«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն իրականացվել է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից։ Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի» շրջանակներում: Ծրագրի երկրորդ փուլը հիմնված էր 2014-2015 թթ. իրականացված առաջին փուլի արդյունքների վրա:
Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը: Այս նպատակին հասնելու համար իրականացվել է տնտեսական, մշակութային, կրթական և հանրային իրազեկման տարաբնույթ գործողություններ` ամրապնդելով հասարակության տարբեր խմբերի միջև տեղեկատվական հոսքերը, հաղորդակցությունը և կապերի հաստատումը։
Կոնսորցիումի անդամներն էին. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։
Ծրագիրը մեկնարկել է 2016 թ. ապրիլին և տևել տասնվեց ամիս։
Ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունները իրականացվել են տարբեր ոլորտներում` գործարարության, քաղաքականության մշակման, մշակույթի, կրթության, մեդիայի և երիտասարդության ասպարեզներում: Ծրագիրը տրամադրել է ճանապարհորդական և կրթաթոշակների հնարավորություն հասարակության տարբեր խմբերի համար: Կազմակերպվել են զանազան գործողություններ՝ այդ թվում. սեմինարներ և դասընթացներ երիտասարդների համար, ճարտարապետների և ձեռնարկատերերի փոխայցելություններ, գործարար և տնտեսական հնարավորությունների հետազոտություն, մեդիա հետազոտություն, ծրագրեր ուղղված գյուղատնտեսական գործարարության, երիտասարդության և համայնքային զարգացման խթանմանը, ինչպես նաև քաղաքականության մշակմանը:
Ծրագրի կարևորագույն բաղադրիչն էր համընդգրկունությունը՝ երկխոսության գործընթացում նոր դերակատարների ներգրավումը: Այս նպատակով կոնսորցիումը շարունակել է դրամաշնորհային աջակցության ծրագրային մասը, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն են ունեցել առաջարկելու և իրականացնելու իրենց գաղափարները` այդ կերպ նպաստելով ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և ակնկալվող արդյունքների բազմապատկմանը:
Ծրագրի արդյունքները պարբերաբար ներկայացվել են հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։