Ծրագրի նպատակն էր խթանել Հայաստանի մասնավոր սեկտորի մասնակցությունը երկրի սոցիալական զարգացմանը:
2006 թ․ Եվրասիա համագործակցություն հիմնադրամն անցկացրեց Հայաստանում կորպորատիվ սոցիալական ներդրումների վիճակի գնահատում: Ուսումնասիրությունն անցկացվեց Հայաստանի խոշոր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների շրջանում: Ուսումնասիրության առարկան էին կորպորատիվ սոցիալական ներդրումների ընկալումը, առկա փորձը և այն ընդլայնելու հիմնական խոչընդոտները, ինչպես նաև այն հիմնական շարժառիթները, որոնցով ընկերությունները ներգրավվում են կորպորատիվ սոցիալական ներդրումների գործում:
Համաձայն գնահատման արդյունքների, Հայաստանի գործարարների շրջանում կորպորատիվ սոցիալական ներդրումների ընկալումը շատ թույլ էր: Կային փոքր թվով գործարար ընկերություններ, որոնք կանոնավոր կերպով ներգրավված էին բարեգործական աշխատանքներում: Այդ ընկերությունների կողմից արված նվիրատվությունները միանգամյա վճարներ էին և հանրության կարիքներին ու ընկերության նպատակներին արձագանքող երկարաժամկետ ռազմավարության մաս չէին կազմում: Հայ գործարարները դեռևս անտեսում էին հասարակական կազմակերպությունների հնարավոր դերը կորպորատիվ սոցիալական ներդրումների գործընթացում: Գործարար ընկերությունների բարեգործական աշխատանքները և քաղաքացիական հասարակության ու իշխանությունների նախաձեռնությունները համակարգելու խնդիր կար:
Ծրագրով նախատեսված էր`
- զարգացնել գործարար ընկերությունների կորպորատիվ սոցիալական ներդրումների ռազմավարություն մշակելու կարողությունները,
- ուժեղացնել բիզնեսի և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը սոցիալական ծրագրերում,
- ստեղծել ցանց, որի միջոցով հայ գործարարները հնարավորություն կունենան համագործակցել արտասահմանյան ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ու պետական մարմինների հետ:
Ձեռներեցների կարողությունների զարգացում
2007 թ. օգոստոսին Երևանում տեղի ունեցավ երկօրյա սեմինար, որը նվիրված էր կորպորատիվ սոցիալական ներդրումների փորձին: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի գործարար հատվածի ավելի քան քսան ներկայացուցիչներ: «Կոկա-կոլա» ընկերությունը, «Էյչ-Էս-Բի-Սի»-ն, «Մայքրոսոֆթ»-ը, «Աշտարակ-կաթ»-ը, «Սինոփսիս»-ը, «Ափորիա. հանքային ջրեր»-ը և շատ այլ ընկերություններ ներկա էին սեմինարին: Գործարար հատվածի ներկայացուցիչներն ունկնդրեցին ելույթներ կորպորատիվ սոցիալական ներդրումների բնագավառում ռուսական բիզնեսի և Բրիթիշ-Արմենիա Տոբակո ու Ալկո ընկերությունների փորձի մասին: ԱՄՆ-ից և Միացյալ Թագավորությունից եկած անկախ փորձագետները ներկայացրեցին ամերիկյան և բրիտանական ընկերությունների սոցիալական ներդրումների փորձի մասին ուսումնասիրության դեպքերը:
Սեմինարից հետո, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հովանավորեց Մոսկվայում վեց հայ գործարարների ու ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի ուսուցողական այցը, որտեղ նրանց հնարավորություն ընձեռվեց այցելել ռուսական ընկերություններ, որոնք ակտիվ են կորպորատիվ սոցիալական ներդրումների գործում: Երկու ընկերություններ` «Աշտարակ-կաթ» և «Արմսվիսբանկ» ընկերությունները ծրագրեցին շարունակել կորպորատիվ սոցիալական ներդրումների ռազմավարություններ մշակելու նպատակով իրենց համագործակցությունը հիմնադրամի հետ:
Ապագայում Եվրասիա համագործակցություն հիմնադրամն աշխատել է իր գործակից բիզնես ընկերությունների հետ` վերջիններիս կարողությունները զարգացնելու նպատակով: Աշխատանքներն ուղղված էին կորպորատիվ սոցիալական ներդրումների այնպիսի ռազմավարությունների մշակմանը և իրականացմանը, որոնք արձագանքում էին յուրաքանչյուր ընկերության առաքելությանը, բիզնես-ծրագրերին և հետաքրքրություններին: Հիմնադրամը ենթադրում էր, որ ծրագրով նախատեսված միջոցառումներին ներգրավելով օտարերկրյա ընկերությունների և կորպորատիվ սոցիալական ներդրումներ խթանելու փորձ ունեցող այլ հասարակական կազմակերպությունների` հնարավոր կլիներ հայկական ընկերությունների շրջանում զարգացնել միջազգային լավագույն փորձի համապարփակ ընկալում: Դրանում աջակցելու էր նաև Հայաստանում առևտրի ամերիկյան պալատը: 2008 թ-ին հիմնադրամը ծրագրում էր նաև ընտրել տեղական մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն, որի հետ համատեղ կմշակվի և կմեկնարկի կորպորատիվ սոցիալական ներդրումների ոլորտում հայ գործարարների մասնագիտանալու կուրս:
Օրենսդրական փոփոխություններ
Հայաստանում գործող հարկային օրենսդրությունը գործարարներին չէր ապահովում բավարար պայմաններով, որպեսզի նրանք բարեգործական աշխատանքներ կատարեն: 2008 թ․ Եվրասիա համագործակություն հիմնադրամը համեմատական վերլուծություն էր անցկացրել ոլորտում գործող հայկական և արտասահմանյան օրենսդրության միջև: Այդ հարցում հիմնադրամին աջակցել են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը և գործարար ընկերությունները, որոնք առաջարկել են օրենսդրական փոփոխություններ` կորպորատիվ սոցիալական ներդրումների ոլորտը կատարելագործելու ուղղությամբ:
Կորպորատիվ սոցիալական ներդրումների մասին հանրային իրազեկում
Ծրագրի գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկումն իրականացվել է զանգվածային լրատվամիջոցների ակտիվ մասնակցությամբ: Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հովանավորել է տեղական թերթի լրագրողի՝ Մոսկվա կատարած ուսուցողական այցը: Արդեն իսկ կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացվել են այցի արդյունքներն ու ծրագրի գործողությունները:
Համապատասխան նյութ
Կորպորատիվ սոցիալական ներդրումներ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը խթանում է Հայաստանի մասնավոր սեկտորի մասնակցությունը երկրի սոցիալական զարգացմանը: