Քննադատական մտածողության դպրոց․ մասնակցության հրավեր ուսանողների համար (փակված է)

CrTS_may_invitation

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են Երևանում և ՀՀ մարզերում գործող համալսարանների ուսանողներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 26-ից 28-ը, Երևանում, ԵՀՀ գրասենյակում։

Դպրոցի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորելու տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման և պրոեկտային մտածողության հմտություններ։

Դպրոցի ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի ուսանողների ինքնակառավարման կանոնակարգերի մշակման և զարգացման հնարավորություններին, ինչպես նաև ուսանողական ժողովրդավարության, բուհերի կառավարման գործում ուսանողների ներգրավման հարցերին։

Դպրոցի մեթոդաբանությունը մասնակցային է և ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ, գործնական աշխատանք։ Քննադատական մտածողության դպրոցի մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։

 

Դիմելու կարգը

Մասնակցել ցանկացող ուսանողները պիտի լրացնեն առցանց հայտը մինչև ս.թ. մայիսի 10-ը ներառյալ:  

Դպրոցի հետ կապված հարցերի դեպքում, խնդրում ենք գրել Արփինե Հունանյանին՝ [email protected] էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Քննադատական մտածողության դպրոց. Դիմորդի Անուն Ազգանուն»:

 

Մասնակցության պայմանները

Մասնակցությունը դասընթացին անվճար է։ Երևան ժամանող մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք օր (10:00-19:00): Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր:

 

***

Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը  համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)։