոնֆլիկտից: Եվ մենք, որպես արդեն այսպիսի հասարակություն, պիտի մեր ձեռքը վերցնենք, այսպես ասած՝ մեր մասնակցայնությունը ունենանք այդ հարցի՝ կոնֆլիկտի լուծման տարբերակների քննարկմանը. էլ չասած, որ մինչև այս էլ պիտի ունենայինք, և մենք անընդհատ դրա մասին խոսում էինք, որ բոլորից է կախված, որ դա բոլորի գործն է, ամենօրյա գործն է դա հասցեագրելը:

Ու՞ր հասանք: Հասանք նրան, թե ի՞նչ պիտի անի ֆասիլիտատորը:

Օրակարգը. ժողովուրդ ջան, օրակարգը՝ միջոցառման սցենարը, նշանակում է՝ լավ ճանաչելով կողմերին, հնարավորությունները, նախորդ պատմությունը՝ երևակայություն օգտագործել շատ ուժեղ, պատկերացնել, թե ի՞նչ տեղի կունենա այդ միջոցառման ժամանակ: Պրոյեկտը միշտ ապագան գուշակելու հետ է կապված: Ուրեմն դու պիտի ապագան պատկերացնես. ի՞նչ օրակարգ ես դու ուզում, ի՞նչ նպատակներ կան՝ ի՞նչ մինիմալ նպատակներ, ի՞նչ մաքսիմալ նպատակներ: Կարո՞ղ են արդյոք լինել մինիմալ նպատակներ: Կարո՞ղ է արդյոք մաքսիմալ նպատակդ իրագործվի այսպիսի միջոցառման ժամանակ: Մյուս կողմից. ինչի՞ց խուսափել, որո՞նք են ռիսկերը: Որովհետև կարևորագույն սկզբունքներից մեկը, ինչպես և բժշկի դեպքում՝ վնաս չբերել. Do no harm: Ինչի՞ց խուսափել:

Այս ամբողջը՝ այս օրակարգը շատ լրջորեն պիտի պատրաստվի, պիտի նախապատրաստվի: Հաշվի առնելով նաև անսպասելիությունները, հաշվի առնելով նաև, որ մասնակիցներին դուք հնարավորություն եք տալու ազատ դրսևորվել նույնպես՝ օրակարգի ինչ-որ մասը շատ կազմակերպված է, ինչ-որ մասը՝ քիչ: (Օրակարգը պիտի ճկուն լինի, հեշտ փոփոխելի, սակայն՝ իր նպատակները չզոհաբերող):

Եթե դուք դիտարկեք մեր օրակարգը այս երեք օրվա՝ դուք մոտավորապես պատկերացում կստանաք օրակարգի, որը էլի երկու կողմի երկխոսության մասին չէ, այլ մի հաճելի ամբողջության մասին է: Բայց մենք էդ օրակարգի վրա, չգիտեմ, շաբաթներով աշխատել ենք, որ այն ճիշտ կազմենք, մինչև էստեղ գալը: Դա շատ կարևոր է, որովհետև շատ հաճախ այդ նախագահողները (որովհետև ֆասիլիտատորը հաճախ կարծում է՝ ինքը «նախագահող» է)՝ իրենք սարսափելի սխալներ են թույլ տալիս: Շատ հաճախ միջոցառումների իննսուն տոկոսը անհետաքրքիր է, կամ փլվում է, կամ մասնակիցների մեծամասնության համար ձանձրույթ է և քննադատելու առիթ, որովհետև լավ չէր նախապատրաստված: Առավել ևս՝ կոնֆլիկտների կողմերին, երբ դու կողմերի ներկայացուցիչներին կամ կողմերի բնակչության ներկայացուցիչներին ես հրավիրում միջոցառմանը. անպայման դժգոհողներ էլ են լինելու կամ դժգոհություններ, եթե ոչ ամբողջությամբ դժգոհ են մնալու բոլորը: Բայց դու պիտի ամեն ինչ անես, որպեսզի այդ ամենը ստացվի, որպեսզի ով որ գալիս է՝ գա՝ որովհետև ինքը ուզու՛մ է մասնակցել, որպեսզի ծրագիրը լինի այնպիսին, օրակարգը լինի այնպիսին՝ որ հնարավորությու՛ն ստեղծվի նպատակներին հասնել, և՝ անընդհատ պրոցեսին ուշադրություն դարձնելով, այ՝ էդ ռեֆլեքսիան անելով. հիմա՞ ինչ տեղի ունեցավ, հիմա՞ ինչ կարող է տեղի ունենալ, ի՞նչը ինչի՞ հետ կապել, ի՞նչ ռեակցիա եղավ, սա արդյո՞ք կարծիք էր, թե՞ դիրքորոշում, թե՞ շահ: Ինչ-որ բան արտահայտվե՞ց հենց նոր, և այլն: Որտե՞ղ կոնստրուկտիվ իրադրություն եղավ, որտե՞ղ, ասենք, շատ կոպիտ ասած՝ հայկական կողմի ասածը ադրբեջանական կողմից ոչ միայն լավ ընկալվեց, այլև դեռ մի բան էլ ավել ավելացավ, էլի կառուցողական ձևի: Էդպե՜ս. դա շատ մանրակրկիտ աշխատանք է:

