Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև միգրանտների մասին հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։
Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի Հայաստանում բնակվող տարբեր համայնքների նկատմամբ հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ամրապնդմանը։
Մրցույթն ընդգրկում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Նախատեսված մրցանակները շնորհվելու են մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ և հավաստագրեր։
Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը
Լրագրողական նյութը.
- կարող է լինել ցանկացած ձևաչափով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, մուլտիմեդիա, ֆոտոպատմություն և այլն,
- պիտի հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներից որևէ մեկում՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում,
- պիտի անդրադառնա ազգային, ազգային և կրոնական ամենատարբեր թեմաներին, Հայաստանում խաղաղ համակեցությանը, տեղահանված և Հայաստանում ապաստան գտած մարդկանց, միգրանտների խնդիրներին, կենցաղին, և պետք է ամրապնդի հարգալից վերաբերմունքը փոքրամասնություն կազմող նշված խմբերի նկատմամբ,
- պիտի մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ,
- պիտի հրապարակված լինի հայերեն։
Նյութերը կընդունվեն մինչև 2023 թվականի մայիսի 10-ը։ Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը:
Հարցերի կամ տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում ենք գրել Նանե Պասկևիչյանին՝ [email protected] էլ․ փոստի հացեով։
Մրցույթը «Հայաստանում կրոնի կամ հավատքի ազատության խթանումը հայկական ԶԼՄ-ների մասնագիտական կարողությունների հզորացման միջոցով» նախագծի մասն է, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության աջակցությամբ։