Մուլտիմեդիա

«Զբաղված և հեշտ շեղվող անձանց» ուշադրությունը գրավելու առցանց գործիքներ ՔՀԿ-ների համար

Ինչպես են կարող Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ներ) հանրության տարբեր խմբերի և (կամ) որոշում կայացնողների համար նախատեսված տեղեկատվությունը դարձնել հեշտ հասանելի և գրավիչ:

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ԻՆՉՊԵՍ և պատրաստ ենք ներկայացնել Ձեզ հետ այդ նորարար գործիքները:

ԵՀՀ-ն ներմուծել է Հայաստան և (կամ) հաջողությամբ օգտագործել ջատագովության և ուղերձների հաղորդման հետևյալ գործիքները:

Տեղեկատվական գծապատկերներ կամ ինֆոգրաֆիկ պատկերներ

Ինֆոգրաֆիկ տեղեկատվության, տվյալների կամ գիտելիքների գծային տեսողական արտացոլումն է, որը նախատեսված է որակական և քանակական բարդ տեղեկատվություն պարզ և հստակ ներկայացնելու համար: Ինֆոգրաֆիկ պատկերները կարելի է բնութագրել որպես տվյալների տեսողական արտացոլում կամ տեղեկատվական պատկերում, որի օգնությամբ ցուցադրվում են տեղեկություններ, սահմանափակ տարածքում բերվում են բազում թվեր, հետևողականորեն ներկայացվում են տվյալների մեծ զանգվածներ, հեշտանում է տվյալների տարբեր բաղադրիչների տեսողական համեմատությունը, բացահայտվում է տվյալների խորքը տարբեր մակարդակներով՝ ընդհանուր ամփոփ ներկայացումից մինչև տվյալների կառուցվածքի մաանրամասներ: Ինֆոգրաֆիկ պատկերները ծառայում են հստակ նպատակի՝ դրանց օգնությամբ տվյալները նկարագրվում են, հետազոտվում, արտացոլվում աղյուսակներում կամ պատկերավոր ձևավորվում, և դրա շնորհիվ մենք խուսափում ենք տվյալների օգնությամբ հաղորդվող ուղերձի աղճատումից:
Առավելություններ. կարող են պատրաստվել սոսկ բաց աղբյուրներից վերցված, համացանցում զետեղված, վիճակագրական կամ հետազոտական տվյալներից: Կարող են տարածվել սոցիալական ցանցերում «վիրուսային» եղանակով, կարող են հեշտությամբ ներկայացվել տպագիր լրատվամիջոցներում: Կարող են որպես լուսաբանող պատկերազարդումներ օգտագործվել հեռուստահաղորդումներում (օրինակ՝ թոք շոուների քննարկումների ժամանակ):

Խորհուրդ. եթե հնար կա, ապա ինֆոգրաֆիկ պատկերը կարելի է ուղեկցել փորձագետի բացատրություններով՝ սկզբնական ընկալումը դյուրացնելու նպատակով:

Շարժական ֆոտոպատկեր

Շարժական ֆոտոպատկերն լուսանկարների տեսաշար է, որն էկրանին ցուցադրվելիս ստեղծում է ֆիլմի տպավորություն օպտիկական այն պատրանքի շնորհիվ, որով հերթականությամբ արագ դիտվող առանձին առարկաներն ընկալվում են շարունակական շարժման մեջ: Նման ֆիլմը ստեղծվում է լուսանկարների շարան նկարահանելու հնարավորություն ունեցող տեսախցիկի օգնությամբ՝ ավանդական անիմացիոն հնարքների կիրառմամբ, նկարների կամ փոքր մոդելների լուսանկարահանման միջոցով, կամ էլ համադրելով այս հնարքներից բոլորը կամ մի քանիսն այլ տեսողական միջոցների հետ:

Առավելություններ. ուշադրություն է գրավում որպես նոր և հաճելի երևույթ, կարող է տարածվել սոցիալական ցանցերով, ինչպես նաև օգտագործվել հեռուստահաղորդումների պատկերազարդման համար:

Երգիծական ծաղրանկարներ

Երգիծական ծաղրանկարները կարևոր և հրատապ սոցիալական խնդիրների շուրջ հումորով մտորելու հեշտ և զվարճալի միջոց են կամ չարագործներին հակիրճ և ցայտուն կերպով ծաղրելու եղանակ:

Առավելություններ. կարող են տարածվել սոցիալական ցանցերի միջոցով, ինչպես նաև օգտագործվել հեռուստահաղորդումների պատկերազարդման համար:

Անիմացիոն ֆիլմեր

Անիմացիոն ֆիլմերը (մինչև 60 վայրկյան կամ փոքր-ինչ ավելի երկար) կարևոր և (կամ) հրատապ հարցերի շուրջ սովորաբար արժանանում են հանդիսատեսի զգալի ուշադրության և առաջ են բերում մեկնաբանություններ:

Առավելություններ. կարող են հեշտությամբ տարածվել սոցիալական ցանցերով, ինչպես նաև օգտագործվել հեռուստահաղորդումների պատկերազարդման համար:

Հետազոտությունների ներկայացում «Պրեզի» ձևաչափով

«Պրեզի» ձևաչափը տեսողական առումով առավել գրավիչ է, քան «Power Point» համակարգչային ծրագրի ավանդական ձևաչափը: Ծավալուն հետազոտությունների վերաբերյալ ներկայացումներ պատրաստելու համար «Պրեզի» ձևաչափի օգտագործումը կարող է օգնել գրավել հանդիսատեսի ուշադրությունը:

Առավելություններ. կարող է ներկայացվել հետազոտողների կողմից առցանց, հեռուստատեսությամբ, կլոր սեղանի շուրջ քննարկումների ընթացքում, կամ էլ կարող է տարածվել համացանցում գործող տեղեկատվական գործակալությունների և սոցիալական ցանցերի միջոցով:

«Երեք սլայդերի» մոտեցում

«Երեք սլայդերի» մոտեցումը (սլայդերի թիվը կարող է հասնել առավելագույնը 6-ի) նշանակում է որևէ հետազոտության կազմից երեք առավել խոսուն և ներկայացուցչական սլայդերի ընտրություն, որոնք նշանակալի են ջատագովման առարկա հանդիսացող հարցի տեսակետից, կամ որոնց շուրջ հարկ է բարձրացնել հանրության իրազեկվածությունը:

Այս մոտեցումը հիանալի միջոց է հանդիսանում բարդ հետազոտությունները կարճ ձևաչափով ներկայացնելու համար՝ ընտրելով առավել արտահայտիչ կամ ներկայացուցչական տվյալները կամ սլայդերը: Հնարավոր է, որ ամբողջական ներկայացումը չգրավի հանդիսատեսի ուշադրությունը, սակայն երեք խոսուն սլայդերի օգնությամբ դա կարելի է անել:

«Ուշահիդի» բազմակի աղբյուրներից տեղեկատվության հավաքագրման տեխնոլոգիա

«Ուշահիդի» հարթակն իրենից ներկայացնում է քարտեզ, որտեղ մարդիկ կարող են տեղեկատվություն մուտքագրել խնդրահարույց ցանկացած հարցի շուրջ: Հարթակը ստեղծվել էր Քենիայում 2007 թվականին տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, և դրա օգնությամբ հավաքագրվում էին բռնության դեպքերի վերաբերյալ ականատեսների վկայությունները, որոնք ուղարկվում էին էլեկտրոնային փոստով և կարճ հաղորդագրությունների միջոցով և տեղադրվում էին «Google» քարտեզի վրա: «Ուշահիդի» բազմակի աղբյուրներից տեղեկատվության հավաքագրման տեխնոլոգիան հարմարեցվել և օգտագործվել է շատ երկրներում տարբեր խնդիրների ինտերակտիվ քարտեզագրման և, մասնավորապես, ընտրախախտումների արձանագրման համար: Հայաստանում «IDitord» նախագծի շրջանակներում ստեղծվեց մի հարթակ, որը կոչված էր դիտարկել և լուսաբանել 2013 թվականի նախագահական ընտրությունները: Այնպիսի հարթակները, ինչպիսիք են citybugs.am և taghinfo.am, նույնպես օգտագործում են այս մոտեցումը:

Առավելություններ. օգտատերերին հարմար այս գործիքը կարող է նպաստել իրազեկվածության զգալի բարձրացմանը, առաջացնել քաղաքացիների աննախադեպ ներգրավում, հրավիրել կառավարության ուշադրությունը և հանրությանն ավելի լավ ներկայացնել բարեփոխումները: