Կազմակերպության մասին
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) առաքելությունն է հզորացնել մարդկանց` սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով, և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը: ԵՀՀ–ն անկախ տեղական հիմնադրամ է դարձել 2007 թվականին։ Այն Եվրասիա հիմնադրամի «ժառանգ» կազմակերպությունն է: Հայաստանյան ԵՀՀ–ն ծրագրային, կազմակերպական և ֆինանսական առումներով անկախ տեղական հիմնադրամ է:
Տրանսֆորմացիոն փոփոխության պարադիգմը ընկած է ԵՀՀ Մարդու իրավունքների և արդարադատության ոլորտի ծրագրերի հիմքում։ ԵՀՀ-ն աշխատում է անհանդուրժողականության, բռնության և խտրականության կառուցվածքային պատճառները, ինչպես նաև դերակատարների մոտեցումներն ու վարքագիծը վերափոխելու ուղղությամբ: Մանրամասն տեղեկատվություն ԵՀՀ մարդու իրավունքների և արդարադատության ոլորտի ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://epfarmenia.am/hy/direction/rights
Սույն հետազոտությունը Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի մաս է։ Ծրագրի նպատակն է ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունն ու աշխատանքի արդյունավետությունը ճգնաժամերը հասցեագրելու, ինչպես նաև ավելի ճկուն, կայուն և տեխնոլոգիապես զարգացած հասարակություն ձևավորելու հարցերում։
Ակնկալվող հետազոտության նպատակներն ու խնդիրները
Անկախ և անկողմնակալ դատական համակարգի առկայությունը արդարադատության իրականացման գործընթացներում խտրականության բացառման ամենաէական նախադրյալներից է։ Օրենքի առջև հավասարության ապահովումը դատարանների անաչառությունը գնահատելու միջազգային չափանիշներից մեկն է։
2023 թվականին Համաշխարհային բանկի կողմից կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ Հայաստանում, թե՛ քաղաքացիների, և թե՛ գործարարների շրջանում առկա է արդարադատության համակարգի կողմից անհավասար վերաբերմունքի ենթարկվելու ընկալում[1]։
Ըստ այդ հետազոտության, քաղաքացիների զգալի մասը չի համարում, որ դատական համակարգը հավասարապես հասանելի է բոլոր քաղաքացիների համար՝ մի շարք գործոններով պայմանավորված: Ըստ հարցման մասնակիցների՝ քաղաքացիների նկատմամբ անհավասար վերաբերմունք է դրսևորվում կողմերի սոցիալական դրության, ինչպես նաև քաղաքական կուսակցական պատկանելության, հաշմանդամության, կրթության, ազգային պատկանելության և այլ հանգամանքների հիման վրա[2]։ Գործարար համայնքի անդամները ևս անհանգստություն են արտահայտում անհավասար վերաբերմունքի վերաբերյալ։ Այսպես, հարցվածների 33 տոկոսը գտնում է, որ դատարանները տարբերակված վերաբերմունք են ցուցաբերում նաև տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վերջիններիս գործունեության ծավալի հանգամանքով պայմանավորված, մինչդեռ 28 տոկոսը գտնում է, որ նշանակություն ունի նաև մասնակիցների/բաժնետերերի ցանկը։
Ակնկալվող հետազոտության նպատակն է, հենվելով առկա ուսումնասիրությունների վրա, իրականացնել որակական հետազոտություն ՀՀ արդարադատության համակարգում ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանված հիմքերով խտրականության կամ տարբերակված վերաբերմունքի դրսևորումների վերաբերյալ։
Հետազոտական աշխատանքի խնդիրներն են՝
- բացահայտել դեպքեր, երբ միևնույն կամ նմանատիպ փաստական հանգամանքների դեպքում դատարանը տարբեր դատական ակտ է կայացրել,
- տրամադրել իրավիճակը լավարկելուն ուղղված փաստահեն առաջարկություններ ՀՀ դատական իշխանությանը, միջազգային կազմակերպություններին և այլ շահառուներին։
Ծառայության նկարագիր
Հետազոտությունը իրականացնելու համար կարող են դիմել ոլորտի փորձագետներ կամ փորձագիտական թիմեր։
Հետազոտությունը պետք է կատարվի մեթոդաբանական տարբեր գործիքների կիրառմամբ, այդ թվում՝ ա․) փաստաթղթերի հետազոտություն, բ․) դատարանների որոշումների ուսումնասիրություն, 3․) խորքային հարցազրույցներ դատավարության կողմերի, փաստաբանների, դատախազների, տուժողների և այլոց հետ։ Անհրաժեշտության դեպքում, կարող են կիրառվել նաև ուսումնասիրության այլ մեթոդներ։
Հետազոտության ընդհանուր բյուջեն չպետք է գերազանցի 3,500 եվրոյին համարժեք դրամը։
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- Հետաքրքրության նամակ՝ համապատասխան փորձի նկարագրությամբ,
- Հետազոտության նկարագրություն (2 էջից ոչ ավելի),
- Կատարված հետազոտական աշխատանքի նմուշ
- Փորձագետ(ներ)ի ինքնակենսագրություն (CV),
- Բյուջե։
Փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել ծրագրերի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանին [email protected]: Էլ․նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել՝ Դատական հետազոտություն և դիմողի անունը։ Հարցերի դեպքում կարող ենք զանգել +37491501027 հեռախոսահամարին:
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ․ դեկտեմբերի 24-ը։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: