Հայ-ադրբեջանական երկխոսություն նոր մեդիայի միջոցով (2011 - 2012)

Foreign_Comonwealth_Office_Logo

Ծրագրի նպատակն էր նոր մեդիայի և սոցիալական ցանցերի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդների միջև երկխոսության և համագործակցության խթանումը: Ծրագիրը ֆինանսավորվել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության (FCO) կողմից` Հայաստանում և Ադրբեջանում բրիտանական դեսպանատների միջոցով:

Ընթացիկ ծրագիրը մշակվել էր նախորդ ծրագրերի ձեռքբերումների և դասերի հիման վրա: ԵՀՀ-ն FCO–ի ֆինանսավորմամբ արդեն իրականացրել էր երկու ծրագիր` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ճշգրիտ ու անկողմնակալ տեղեկատվության տարածմանը: Դրանք են` «Անաչառ լուսաբանումը էլեկտրոնային մեդիայում Հայաստանում և Ադրբեջանում» և «Հայ-ադրբեջանական հարաբերությունների անաչառ լուսաբանումը մեդիայում» ծրագրերը:

Աջակցություն երիտասարդ հանրային լրագրողներին

Community-Youth-Peacebuilding-Through-New-Media-Pic1

Ծրագրի շրջանակներում 40 երիտասարդներ` գլխավորապես Հայաստանի մարզերից, մասնակցեցին երկու եռօրյա սոցիալական մեդիայի և լրագրության աշխատաժողովներին, որոնք կայացան 2011 թ. օգոստոսի 10–13–ին Ծաղկաձորում և 2011թ. օգոստոսի 26–28–ին Երևանում: Աշխատաժողովները վարեցին նոր մեդիայի բնագավառում բարձր որակավորում ունեցող մասնագետներ Արթուր Պապյանը (Ազատ Եվրոպա ռադիոկայան) և Գեղամ Վարդանյանը (Ինտերնյուս): Քննադատական մտածողության և ստեղծագործական տեքստերի մշակման վերաբերյալ դասընթաց անցկացրեց ԵՀՀ հայաստանյան գրասենյակի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Ի հավելումն ընթացիկ նիստերի, որոնք տևում էին ժամը 10–18–ը, երեկոյան ժամերին տեղի էին ունենում «հարց-պատասխան» ձևաչափով հանդիպումներ բոլոր հետաքրքրվող մասնակիցների համար:

Աշխատաժողովների արդյունքում մասնակիցները նշանակալիորեն բարելավեցին ոչ միայն իրենց տեխնիկական հմտությունները, այլև տեքստերի քննադատական գնահատման կարողությունները: Աշխատաժողովների ավարտին Ֆեյսբուքում խումբ ստեղծվեց մասնակիցների միջև կապի պահպանման, ծրագրերի գաղափարների քննարկման և հարցուպատասխանի համար:

Աշխատաժողովների ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին մի շարք միջսահմանային խնդիրներ և առցանց համագործակցության մոդելներ: Մասնակիցներին ներկայացվեցին այն մուլտֆիլմներն ու բլոգերը, որոնք ստեղծվել էին FCO-ի օժանդակությամբ 2010թ. կայացած էլեկտրոնային մեդիայի վերաբերյալ ծրագրի շրջանակներում: Ցուցադրվեց և քննարկվեց նաև www.war փաստագրական ֆիլմը, որը նկարահանվել էր Ինտերնյուս Հայաստանի և Ադրբեջանի կողմից` նույն ծրագրի շրջանակներում: Ֆիլմը պատմում է հայերի և ադրբեջանցիների միջև ինտերնետային «պատերազմների» մասին և բավականին հզոր միջոց է` քննարկելու առցանց պատերազմների և «խաղաղասիրական լրագրության» բարդ խնդիրները:

 Community-Youth-Peacebuilding-Through-New-Media-Pic2Community-Youth-Peacebuilding-Through-New-Media-Pic3Community-Youth-Peacebuilding-Through-New-Media-Pic4

