«Նոր բովանդակություն նոր տեխնոլոգիաների միջոցով» դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերը (2011)

ԷՅ. ԷՄ. ՄԵԴԻԱ ՊՐՈԴԱԿՇՆ – «ՄՇԱԿՈՒՅԹԸ ՔԵԶ ՀԵՏ`ԱՄԵՆՈՒՐ»

Ծրագիրն ուղղված էր այլընտրանքային բովանդակության ստեղծմանը և այլընտրանքային, ժամանակակից արվեստի հասանելիության ապահովմանը` նոր տեխնոլոգիաների օգնությամբ մուլտիմեդիա պլատֆորմ ստեղծելու միջոցով: www.webtv.am ինտերնետային հեռուստատեսային հարթակում առաջին անգամ Հայաստանում ավանդական հեռուստատեսային ձևաչափը զուգակցվում էր նոր տեխնոլոգիաների հետ` ակտիվացնելով մշակույթ սպառող և ստեղծող լսարանները: Ծրագիրն էլեկտրոնային հասարակության համար ստեղծել է մատչելի և հասանելի միջոց` ծանոթանալու արվեստի և մշակույթի ստեղծագործություններին:

Իրականացման 8 ամիսների ընթացքում www.webtv.am ինտերնետային հեռուստատեսային հարթակում ցուցադրվել են վերջին 20 տարիների ընթացքում հայ ռեժիսորների կողմից ստեղծված ֆիլմերը, մասնավորապես՝ վավերագրական, ստեղծվել է ժամանակակից հայ արվեստի, արտ-դիզայն հայեցակարգերի, ժամանակակից զարգացումների և միտումների մասին պատմող 39 վերլուծական հաղորդում, վիրտուալ կինոթատրոնում ցուցադրվել է 12 ֆիլմ, ուղիղ եթերում տեղի է ունեցել 12 քննարկում:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալ կարող եք ոչ միայն այցելելով http://webtv.am, այլև միանալով  «ֆեյսբուքյան էջին»

ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ – «ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՓՈԽԵԼ ԻՄ ԿՅԱՆՔԸ»

Բլոգեր և լրագրող Աննա Մուրադյանի առաջարկած նախագծի նպատակն էր նվազեցնել բռնության և ագրեսիայի դրսևորումները դպրոցականների շրջանում` խրախուսելով Վաղարշապատ և Երևան քաղաքներում ընտրված դպրոցականների քաղաքացիական լրագրությամբ զբաղվելը: Ծրագրի շրջանակներում դպրոցականներն անցել են բլոգինգի դասընթաց, գրել են դպրոցական կյանքի իրենց հուզող խնդիրների՝ ուսումնական պրոցեսի թերությունների, դպրոցականների միջև կոնֆլիկտների, սիրո պատմությունների, ինչպես նաև դպրոցական առօրյայի մասին: Ծրագրում ներգրավված հոգեբանը պատասխանել է երեխաներին հուզող հարցերին:

2011-ի աշնանը հայտարարվեց պատմվածքի մրցույթ, որին շատ մեծ ոգևորությամբ արձագանքեցին դպրոցականներ ՀՀ տարբեր մարզերից: Ծրագրի հետագա ընթացքին և մրցույթների մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրի կայքէջում:

ԱՐՄԱՎԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ – ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՑԱՆՑ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Ծրագիրն ուղղված էր Արմավիրում բազմակարծիք այլընտրանքային լրատվության զարգացմանը` նորությունների տարածման երիտասարդական ցանց ստեղծելու միջոցով: Այդ նպատակով մոտ 200 երիտասարդ մասնակցեց քաղաքացիական լրագրության դասընթացների: Ստեղծվեց սոցիալական բլոգ, որի միջոցով ակտիվ երիտասարդները բարձրաձայնում էին համայնքային տարբեր խնդիրների մասին և ձեռնարկում դրանց լուծմանն ուղղված գործողություններ: Ձևավորվել է համագործակցային ցանց երիտասարդական ակտիվ լրագրողական ցանցի անդամների և տարբեր համայնքների երիտասարդների միջև, որոնք համատեղ աշխատանքի միջոցով փորձել են իրենց համայնքի առջև ծառացած խնդիրների հաղթահարման որոշակի ուղիներ գտնել: 2011 թ. դեկտեմբերին մարզում առաջին անգամ կազմակերպվել է «Արմավիր» ճամբարը:

Ծրագրի հետագա ընթացքին կարող եք հետևել Արմավիրի զարգացման կենտրոնի կայքում:

ARM COMEDY – «ՎԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄՈԹԱՆՔ»

«ArmComedy»-ի ծրագրի յուրահատկությունը «լուրջ» լրատվական կայքերից վերցված իրական լուրերի ներկայացումն էր երգիծական ոճով: «Վատ կառավարման ամոթանք» նախագիծը դիտարկում էր հանրային կառավարումը, քաղաքական, սոցիալական ու այլ զարգացումները և դրանք հանրությանը ներկայացնում երգիծական հոդվածների ու տեսանյութերի միջոցով: «ArmComedy»-ի մատչելի և հումորային հրապարակումները հաճախ դրդում էին փնտրելու «իրական» նորությունը, որի հիման վրա պատրաստվել է երգիծական նյութը: Այդպիսով լսարանը ստանում էր ոչ միայն անկեղծորեն ծիծաղելու, այլև իր իրազեկվածության մակարդակը բարձրացնելու հնարավորություն: Ծրագրի հետագա ընթացքին կարող եք հետևել «ArmComedy»-ի կայքում, ինչպես նաև միանալով ֆեյսբուքյան էջին:

Ա1+ – «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ»

«Ա1+» անկախ լրատվամիջոցի իրականացրած ծրագիրն ուղղված էր այլընտրանքային տեղեկատվության խթանմանը` քաղաքացիական լրագրության և ինտերնետային հեռարձակման զարգացման միջոցով: Ծրագրի շրջանակներում քաղաքացիական լրագրության ակտիվացման նպատակով «Ա1+»-ն իր կայքէջում տեղադրեց ուսուցողական նյութեր, որոնց միջոցով ոչ պրոֆեսիոնալ լրագրողները կարող էին ծանոթանալ «I-report» լրագրությանը: Կայքում բացվեց «Քո աչքերով» բաժինը, որտեղ տեղադրվում էին քաղաքացիական լրագրողների նյութերը: Մշակվեց I-Phone հեռախոսների համար նախատեսված «One click» հավելվածը: Նախագծի շրջանակներում լրատվամիջոցը կարողացավ տեխնիկապես վերազինվել և ստեղծել մի հանգույց, որի շնորհիվ այժմ հնարավոր է ուղիղ միացումներ կազմակերպել դեպքի վայրերից` ազդանշանը շատ արագ հաղորդելով տաղավար: Արդյունքում՝ զգալիորեն բարձրացավ առցանց հեռարձակումների որակը` նպաստելով լրատվամիջոցի լսարանի ընդարձակմանը:

«ԲԵՐԴ ԱՅ ԹԻ» ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ – «ԷԼ-ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

Նախագիծն ուղղված էր նոր լրատվության, սոցիալական ցանցերի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածմանը Բերդի տարածաշրջանի դպրոցահասակ երեխաների շրջանում: Բերդի տարածաշրջանի բոլոր 22 դպրոցներում անցկացվեց սոցիալական ցանցերին և լրատվության նոր միջոցներին նվիրված դասընթացների շարք, որի ընթացքում ներկայացվեցին ցանցային լրագրության առանձնահատկությունները և բլոգը` որպես տեղեկատվության և հաղորդակցման նոր միջոց: Դասընթացներից հետո բացվեց «Դպրատուն» բլոգը՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ մյուս դպրոցների միջև ներքին համագործակցային ցանց ստեղծելու, կրթական խնդիրներին անդրադառնալու, ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին ինքնարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելու համար: Բլոգում հրապարակվեցին միջնակարգ կրթության ոլորտում առաջադեմ փորձը ներկայացնող նյութեր, ինչպես նաև բլոգի հեղինակների կողմից ներկայացված այլ հետաքրքիր և արդիական նորություններ: Ծրագրի ավարտին մարզում առաջին անգամ կազմակերպվեց «Բերդ» ճամբարը, որին մասնակցեցին ինչպես մարզում աշխատող, այնպես էլ մայրաքաղաքից ժամանած գործընկերները:

ԷԿՈԼՈՒՐ – «ՔՈ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ ԴԱՐՁՐՈՒ»

«Էկոլուրի» նախագիծն ուղղված էր թեժ էկոգոտիներում ապրող մարդկանց ձայնը լսելի դարձնելուն, Հայաստանի թեժ էկոխնդիրների մասին բնակչությանն օբյեկտիվ և բազմակողմանի լրատվություն տրամադրելուն: Նախագծի շրջանակներում Հայաստանի 25 համայնքներում քաղաքացիական ակտիվիստների համար անցկացվեցին քաղաքացիական լրագրության դասընթացներ` խրախուսելով ակտիվիստներին «I-report» քաղաքացիական լրագրողների ցանցի ակտիվ մասնակիցներ դառնալ: Մասնակիցները սովորեցին օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, որպեսզի կարողանան դրանց միջոցով ահազանգել իրենց բնակավայրերում առկա սոցիալ-էկոլոգիական խնդիրների, առողջության և առողջ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքների խախտումների մասին: «Էկոլուր» բլոգում հրապարակվող նյութերը թեժ հարցերի վերաբերյալ մեծ տարածում են գտնում, և արդյունքում տարիներ շարունակ լռեցված խնդիրներն արդեն բաց են հանրության համար: Բլոգում նյութեր են զետեղվել Հայաստանի 35 էկոլոգիական թեժ կետերի մասին:

«ՀԵՏՔ» – ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՆՈՐ ՄԵԴԻԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ

Նախագիծն ուղղված էր այլընտրանքային լրատվության զարգացման խթանմանը` մարզային ցանցի ընդլայնման և ամրապնդման, հետաքննող լրագրության զարգացման միջոցով: «Հետքի» 12 լրագրողներ Երևանից և մարզերից վերապատրաստում անցան՝ ծանոթանալով մուլտիմեդիա լրագրության գործիքներին: Արդյունքում՝ Հայաստանի ողջ տարածքում ստեղծվեց մասնագիտացած հետաքննող լրագրողների համագործակցող ցանց, որի անդամները, տիրապետելով համապատասխան գիտելիքների ու հմտությունների, նյութեր են պատրաստում «Հետքի» կայքի առցանց մուլտիմեդիա հարթակի համար: Նոր ձևաչափով նյութերի շնորհիվ արձանագրվեց սոցիալ-հասարակական թեմաների նկատմամբ հետաքրքրության աճ: Մուլտիմեդիա հետաքննական նյութերը նպաստեցին քաղաքացիական հասարակության ակտիվացմանը և հասարակական հնչեղություն ունեցող հարցերի լուծմանը, ընթերցողի ճաշակի և պահանջների փոփոխությանը:

ԼՈՌԻ հեռուստաընկերություն – «ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ»

Լոռու մարզում լրատվական դաշտի ընդլայնման, սոցիալ-քաղաքական զարգացումներին արագ արձագանքման, նորությունների հեռարձակման բազմազանեցման նպատակով ծրագրի շրջանակներում հեռուստաընկերությունը ձեռք բերեց «Niagara GoStream SURF» սարքավորումը: Այն հնարավորություն է տալիս նկարահանել, հեռարձակել և պահպանել տեսանյութը մի շարք ձևաչափերով, ինչպես նաև իրականացնել իրադարձությունների ուղիղ հեռարձակում թեժ կետերից: Դրամաշնորհային ծրագրի երեք ամիսների ընթացքում նախագիծը փորձարկվեց քաղաքապետարանի նիստերից ուղիղ հեռարձակումների իրականացման միջոցով: Նախագծի իրականացման արդյունքում ստեղծվեց տեսանյութի լայն տարածման և լսարանի հետ անմիջական կապ պահպանելու կարողություն, որը հատկապես կարևոր էր առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քվեարկության տեղամասերից ուղիղ հեռարձակումներ իրականացնելու առումով:

LRAGIR.AM – «Քո աչքերով»

Հայաստանում քաղաքացիական լրագրությունը խթանելու նպատակով www.lragir.am կայքում բացվեց «Հանրային թղթակից» բաժինը, որը բոլոր ցանկացողներին համացանցի և հեռախոսային կապի միջոցով լրատվամիջոցին նյութեր ուղարկելու հնարավորություն տվեց: Նախագծի արդյունքում ստեղծվեց Հայաստանի տասը մարզերում տեղակայված 18 քաղաքացիական լրագրողների կայուն ցանց: Նրանց ջանքերով ընդհանուր առմամբ կայքում թողարկվեց 1069 նյութ, ինչը կազմում է ամսական 160-190 նյութ, թեպետ ի սկզբանե նախատեսվում էր թողարկել ամսական ընդամենը 40 նյութ: Նյութերը վերաբերում են սոցիալական, քաղաքական, բնապահպանական և մշակութային խնդիրներին և ուղեկցվում լուսանկարներով ու տեսանյութերով: Ծրագրի կարևորագույն արդյունքներից էր այն, որ քաղաքացիական լրագրողների բարձրաձայնած հարցերի զգալի մասն արժանացավ քաղաքացիական հասարակության և իշխանությունների արագ արձագանքին (օրինակ՝ Արտաշատի ջրատարի, Վանաձորի փողոցների անմխիթար վիճակի, Գյումրիի «Մուշ 2» թաղամասում շինարարության անբավարար որակի մասին և այլ նյութերի պարագայում):

ՊԵՐՍՈՆԱ ԳՐԱՏԱ – «ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ»

Ծրագիրն ուղղված էր այլընտրանքային լրատվության պահանջարկի բավարարմանը` Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի հարցի շուրջ հանրային երկխոսության կայացման միջոցով: Նախագծի իրականացման ընթացքում երեք լրագրողներ Հայաստանից ուսումնասիրեցին «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանում իրականացված տնտեսական բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարի հաջող փորձը: Ի՞նչ է հարկավոր ռեֆորմներ իրականացնելու, գործարար միջավայրը բարելավելու և կոռուպցիան հաղթահարելու համար։ Լավ օրենսդրությո՞ւն, ոչ պոպուլյար քայլերի ընդունակ կառավարությո՞ւն, քաղաքական կա՞մք։ Կամ գուցե բոլորը միասի՞ն: Այս հարցերի պատասխաններն էր հավակնում տալ ծրագրի շրջանակներում ռեժիսոր Արա Շիրինյանի նկարահանած ֆիլմը Վրաստանի բարեփոխումների մասին: Ֆիլմն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ: Հայաստանում տեղի ունեցան ֆիլմի մի շարք ցուցադրություններ, ստացվեցին հակասական արձագանքներ: Ծրագրի հեղինակները ցանկություն ունեն հնարավորության դեպքում շարունակել ծրագիրը՝ կատարելով Վրաստանի և Հայաստանի իրավիճակների համեմատություն:

ՍԵԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ – «ԻՄ ԼՈՒՐԵՐԸ» (I-REPORT). ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԽԱՂ՝ ՈՉ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Սեդա Մուրադյանի կողմից մշակված ծրագիրը հանրային թղթակիցների և մասնագիտացված լրատվական կայքերում աշխատող պրոֆեսիոնալ լրագրողների համար ստեղծված հարթակ է, որտեղ կարելի է թղթակցել և համագործակցել միմյանց հետ: Այն խաղային կառուցվածքի և պարգևատրումների համակարգի միջոցով խրախուսում է համացանցի օգտատերերին՝ պասիվ լուր սպառողից վերածվել լուր ստեղծողի, դառնալ այլընտրանքային բովանդակություն ստեղծողներ ու տարածողներ սոցիալական ցանցերի և ավանդական լրատվամիջոցների համար: http://mynews.am կայքում կարելի է տեղադրել տեսա-թղթակցություններ, ֆոտո-պատմություններ, կատարել նոթագրություններ, իսկ հանձնարարությունների բաժնի օգնությամբ միմյանց ուղարկել թղթակցային առաջադրանք-խնդրանքներ: Օգտատերերը թղթակցության միջոցով կարող են կուտակել վիրտուալ վարկանիշային միավորներ, ստանալ վիրտուալ պարգևատրումներ, նոր վիրտուալ պաշտոններ, իրական և վիրտուալ մրցանակներ և այլն:

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՊՈՐՏԱԼ

Առաջարկված նախագծի շրջանակներում Երևանում և ՀՀ մարզերում ստեղծվել է հասանելի «մոբայլ» լրատվության պորտալ, որը հնարավորություն է ընձեռում էլ–փոստով, MMS–ով, SMS-ով, Twitter ցանցով ուղարկված տեղեկատվությունը հրապարակել որպես անընդհատ թարմացվող լրահոս։ http://badu.am-ը յուրօրինակ սոցցանցային լրաքաղ է, որտեղ տեղ են գտնում սոցիալական մեդիայի դիտարկումների արդյունքները: Ծրագիրն իրականացնող թիմը բազմաթիվ դասընթացներ և հանդիպումներ է կազմակերպել քաղաքացիական հասարակության և ակտիվ երիտասարդության հետ Երևանում և մարզերում, ինչպես նաև գործընկերային հարաբերություններ ստեղծել լրատվամիջոցների և հայտնի բլոգերների հետ: Արդյունքում՝ քաղաքացիական ակտիվության պորտալը հաստատուն կապ է ստեղծել ԶԼՄ-ների և հանրային լրագրողների միջև, ինչպես նաև ներկայացնում է օրվա լրահոսը:

ՎԵՐՍՈՒՍ ՍՏՈՒԴԻԱ – «ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ»

Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր ստեղծել 1946-1948 թվականների Մեծ հայրենադարձության և արտագաղթի մասին հանրությանը հասանելի ինֆորմացիոն բազա և նկարահանել ֆիլմ: Ականատեսների վկայություններն արձանագրելու նպատակով 2011-ի նոյեմբերին 20 հարցազրույց և նկարահանումներ իրականացվեցին Լիբանանում: Հայաստանում հարցազրույցներ անցկացվեցին պատմաբանների և հայրենադարձ ընտանիքների հետ, հավաքվեց հսկայածավալ նյութ՝ հոդվածներ, լուսանկարներ, փաստաթղթեր և դրվագներ անձնական արխիվներից: 155 փաստաթուղթ ուսումնասիրվել և պատճենահանվել է՝ բացված կայքէջում տեղադրելու համար: Նախապատրաստվել է 50 ճանաչված հայրենադարձ ընտանիքների ցանկ, որոնց հետ նախատեսվում են հարցազրույցներ: Շարունակվում են աշխատանքները Հայաստանի և Կրասնոգորսկի ֆիլմադարաններում: Քանի որ հավաքված ահռելի ծավալի նյութը հնարավոր չէր ամփոփել մեկ ֆիլմում, ստեղծագործական խումբը նախատեսել է պատրաստել երեք մասից բաղկացած ֆիլմ (ներգաղթ, աքսոր, արտագաղթ), որի առաջին մասը կոչվում է «Անծանոթ իմ հայրենիք»:

Ավելին