Ինչպե՞ս են վերլուծում քանակական տվյալները

18.11.2021

Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի կայք՝ջում։ Հասանելի է այստեղ։

 

Հավաքագրվող տվյալները հետազոտության հումքն են միայն, քանի որ դեռևս չեն կարող պատասխանել հետազոտական հարցերի: Հարցերի պատասխանները գտնելու համար անհրաժեշտ է մշակել և վերլուծել ստացված տեղեկատվությունը, ինչը հնարավոր է անել տարբեր ընթացակարգերի օգնությամբ` կախված տվյալների տեսակից` քանակական կամ որակական:

Քանակական տվյալների վերլուծությունը ենթադրում է տարբեր տեսակի հաշվարկներ և ներառում է մի շարք գործողություններ, օրինակ` նկարագրական վիճակագրություն (տվյալների պարզ նկարագրություն), կապերի որոնում, պատճառական կամ պատճառահետևանքային կապի դուրսբերում: Որպեսզի հնարավոր լինի պնդել, թե երկու երևույթների միջև կա պատճառական կապ, հարկավոր են մի շարք նախապայմաններ`

  • Կորելացիա. մի երևույթի փոփոխությունն ուղեկցվում է մեկ այլ երևույթի հետ փոփոխությամբ,
  • Ժամանակային հաջորդականություն. պատճառը պետք է նախորդի հետևանքին,
  • Կապը պետք է տեսականորեն և տրամաբանորեն իմաստ ունենա. հետազոտողը պետք է կարողանա մեկնաբանել և բացատրել հայտնաբերված պատճառական կապը:

Վերլուծությունը ենթադրում է ոչ միայն կապերի ու օրինաչափությունների դուրս բերում, այլև դրանց մեկնաբանում գիտական տեսությունների շրջանակում կամ օգտագործում նոր տեսություններ կառուցելու համար: Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր տվյալ իր ուրույն տեղն է գրավում տարիների ընթացքում կուտակված գիտելիքի պաշարի մեջ. այն կարող է լրացնել մարդկանց պատկերացումներն աշխարհի մասին կամ մարտահրավեր նետել դրանց և տեղ տալ նոր հայտնագործությունների: