Ardi.am Covers the "Kayaran" Literary Contest (in Armenian)
Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Ardi.am-ի կայքէջում։ Հասանելի է այստեղ։
Հայտնի են «Երիտասարդական գրականագիտական մրցույթ» ծրագրի ամփոփիչ մրցանակաբաշխության հաղթողները։ Երևանում և հանրապետության չորս մարզերում (Լոռի, Տավուշ, Գեղարքունիք,Վայոց ձոր) անցկացվել են դասընթացներ, որից հետո դիմորդները ներկայացրել են գրախոսական աշխատանքներ։ Մրցանակաբաշխությունից հետո զրուցել ենք «Գրական Կայարան» ՀԿ-ի տնօրեն, արձակագիր Սուսաննա Հարությունյանի հետ։
— Տիկին Հարությունյան, մրցույթի աշխարհագրությունն ինչո՞վ էր պայմանավորված։
— Ընտրել ենք խիտ բնակեցված մարզերը, որտեղ երիտասարդները շատ են։
— Ի՞նչ գործեր են գրախոսվել։ Ինչպե՞ս է կատարվել ընտրությունը։
— Մենք տարածել ենք այն հեղինակների գրքերը, որոնք վերջին երկու տարում հրատարակվել են «Կայարան» հանդեսում և այդ պահին գրքեր ունեին գրախանութներում։ Ըստ այդմ՝ մասնակիցները գրել են իրենց հավանած գործերի մասին, հիմնականում՝ պատմվածքների։ Թեև վեպերն ու վիպակներն էլ համեմատաբար քիչ էին։
— Թվում է՝ վերլուծական նյութերի պակաս կա այսօր, գրաքննությունը խթանող այս մրցույթն ի՞նչ արձագանք գտավ։
— Կարծում եմ՝ լավ։ Հեղինակները գոհ էին, անկախ այն բանից՝ գրախոսվե՞լ է իրենց գիրքը, թե՞ ոչ։ Ամեն դեպքում ընթերցվել է և տարածվել։
— Ի՞նչ թերություններ եք նկատել, որ գուցե գերակշռում են, և ի՞նչն է ոգևորիչ, հուսադրող, առանձնահատուկ։
— Առավելությունները շատ էին՝ վերլուծությունները շատ գրագետ էին, ճիշտ ընկալված, գրականագիտական տերմիններով չծանրաբեռնված և այլն։ Թերությունն այն էր, որ մեծամասամբ ընտրել էին լավ հեղինակների ոչ լավագույն գործերը, ինչը խոսում է չհղկված ճաշակի մասին, և ոմանք էլ աշակերտի պես գլուխ էին պահել, ընտրել էին ամենակարճ գործերը։
— Ծրագրին մասնակիցները ունեի՞ն որոշակի փորձ։
— Հիմնականում լավ ընթերցողներ ու գրականություն սիրողներ էին, բանասերներ՝ մեկ-երկու հոգի, նախկինում փորձ ունեցողներ մեկ-երկու հոգի։
— Տարիքային և այլ սահմանափակումներ չկայի՞ն։
— Կարող էր մասնակցել 16-36 տարեկան ցանկացած մարդ՝ անկախ կրթությունից և մասնագիտությունից։
— Ի՞նչ կտա մրցույթը մասնակիցներին։
— Մեր նպատակն ի սկզբանե քննադատական միտքը զարգացնելն էր, ընթեցողական կիրթ դաշտ ձևավորելը, որպեսզի մարդը կարդա և կարողանա ճիշտ գնահատել իր կադացած գիրքը, այսինքն, ինքն իր համար ճշտի՝ ինչ ասել է լավ գրականություն։
— Դժվար չէ՞ր մրցանակակիրներին ընտրելը։
— Ճիշտն ասած՝ ես հանձնաժողովում չկայի, բայց, կարծում եմ, բոլոր արժանի գործերն էլ ստացել են մրցանակներ, ոչ մի լավ վերլուծություն աննկատ չի մնացել։ Ունենք տասներկու մրցանակ՝ մեկ առաջին, երկու երկրորդ, երեք երրորդ և վեց խրախուսական։
— Գրողները միշտ չէ, որ գրականագետների դիտարկումներին համաձայն են, այս դեպքում ի՞նչ արձագանքներ եղան։
— Գրողները բոլորն էլ շոյված էին, որ իրենց գործերը ընթերցվել, տարածվել են, և որ այսօրվա երիտասարդները սիրում են ժամանակակից հայ արձակը՝ շատ ոգևորիչ է բոլոիս համար։
— Ծրագիրն ի՞նչ շարունակություն է ունենալու։
— Մրցույթը առաջին տարին չէ, որ անցկացվում է, սա երրորդն էր, առաջին երկուսը անցկացրել ենք 17.am կայքի հետ, և քանի որ անում էինք մեր ուժերով, այսպիսի մասշտաբ չուներ։ Այս տարի մեր կողքին կանգնեցին Շվեդիայի կառավարությունը՝ ՍԻԴԱ-ն և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, որոնց ֆինանսավորմամբ էլ տեղի ունեցավ այս մրցույթը, որը տևեց ութ ամիս։ Ոչ միայն այս, այլև մեկ-երկու շատ հետաքրքիր նախագծեր ունենք, եթե հաջողվի որևէ տեղից ֆինանսավորում ստանալ, պարզ է, որ կլինի շարունակական։
Ճեպազրույցը՝ Արմինե Սարգսյանի