Եթե մենք դիտարկենք… Այստեղ երևի նկարեմ ամբողջ այդ ֆասիլիտացիոն դաշտը՝ դոմեյնը, իր բոլոր տարատեսակներով, կիրառուկներով, տարբերակներով և այլն, և, ի վերջո, էլի եմ ասում, սա գործողություն է, գործունեություն է, արվեստ է, սա… Այստեղ հնարավոր չէ լինել ռոբոտի պես: Շատ հակացուցված է լինել ռոբոտի պես հաշվարկած ամեն ինչը: Պիտի հասկանաս, որ սա պրոցես է, ու սիրես էդպիսի պրոցեսներ իրագործելը, ոչ թե փողի համար դա անես: Այսինքն կան մի շարք արժեքներ, որոնք սրան են վերաբերում: Ասենք, եթե սկսենք նրանից, ինչ չի կարելի անել. օրինակ՝ ժամը…

  1. (չի կարելի) ժամը չխախտել, որովհետև դոգմատիկ կերպով գրված է, որ ժամը պետք է պահպանել, և երբ կողմերը վերջապես բացվել են ու իրար հետ ինչ-որ կարևոր բան են քննարկում՝ ասես. «Կներե՛ք, կներե՛ք, մեր էս սեսիայի ժամը վերջացավ»: Չի՛ կարելի. կան բաներ, որ չի կարելի անել:
  2. Կամ՝ խոսք չտալ կողմերից մեկին: Եթե մեկը խոսել է՝ ասում ես. «Կներե՛ք, սեսիան ավարտվեց»: Դա ուժային է և շատ հաճախ կարող է բացասական ազդեցություն ունենալ…
  3. Բայց պիտի էնպես խոսք տաս կամ էնպես պատրաստ լինես, որ երբ նա խոսեց ոչ կառուցողական կերպով՝ հետո էլ մի բան լինի, որ դեպի կառուցողականություն դա վերադառնա: Ուրովհետև ես ասացի՝ կան կողմնակալ ֆասիլիտատորներ, որոնք օգնում են պրոցեսին: Եվ հաճախ լինում են մարդիկ, որոնք էմոցիաներից, ռեֆլեքսիա բավական անել չկարողանալուց, որևէ լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ պատճառով (դեստրուկտիվ դեր են կատարում): Հակառակը՝ նրանք եկել են որպես մարտիկ, որպես զինվոր: Նրանք եկել են, որ «դրանց երեսին ասեն», ինչ են մտածում իրանց մասին: Ու իսկ հետո՝ թքած, թե ինչ կլինի: Դա էլ է շատ հաճախ պատահող դեպք։
  4. Դրա համար այս մարդկանց, որը կոչվում է ոչ կոնստրուկտիվ ազդեցություններ, նրանց հետ նույնպես պետք է գտնել վարվելու ձև: Հաճախ նրանք, հասկանալով, որ իրադրությունն ուրիշ է, փոխվում են դեպի միջոցառման ավարտը կամ սովորելու ընթացքում և դառնում են էլի կողմնակալ ֆասիլիտատորներ:
  5. Եվ ուրեմն էստեղ ամենակարևորը ի՞նչն է, քվինտէսենցիան՝ գործիդ: Այ, ամենաուժեղ արդյունքը ի՞նչը կլինի. դնենք դա, ասենք, մոտավորապես այստեղ: Եթե մաքսիմալ նպատակին հանկարծ հասցվի. եթե դու կողմնակալ ֆասիլիտատոր ես. այդ դեպքում մաքսիմալ արդյունքն էսպես կարելի է ձևակերպել. որ մյուս կողմը այնպիսի առաջարկով հանդես գա, որը դու կուզեիր ասել, բայց չէիր ասում, որովհետև կարծում էիր, որ նրանք չեն ընդունի[33]: Եթե դու ինդուկցիա անես այնպիսի իրադրություն, որ քո ուզածը ու քո հասկացածը դիմացինը ասի:

Ես ձեզ շատ կոնկրետ օրինակ բերեմ. դա քվինտէսենցիան է, էսպես անվանենք, մեր հարաբերությունների՝ մեր գործընկերների հետ: Տեսնելով, որ այս կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցը, որ մենք տարիներ շարունակ անում ենք, շատ լավն է, հաջող է, երիտասարդները՝ հաջորդ սերունդը, լիքը բան են հասկանում՝ իմ գործընկերուհին Բաքվից հանկարծ ասաց մեր թիմին. «Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք հատուկ ֆինանսավորման գիծ ստեղծենք մեր կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի մասնակիցների համար, որպեսզի նրանք հետագայում կոնկրետ պրոյեկտներ կարողանան իրագործել»: Գոնե փոքրիկ ռեսուրս լինի, որ իրանք եթե ուզեն, եթե գաղափարը գտան, մշակեցին, մենք էլ ընդունեցինք՝ կարողանան առաջ տանել: Դա հենց այդպիսի օրինակ էր, որ իմ մտքին կար, բայց ես, հաշվի առնելով, ոչ թե որովհետև գործընկերուհիս չէր ընդունի, որովհետև չի ուզում ինչ որ լավ բան լինի, այլ՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրադրությունը՝ այնտեղ պրոյեկտներ անելու դժվարությունները, նույնիսկ խոսելու՝ խաղաղարարության մասին, քաղաքացիական հասարակության դժվարությունները՝ ես չէի էլ համարձակվում դա առաջարկել: Մեկ էլ ինքն է առաջարկում… Դրա համար դուք հիմա ունեք այդ գիծը ֆինանսավորման, որի մասին Վազգենը ձեզ վաղը ավելի մանրամասն կասի:

  1. Պրովոկացիայի և սկանդալայնության մասին ասեմ:

Անկեղծությունը տարբեր դրսևորումներ ունի: Եթե տեսնում ես, որ դիմացինդ անկեղծ է որպես վարող, որպես ֆասիլիտատոր՝ հաճախ դա դրական ազդեցություն է ունենում: Ոչ միայն, ոչ այնքան նույնիսկ երեկոյան գինի խմելուց կամ արաղ խմելուց և կենացներ ասելուց, որքան հենց պրոցեսի մեջ էմոցիոնալությունը ցույց տալ հաշվարկված ձևով. ես խորհուրդ կտայի՝ էլի չհաշվարկված ձևով, բայց պրովոկացիան, անձնական կարծիքը, սեփական կարծիքը, այն, որ քեզ կպնում է այդ իրադրությունը՝ ցույց տալ: Դա էլի վստահության գրավականի պես բան է, առաջացնում է վստահություն դիմացինի առջև, որ սա շատ «կոճկված» մարդ չէ, շատ օֆիցիալ չէ՝ հազիվ թե հետին մտքում ինչ-որ բան ունենա, ինչ-որ թաքուն բաներ ունենա: Ուրեմն՝ էդպես ինչ-որ, մի քիչ աղմուկ, սկանդալ[34], էմոցիոնալ ինչ-որ բան անելը՝ ճիշտ հաշվարկված ձևում, էլի շատ կարևոր է: Եվ մի շարք այլ օգուտներ ունի դա, որովհետև եթե դու կրակը քո վրա ես վերցնում դա անելով՝ մյուսները իրենց շատ ավելի իշխանավորված են զգում, որ «Այ, տեսեք, նույնիսկ այս մարդը չդիմացավ էմոցիոնալին, ուրեմն իմ էմոցիոնալը նախ լեգիտիմ է, երկրորդը՝ ես այդքան չբացվեցի, ուրեմն ես կարողանում եմ ռեֆլեքսիվ լինել և շարժվել դեպի ընդհանուր նպատակ» - մի շարք էդպիսի իմաստներ կարող է ունենալ պրովոկատիվությունը:

  1. Իհարկե շատ կարևոր է հեղինակությունը: Հեղինակությունը և հարգանքը մյուսների նկատմամբ և մյուսների հեղինակության նկատմամբ. մենք ուժայինի մասին չենք խոսում, մենք ոչ լեգիտիմ հեղինակության մասին չենք խոսում, այլ մենք խոսում ենք մեզանից յուրաքանչյուրի հեղինակության մասին, մասնակիցների, ինչպես նաև վարողների: Եվ եթե այդ հարգանքը, այդ արժանապատվությունը չլինի՝ արժանապատվությունը, որ դու զգում ես մասնակիցների նկատմամբ, - իրական հարգանք պիտի լինի, - ապա շատ դժվար կլինի նրանց հետ ինչ-որ ընդհանուր լեզու գտնել: Միևնույն ժամանակ, իհարկե, նաև ներողամտությունը դեպի մարդկային թուլությունները, դեպի այն միջավայրը, որտեղ իրենք գտնվում են, և այլն:

 

  1. Շատ կարևոր է պոզիտիվը՝ դրականը կարողանալ տեսնել: Դա շատ հաճախ ինտերպրիտացիայի վրա է հիմնված: Ոչ թե հանգցնել, ասել. «Էլի չի ստացվում, ժողովուրդ, դուք էլի չեք համաձայնում իրար հետ», - այլ տեսնել դրականը այն պրոցեսում, ինչ տեղի է ունենում: Հենց իմ օրինակից ձեզ ասեմ, եթե հասկանալի լինի. նախորդ սեսիան վերջացավ հանդուրժողականության վերաբերյալ քսան տարբեր կարծիք լսելով: Ես ասացի. դրա մեջ կա մի դրական բան, ու բացատրեցի սա: Մի քիչ բարդ բան բացատրեցի, բայց մոտավորապես դա է. ամեն իրադրությունից հանել դրականը – դա է ֆասիլիտատորի կարևորագույն գործառույթներից մեկը: Ասել. «Տեսե՞ք, ժողովուրդ, ինչ եղավ: Այ, էս ամեն ինչին համաձայն չէիք, բայց այ էս հարցում՝ իրար համաձայն էիք»:

 

  1. Մյուս բանը, որը ես նախորդ սեսիայում նույնպես ասել եմ՝ նախորդ Jam Session-ում ֆասիլիտացիայի մասին[35], դա, ընդհանուր առմամբ, - «կրակը վերցնել քո վրա» է կոչվում է՝ Էսպիսի մի ամբողջ դոմեն կա, արեալ կա, մեթոդիկաներում, կիրառուկներում, որ կոչվում է «suicidal facilitation» ինքնասպան ֆասիլիտացիա, երբ ֆասիլիտատորները կողմերի միջև լարումը թուլացնելու համար գիտակցորեն իրենք են սկսում իրենց վրա վերցնել կողմերի վատ վերաբերմունքը: Դա, օրինակ, որպես պրովոկացիա, եթե տեսնում ես, որ չի ստացվում ինչ-որ բան… Էլի մեզ մոտ տենց օրինակ էլ եղավ. օրինակ՝ Իզաբելլան է հաճախ դա անում: Էստեղ կողմեր չկան, բայց ամեն դեպքում՝ գիտակցորեն պրովոկացիա է անում, որպեսզի եթե վատ եք վերաբերվելու՝ իրեն վերաբերվեք, եթե դա հնարավոր է (իսկ դա շատ դժվար է), և դուք ձեր մեջ կարողանաք այդ վերաբերմունքի միջոցով ինչ-որ հարցեր լուծել:

 

  1. Կա նաև, էսպես ասած, թավշյա, ասենք, կամ ստվերային ֆասիլիտացիա, կամ՝ լուսանցքային, երբ դու կամաց-կամաց  դուրս ես գալիս, լուսանցք ես դուրս գալիս, տեսնում ես՝ պրոցեսը գնում է ինքնին, չես էլ ուզում քանդել... որովհետև ամեն լավ ֆասիլիտատորի երազանքը ի՞նչն է, որ մասնակիցները, կողմերը իրենք դառնան ինքնաֆասիլիտատորներ և իրենք արդեն առաջ տանեն պրոցեսը: Նույնն էլ Մինսկի խմբի եռանախագահներն են երազում, որ երկու կողմերը վերջապես լեզու գտնեն և արդեն իրենք առաջ տանեն պրոցեսը. դա մեր բոլորի երազանքն է: Եվ, երբ մենք տեսնում ենք թեկուզ փոքրիկ այդպիսի օրինակներ՝ մենք սարսափելի ուրախանում ենք:

Եվ ես հիմա, երևի, կանգ առնեմ, որովհետև ամենագլխավոր բաները ասացի, բնականաբար, արդեն գործին նվիրվածությունը ասացի, ոչ էգոիստական մոտեցումը երեկ ասել եմ էլի: Որպեսզի խաղաղություն հաստատվի՝ ամբողջ աշխարհի և մեր բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների, մեր երկու երկրների ժողովուրդների, երեք հանրությունների ժողովուրդների, ամբողջ տարածաշրջանի՝ բոլորի շահից է: Մենք էգոիստաբար մեր հարցը լուծելու ձև չունենք: Մենք ձև չունենք, որ «մենք կուտակեցինք», «մենք ուժեղացանք», «մենք իրանց ջարդեցինք», «մենք իրանցից պրծանք». ոչ էլ իրանք ունեն էդ ձևը: Մեր բոլորի շահից է, ու դու աշխատում ես ոչ թե էգոիստաբար խաբելու միջոցով, ինչ-որ բան, հավելյալ ինչ-որ աչոկներ հավաքելու համար և այլն՝այլ հարցը իրո՛ք անկեղծորեն լուծելու համար: Եթե դա չկա՝ ավելի լավ է չսկսել էլ: Բոլոր այն միջոցառումները, որոնք այդպիսի («հաղթելու») մեթոդիկայի վրա են հիմնված կամ այդպիսի դինամիկա ունեն՝ պարզապես ավելորդ են, կարող են դրանք տեղի չունենալ. դրանք ոչ առաջ են տանում, ոչ էլ հետ են տանում (բայց հետ կարող է տանեն): Պետք է ոչ բռնիության մշակույթը[36] և այլն:

Եվ ինձ թվում է՝ ես հիմնականը ասացի, երկու օրինակ էլ պատմեցի իմ փորձից, և վերջացնեմ վերջին իմ փորձով, երբ ես ավելի անկողմնակալ ֆասիլիտատոր էի, քան սովորական հայ-ադրբեջանական կոնտեքստում եմ լինում. մեկ այլ կոնֆլիկտի կոնտեքստում էի: Մեծ պատիվ էր ինձ համար. ես հրավիրվել էի մասնակցելու մեկ այլ կոնֆլիկտի երկխոսական խմբի ձևավորմանը որպես ֆասիլիտատոր: Եվ այնպես ստացվեց, որ չնայած ես ունեի օգնականներ երկու կողմից... Անպայման, եթե դու երրորդն ես այդ դեպքում… Վերադարձնենք այս երրորդին նկարի մեջ: Եթե դու երրորդն ես՝ դու լավ կլինի գոնե կողմերից շատ հստակ օգնականներ ունենաս, որոնք արդեն ընդհանուր լեզու գտել են, և նրանք կարող են լինել իրենց թիմերի ոչ ֆորմալ առաջնորդ կամ նույնիսկ ոչ առաջնորդ, բայց իրենց թիմերին կօգնեն, որ պրոցեսը գնա առաջ, և իրենք ուզում են նպատակներին հասնել: Եվ ես ունեի այդպիսի օգնականներ, բայց միայնակ էի՝ թիմայնություն չկար: Հիմա նայեք. էլի եմ ասում էս բզկտելու (ֆասիլիտատորին քո կողմը քաշելու) վերաբերյալ: Հայը՝ մեզ հայտնի այդ կոնֆլիկտի պրոցեսում. ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս էին կողմերը ինձ վերաբերում:

1:16:00 – Ինձ թվում է մեկը կասեր կասեր, որ դուք մյուսի կողմն եք։  

ԳՏԳ –  Այո: Այո: Այո: Իսկ մյուս կողմի ներկայացուցիչները… Անվստահորեն, որովհետև միշտ կարծում են, որ հեսա… հեսա Հայաստանը պոկվելու է իրենց ուղեծրից: Մարդիկ եթե կարծրատիպորեն են մտածում՝ ապա «հայը պրոռուսական է»: Եվ ես իսկույն նրանց ասացի, թե գիտե՞ք քանի հարյուր հազար հայ է ապրում և բարգավաճում ձեր երկրում, և հին հայկական պատմությունը ձեր պատմական տարածքներում, և այս, և այն, որպեսզի ցույց տամ, որ էն, որ մեր կառավարությունը էս կամ էն պատճառով ՄԱԿ-ում իրանց դեմ է քվեարկում՝ դա իմ դիրքի վրա չի ազդում: Ուրեմն. նախ էդ «բզկտոցի» պահը կար՝ ինձ այս կամ այն կողմ քաշել փորձելու:

Երկրորդը՝ դա անցավ, որովհետև օգնեցին այդ անհատական հարաբերությունները նախաճաշի ժամանակ, կամ երեկոյան, կամ պարզապես մի գեղեցիկ պատմություն քո կյանքից պատմել, նարատիվ պատմել, անհատական հարաբերություններ հաստատել՝ շատ կարևոր է: Բայց երկրորդը՝ էդ փոքրիկ հաջողությունը, դրանք միշտ գոհարի պես թանկարժեք են, շատ քիչ են պատահում: Սա շատ դժվար կոնֆլիկտ է, որովհետև սա անտոգոնիստական իր փուլի մեջ է գտնվում՝ էսկալացիոն պարույրի մեջ, ընդ որում՝ չգիտակցվող, և երկու կողմի ռադիկալ ուժերը տարբեր ձևի չեն գիտակցում: Ասենք, մի կողմի ռադիկալ մասը ասում է. «Էստեղ ոչ մի կոնֆլիկտ չկա. մեր զորքը պիտի մտնի ներս, մաքրի էդ ամեն ինչը, ագրեսորին դուրս շպրտի, ով որ էլ համաձայնել է էդ տարածքներում իրանց հետ համագործակցել՝ կոլաբորացիոնիստ է՝ պիտի դատվի, բանտերը գնա. սա զուտ մարդու իրավունքների խնդիր է». կա էդպիսի կարծիք:

Մյուս կողմում՝ լավագույնների մոտ, որովհետև, այսպես ասած, այդ կողմի ազգայնամոլները այդ առումով (և դա հաճախ է կոնֆլիկտի մեջ պատահում) շատ ավելի լավ են գիտակցում դիմացի կողմի շահերը... Եվ հաճախ ազգայնամոլները դիմացի կողմի հետ շատ ավելի մոտիկ լեզու ունեն, քան լիբերալները կոնֆլիկտների ժամանակ, որովհետև լիբերալները հակում ունեն չգիտակցել կոնֆլիկտը, ասել «չկա կոնֆլիկտ, կա օրենքի խախտում»:

