Presentation and Discussion of CELoG Study Tour to Estonia
Տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների և հանրային մասնակցության մեխանիզմների կիրառման միջազգային փորձը ուսումնասիրելու նպատակով ՀաՄաՏեղ ծրագրի համընկերության ներկայացուցիչները սեպտեմբերի 12-15–ին մեկնել էին Էստոնիա, որտեղ մի շարք հանդիպումների և այցելությունների միջոցով փորձել էին պատկերացում կազմել էստոնական փորձի հաջողված դեպքերի և Հայաստանում դրանց կիրառելիության մասին։
Այցելության արդյունքները նեկացացնելու նպատակով դեկտեմբերի 19-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գրասենյակում ՀաՄաՏեղ թիմի անդամներ Միքայել Հովհաննիսյանի (ԵՀՀ), Դավիթ Մարգարյանի (ՀՖՄ) և Գրիշա Խաչատրյանի (ՏՀԶՎԿ) մասնակցությամբ կազմակերպվեց ճեպազրույց ծրագրի շահառուների և գործընկերների համար։
ԵՀՀ ծրագրի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը բացատրեց, որ Էստոնիան որպես ուսումնասիրության առարկա ընտրելիս ՀաՄաՏեղ ծրագրի համընկերությունն առաջնորդվել էր հետևյալ չափանիշներով՝ Հայաստանի և Էստոնիայի ընդհանուր խորհրդային անցյալը և համապատասխանաբար երկու երկրներում անցումային փուլերի առկայությունը, երկրների տարածքի և բնակչության թվի նմանությունը, արտագաղթը որպես երկու երկրներում ակտուալ խնդիր և այլն։
Ըստ ՀՖՄ փորձագետ Դավիթ Մարգարյանի՝ էստոնական փորձը բավականին հետաքրքիր է և կիրառելի։ Մասնավորապես՝ ողջ երկրի տարածքում հարկվում է շահումով խաղատների գործունեությունը, իսկ հավաքված ողջ հարկը գնում է ՔՀ ֆինանսավորմանը։ Ըստ փորձագետի մեկ այլ հաջող և կիրառելի օրինակ է այն, որ Էստոնիայի համայնքներում կոմունալ ենթակառուցվածքների կառուցման, պահպանման և շահագործման ոլորտը տրված է մասնավոր ձեռնարկություններին՝ համապատասխան ֆինանսավորմամբ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել ծառայությունների մատուցման բարձր որակ և պահպանել մրցակցային միջավայրը այս ոլորտում։
ՏՀԶՎԿ նախագահ Գրիշա Խաչատրյանի պնդմամբ Էստոնիան, հանդիսանալով ՏՏ ոլորտում առաջատար երկրներից մեկը, բավականին արդյունավետ կերպով կարողանում է օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները ՏԻ ոլորտում։ Այս առումով կարևորագույն փոխառելիք փորձը կարող է լինել տարբեր պետական հաստատությունների տվյալների բազաների համադրելի դարձնելը, որպեսզի տարբեր էլեկտրոնային համակարգերում հնարավոր լինի գեներացնել օգտատերերին անհրաժեշտ տեղեկատվությունը։
Մոտ ապագայում ՀաՄաՏեղ ծրագրի համընկերությունը կհրապարակի Էստոնիա կատարած այցի հիման վրա մշակած զեկույցը, որը հասանելի կլինի ՀաՄաՏեղ պորտալում և կտարածվի ծրագրի գործընկերների շրջանում։
Սկզբնաղբյուր՝ www.celog.am