Ի՞նչ է հետազոտությունը

18.11.2021

Այս նյութն առաջին անգամ հրապարկվել է Բուն ԹիՎիի կայքէջում։ Հասանելի է այստեղ։

 

Շատերը, երբ լսում են «հետազոտություն» բառը, պատկերացնում են սպիտակ խալաթով ինչ-որ մեկին, ով, իր լաբորատորիայում նստած, մանրադիտակով բջիջներ ու մանրէներ է ուսումնասիրում։ Իրականում, այդ եզրույթը կարող ենք գտնել նաև բնագիտությունից և լաբորատորիայից դուրս։

1969 թվականին Ֆիլիպ Զիմբարդոն մի գիտափորձ իրականացրեց։ Նա վերցրեց երկու ավտոմեքենա՝ մեկը տեղադրելով Նյու Յորքի Բրոնքս շրջանում, իսկ մյուսը՝ Պալո Ալտո թաղամասում։ Մեքենաները նույն մակնիշի էին և գտնվում էին նույն վիճակում։ Բրոնքսում գտնվող մեքենան շուտով հարձակման ենթարկվեց, մարդիկ քանդեցին և տարան մեքենայի մասերը։ Միաժամանակ, Պալո Ալտոյում կայանած ավտոմեքենան այդպես էլ կանգնած էր։ Մեկ շաբաթ անց Զիմբարդոն որոշեց ինքը կոտրել երկրորդ մեքենան և ականատես եղավ հետաքրքիր զարգացումների։ Մեքենայի հետ սկսեցին վարվել այնպես, ինչպես Բրոնքսում՝ ջարդել պատուհանները, մասեր տանել։ Այս և բազմաթիվ այլ գիտափորձերի հիման վրա զարգացվեց «ջարդած պատուհանների տեսությունը»։ Այս տեսության համաձայն՝ վանդալիզմի և հանցագործությունների առկա նշանները նպաստում են նոր հանցագործությունների։ Փաստորեն, միջավայրն ազդում է մարդկանց վարքի վրա։