 

Հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև կամուրջների կառուցում

Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցներին առաջարկվեց հայ-ադրբեջանական համատեղ առցանց ծրագրերի նախագծեր ներկայացնել ԵՀՀ-ին: 2011 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ ստացվեցին համագործակցության ծրագրերի 21նախագծեր: Դասընթացավարների և դոնորների հետ քննարկումից հետո ընտրվեցին 13 նախագծեր, և 15 երիտասարդներ հրավիրվեցին մասնակցելու Թբիլիսիում կայանալիք տարածաշրջանային հանդիպմանը:

Առաջին հայ-ադրբեջանական հանդիպումը տեղի ունեցավ Թբիլիսիում հոկտեմբերի սկզբներին: Հանդիպմանը ներկա էին հայ և ադրբեջանցի երիտասարդներ, որոնք մասնակցել էին դասընթացներին և նախագծեր էին ներկայացրել ԵՀՀ հայաստանյան և ադրբեջանական գրասենյակներին: Միջոցառման նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել միմյանց հետ և նպաստավոր միջավայր ստեղծել համագործակցության համար: Հանդիպման ընթացքում նախագծերի հեղինակները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց գաղափարները և գործընկերներ գտնել հարևան երկրում: Արդյունքում` հոկտեմբերի վերջին մշակվեցին և ԵՀՀ-ի գնահատմանը հանձնվեցին 10 համատեղ ծրագրեր:

ԵՀՀ-ի Երևանի և Բաքվի գրասենյակներում ընտրական հանձնաժողովները գնահատեցին ծրագրերը և որոշեցին փոքր դրամաշնորհներ (մինչև 2 հազար դոլար յուրաքանչյուր ծրագրին) հատկացնել 10 ծրագրերից 8 ին: Ծրագրերն ավարտուն տեսքի բերելու համար մասնակիցներին հնարավորություն տրվեց կրկին հանդիպել Թբիլիսիում և մեկ անգամ ևս դեմառդեմ քննարկել ծրագրերի մանրամասները, բյուջեները և ժամկետները: Այս նպատակով 2011 թ. նոյեմբերի 13–15–ը Թբիլիսիում կազմակերպվեց երկրորդ հանդիպումը: Այս միջոցառմանը մասնակցեցին նաև ԵՀՀ նախորդ հայ-ադրբեջանական ծրագրերի մասնակիցները, որոնք կիսվեցին համատեղ ծրագրերի իրականացման, ձեռքբերումների ու դժվարությունների իրենց փորձով:

Փոքր համատեղ ծրագրեր

Ստորև ներկայացված են հաստատված ծրագրերը: Դրանք բոլորը ավարտին են հասցվել մինչև 2012 թ. մարտի 15-ը:

1.«Օկուլի Պոպուլի» համատեղ ֆոտոփոխանակման կայք
2.Վիրտուալ երգչախումբ
3.Համատեղ ֆլեշ-մոբ
4.Համատեղ կայք ժամանակակից հայկական և ադրբեջանական գրականության վերաբերյալ
5.Հայ-ադրբեջանական կոնֆերանս Ֆեյսբուքում
6.Համատեղ փաստագրական ֆիլմ
7.Համատեղ անիմացիոն ֆիլմ
8.Համատեղ սոցիալական գովազդներ երեխաների իրավունքների վերաբերյալ

Թոք-շոուներ Երկիր-մեդիա հեռուստաընկերությամբ

ԵՀՀ-ի «Հոդված 27. Խոսքի ազատություն» թոք-շոուի շրջանակներում Երկիր-մեդիա հեռուստաընկերությամբ հեռարձակվել են 5 թոք-շոուներ հայ-ադրբեջանական հարաբերությունների բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Երկիր-մեդիայով հեռարձակվող ԵՀՀ-ի թոք-շոուների հեռուստալսարանը միջինում 3000 մարդ է` յուրաքանչյուր հաղորդման համար:

Ավելին