(Բռնի կոնֆլիկտը միշտ «օրենքի խախտում է»: Կոնֆլիկտը հենց այն ժամանակ է դառնում անդառնալի, երբ օրենքը չի հերիքում, չի պահում, ջարդվում է: Դրա համար էլ հին՝ նախակոնֆլիկտային օրենքներին հղում անելը, որպես կոնֆլիկտի լուծման տարբերակ՝ անիմաստ է: Դրա համար են ասում. «պատմությանը հղում մի արեք»: Բռնի կոնֆլիկտի լուծումը պահանջում է նոր օրենքների ստեղծում, նոր պայմանավորվածություններ: Օրենքն ի՞նչ է – պայմանավորվածություն: Եթե այն խախտվեց բռնի կոնֆլիկտով՝ կամ բավական ուժ կա, որ ստիպեն նրան կրկին հպատակվել, կամ՝ այդքան ուժ չկա, և այդ դեպքում նոր օրենք է պետք՝ նոր պայմանավորվածություն, նոր համաձայնության, հավասարակշռության համար:)

Մի կողմի համար դժվար է հասկանալ, որ միայն այն փաստը, որ հանդիպումը իրենց լեզվով տեղի ունենում՝ արդեն որպես (թեկուզ նախկին) իմպերիալիզմի արդյունք է, արտահայտություն է մեկնաբանվում. պարզ է՝ դու էլ մեղավոր չես, որ քո նախնիները իմպերիա էին ստեղծել, բայց դու պիտի դա գիտակցես. էդ «self-awareness»-ի, ինքնագիտակցման հարցերից մեկն է: Ասում են. «Բայց ի՞նչ կա որ դրա մեջ: Բա հա՛, մենք բոլորս էլ էդ լեզուն գիտենք, չէ՞ որ մենք բոլորս նույն երկրից էինք գալիս, ուրեմն պիտի դա օգտագործենք»: Նրանք չէին գիտակցում իրենց իմպերիալիստական անցյալի ազդեցությունը այսօրվա իրողությունների վրա: Եվ այդ թերությունն ուժգնացած է իրենց վարքով արդեն, իրենց կառավարության այսօրվա՛ վարքով ուրիշ երկրի տարածքում, ուժգնացած՝ այն կարիքով, որ այդ ուրիշ երկիրն ունի՝ ստեղծել ինքնություն վերջնական: Որովհետև էնտեղ էլ շատ «բզկտված», պառակտված ինքնություն է, չէ՞, էնտեղ էլ, ինչպես և էս կողմում, ինչպես և մեր տարածաշրջանում: Այսինքն՝ սուբէթնիկ խմբերի քանակը շատ է, և նրանք մերված չեն, և հաճախ ապրում են քիչ թե շատ հոծ համայնքներով... Ինչպես մենք էինք ապրում՝ Օսմանյան Թուրքիայում...

Եվ էդ սաղ վիճակներում ես ներողություն եմ խնդրում, ասում եմ «Կներե՛ք, մենք էս լեզվով պիտի անենք, որովհետև իմ կյանքը այնպես է դասավորվել, որ ես ձեր լեզուն չեմ սովորել՝ անգլերեն կամ ռուսերեն պիտի անենք»: Ասում են. «Չէ, եկեք ռուսերեն, որովհետև անգլերեն էդքան լավ չենք խոսում». էլի կրակը վերցնում եմ իմ վրա:

Բայց շատ հաճախ էդ կողմի՝ նախկին կայսրության լիբերալին պետք է լինում բացատրել: Կոնֆլիկտի կողմին ասում է. «Ինչո՞ւ մեզ չեք թողնում ներս՝ ձեր երկիր, որպեսզի մենք տեսնենք, թե մարդու իրավունքների խախտումները ձեզ մոտ ինչ վիճակում են»: Մյուս կողմն ասում է. «Դուք չեք հասկանում, որ դուք ընկալվում եք որպես թշնամի, նույնիսկ ոչ այս գործընկերների կողմից, որոնք ձեզ այդպես չեն ընկալում՝ ճիշտ են հասկանում, բայց էնտեղ հանրության խոշոր հատվածներ կլինեն, որոնք կասեն. «Դու ով ես՝ եկել ես իմ մոտ, իմ մարդու իրավունքների վիճակը նայես»:

Այ, դա շատ կարևոր խնդիրներ են:

Եվ այդ միջոցառման ավարտին նրանք պիտի միասնական տեքստով հանդես գան, որը հայտարարում է, ազդարարում է, որ երկու կողմերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ցանցը ստեղծվեց և շարունակելու է աշխատել: Եվ տեքստի սևագիրը կա:

Բայց իհարկե ի՞նչ է տեղի ունենում վերջին պահին: Եվ հաշվի առնենք, որ սա Եվրոպան է կազմակերպում՝ եվրոպական կազմակերպությունները, և նրանք, իհարկե, շատ ավելի մոտիկ են մի կողմի գործընկերների հետ: Եվ նրանք սկզբում այդ կողմի գործընկերների հետ պայմանավորվել են, որ այսպիսի պրոյեկտ կլինի, հետո նոր մյուս կողմին սկսել են ընդգրկել: Եվ այդ ամենը շատ կարևոր է հասկանալ: Եվ ահա վերջին պահին մեր մի կողմի գործընկերները վերնագրի մեջ մտցնում են… Բացի նրանից, որ, հա՛, ստեղծում ենք քաղաքացիական հասարակության ցանց՝ կոնֆլիկտը, կոնֆլիկտի հարցերը հասցեագրելու վերաբերյալ... նաև՝ «օկուպացիայից», ուրեմն, իրենց երկիրն ազատագրելու վերաբերյալ:

Հիմա՝ ես եմ, կոպեկ փող եմ վճարվում…Նու՝ ես, իհարկե, ոչ փողի համար եմ դա անում... ՀԿ-ական մակարդակի փող եմ վճարվում... Կա՛մ պիտի մենք հրաժարվենք՝ ասենք «Ցտեսություն, ժողովուրդ ջան, գնացինք (չստացվեց)», կա՛մ՝ մի բան պիտի անել:

Շատ հետաքրքիր ձևի լուծվեց: Ես այդ ժամանակ ճառ արտասանեցի, ասացի, որ. «Ժողովուրդ ջան, հիմա դուք փորձության առջև եք. կամ դուք այդ ցանցը ստեղծում եք, և տարիներ հետո դուք հպարտ եք լինելու, որ այն ստեղծեցիք, և սա առաջին բջիջն է լինելու հետագա երկու հասարակությունների կոմունիկացիայի և կոնֆլիկտի հարցերը հասցեագրելու», և այլն, և այլն։ «Կամ՝ ոչինչ չի ստացվում… Հիմա ձեզնից է կախված՝ երկու կողմից էլ. դուք պիտի գտնեք այս իրադրությունից դուրս գալու տարբերակ»: Որովհետև մյուս կողմի գործընկերները, լինելով լիբերալ, մարդու իրավունքների պաշտպաններ, իհարկե համաձայն են, որ դա օկուպացիա է, բայց նրանք չեն կարող իրենց թույլ տալ դա այդպես ձևակերպվի, որովհետև իրենց տանը հանգիստ չի տա իրենց երկրի տեր ու տիրական դարձածը:

Եվ, իհարկե, գտնվեց կոմպրոմիսը, ու շատ մազալու ձևի. վերնագրից դա հանեցին, իսկ չորրորդ թե հինգերորդ կետում՝ տեքստի ներսում, թողեցին, և երկու կողմն էլ դրան համաձայնեց: Տեսեք ինչ հետաքրքիր է՝ «ռիսկի չափման» զգացում… Իմ կարծիքը կլիներ, որ ընդհանրապես դա չպիտի լինի, բայց պարզվեց, որ՝ ոչ: Գլխավորը, որ վերնագրից դա դուրս եկած լիներ, իսկ ներսում՝ մեր հարգարժան մարդու իրավունքի պաշտպաններն ասացին. «Մենք ավելի մեծ դժվարություններ ենք տեսել՝ ոչինչ, մի կերպ յոլա կտանենք, մանավանդ որ համաձայն ենք»:

Այ, էդպիսի իրադրություններ են տեղի ունենում:

Սրանով կանգ առնենք. շատ կարելի է էս հարցերի մասին խոսել, և մնացած ժամանակը շարունակելու ենք այս կամ այն ձևով նույնպես խոսել սրանց շուրջ: Եթե հարցեր կամ կոմենտարներ ունեք՝ խնդրեմ:

1:24:06 Դահլիճ – Ինչքանո՞վ է ճիշտ, որ այ էդ երկու բուրգը, եթե մենք դիտարկենք որպես ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտ, այ էդ բուրգի ձեր ասած գագաթին նստած է հայաստանյան կողմը, քանի որ ճիշտ չի լինի բանակցության սեղան բերել հենց ղարաբաղյան գահի տերերին:

1:24:24 ԳՏԳ – Բնականաբար, դա անհերքելի փաստ է՝ այդպես էր գծագրվել ամբողջ պրոցեսը ութսունութ թվականից սկսած (Ղարաբաղի մասնակցությամբ). էլի դրա մասին կան Jam Session-ներ[37], որ ես խոսել եմ, Նիկոլ Փաշինյանն է խոսում, և այլն, և այլն: Ավաղ, հայկական կողմի բուրգային լինելու պատճառով և ոչ համապարփակ լինելու պատճառով տարիներ առաջ այն ամբողջ ներդրումը, որ արվել էր հայոց երիտասարդ դիվանագիտության կողմից, ջուրը թափվեց, և դրա համար մենք ունենք այն, ինչ ունենք հիմա: Ուրիշ բան, որ հարյուր տոկոսով ավելի կուժգնանա դրա հնարավորությունը, եթե Արցախի քսան թվականին կայանալիք ընտրություններում՝ ընտրությունների շնորհիվ այնտեղ իրադրությունը փոխվի և այնտեղ նույնպես բուրգից դառնա կլորակ: Շնորհակալություն:

1:25:31 Դահլիճ – Ձեզ էլ շնորհակալություն:    

 

Սղագրությունը` Տաթևիկ Ղահրամանյանի

Սղագրության ավարտը` օգոստոսի 18, 2018թ

Խմբագրության ավարտը՝  փետրվարի 22, 2019թ

Խմբագիր՝ Անի Թովմասյան

 

 

[1] Կոնտեքստի ընդլայնում (Jam Session 38)` http://epfarmenia.am/hy/video/context-expansion

[2] Կոնֆլիկտների տրանսֆորմացիա. գաղափարների պատմություն (Jam Session 40) http://epfarmenia.am/hy/video/conflict-transformation-the-story-of-ideas

[3] Ֆասիլիտացիոն հմտություններ (Jam Session 37)՝ http://epfarmenia.am/hy/video/facilitation-skills-Gevorg-Ter-Gabrielyan

[4] «Շրջանի մասերմաս 3 խաղաղություն որոնելիս» ֆիլմը արտադրվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ հայ և ադրբեջանցի ֆիլմարտադրողների մասնակցությամբ։

[5] Getting to Yes: Negotiating Agreement Without Giving In, Roger Fisher and William L. Ury, 1981: https://en.wikipedia.org/wiki/Getting_to_Yes

[7] Անտագոնիզմ` https://bit.ly/2SYc5cx

[11] Տե՛ս՝ Քննադատական մտածողություն տեսություններ (Jam Session 4)՝ http://epfarmenia.am/hy/video/Critical-Thinking-Theories, ինչպես նաև՝ Դավադրության տեսություն. Մաս 2 (Jam Session 23)՝ http://epfarmenia.am/hy/video/conspiracy-theory-part-2

[15] Ներածություն տեքստի հանդեպ քննադատական մտածողության (Jam Session 18)` http://epfarmenia.am/hy/video/Critical-Thinking-text-Introduction

[17] Տե՛ս՝ Կոնֆլիկտների տրանսֆորմացիա. գաղափարների պատմություն (Jam Session մաս 40)՝ http://epfarmenia.am/hy/video/conflict-transformation-the-story-of-ideas, ինչպես նաև Միջազգային քաղաքականություն և զարգացում (Jam Session 9)՝ http://am.epfarmenia.am/cts_international_policy_development/

[18] Տե՛ս՝ Կոնֆլիկտների տրանսֆորմացիա. գաղափարների պատմություն (Jam Session մաս 40)՝ http://epfarmenia.am/hy/video/conflict-transformation-the-story-of-ideas, ինչպես նաև Միջազգային քաղաքականություն և զարգացում (Jam Session 9)՝ http://am.epfarmenia.am/cts_international_policy_development/, և Խաղաղարարություն (Jam Session 1)՝ http://www.epfarmenia.am/index.php/hy/video/Peacebuilding-Gevorg-Ter-Gabrielyan

[22] Խաղաղարարություն (Jam Session 1)` http://am.epfarmenia.am/peacebuilding_gevorg_ter-gabrielyan/

[24] Կոնֆլիկտների տրանսֆորմացիա. գաղափարների պատմություն (Jam Session 40) http://epfarmenia.am/hy/video/conflict-transformation-the-story-of-ideas

[25] Դավադրության տեսություն. Մաս 1 (Jam Session 21)՝ http://am.epfarmenia.am/conspiracy_theory_part-1/

[28] Poetry of Stones, Ani - Exhibition Opening: https://www.facebook.com/events/480477442374916/

[30] Ֆասիլիտացիոն հմտություններ (Jam Session 37)՝ http://am.epfarmenia.am/facilitation/

[31] Խաղաղարարություն (Jam Session 1)՝ http://epfarmenia.am/hy/video/Peacebuilding-Gevorg-Ter-Gabrielyan

[32] Ֆասիլիտացիոն հմտություններ (Jam Session 37)՝ http://am.epfarmenia.am/facilitation/

[33] Խաղաղարարություն (Jam Session 1)՝ http://epfarmenia.am/hy/video/Peacebuilding-Gevorg-Ter-Gabrielyan

[34] ‘Creating a scandal to make a point – in whose favour’?, Գևորգ Տեր-Գաբրիելյանի հոդվածը հրապարակված International Alert-ում՝ https://www.gtergab.com/files/uploads/English%20book/ScandalAlert2013.pdf

[35] Ֆասիլիտացիոն հմտություններ (Jam Session 37)՝ http://am.epfarmenia.am/facilitation/

[36] Տե՛ս՝ Armenia 3.0 Understanding Armenia. 20th Century. Part 2։ http://epfarmenia.am/video/Armenia-3-0-Understanding-Armenia-20th-Century-Part-2, ինչպես նաև՝ Armenia 3.0 Understanding Armenia. 20th Century. Part 8։ http://epfarmenia.am/video/Armenia_3_0_Understanding_Armenia_20th_Century_Part_8

[37] Տե՛ս՝ Խաղաղարարություն (Jam Session 1) http://www.epfarmenia.am/index.php/hy/video/Peacebuilding-Gevorg-Ter-Gabrielyan, Կոնֆլիկտների տրանսֆորմացիա. գաղափարների պատմություն (Jam Session մաս 40)՝ http://epfarmenia.am/hy/video/conflict-transformation-the-story-of-ideas: