Դավիթը մի պահ մամուլի գլխավոր հերոսն էր: Նա այն տղան է, ով պաշտպանության նախարարության շենքում ռումբ տեղադրելու մասին սուտ ահազանգ էր տվել: Դավիթին, պարզ է, բանտ նստեցրեցին՝ 2015թ. օգոստոսից:
Դավիթը 1-ին կարգի ցմահ զինհաշմանդամ է: Պնդում է, որ հաշմանդամությունը ստացել է զինվորական հոսպիտալում անհաջող վիրահատություն արդյունքում:
Այն ժամանակ պատասխանատուները ոչ պաշտոնապես, կարծես, ընդունում էին, որ մեղավոր են: Դավիթի խոսքով, ամենաբարձր աթոռներից բազմաթիվ խոստումներ է ստացել, որ իրեն վերականգնվելու համար Գերմանիա կուղարկեն:
Այսօր-վաղը, այսօր-վաղը…և այսպես 5 տարի: Իսկ հետո պարզապես սկսեցին չպատասխանել զանգերին:
Դավիթը հումորով տղա է` դե եթե խաբել է, տեսնենք, թե ով ավելի լավ կխաբի:
Ռումբի մասին սուտ ահազանգ տալն այդ շենքում նստող պաշտոնյաներին իրենց խոստումները հիշեցնելու միակ տարբերակն էր,- ասում է Դավիթը:
Բայց Գերմանիայի փոխարեն Դավիթը, 1-ին կարգի հաշմանդամությամբ, Արմավիր քրեակատարողական հիմնարկում հայտվեց:
– Տղան 1-ին կարգի զինհաշմանդամ էր, եւ, եթե չեմ սխալվում, սուտ ահաբեկչության հոդվածով դատապարտվեց ազատազրկման: Արդյոք իրավակիրառ պրակտիկան թույլ տալի՞ս է 1–ին կարգի հաշմանդամին իրավազրկել: Նրա վիճալը բանտում ավելի ծանրացավ, որովհետեւ այն բուժումը, որը պետք է ստանար զինհաշմանդամը, բացակայեց այդ ընթացքում:
– Ես կարդացի Դավիթի դատավճիռը եւ այնպիսի տպավորություն էր, որ Դավիթն առողջ քաղաքացի է: Մեկ տող էր նշված, որ Դավիթն 1-ին կարգի հաշմանդամ է, ու չի նկարագրված նրա իրավիճակը: Երբ ես տեսա, թե ինչպես էր Դավիթը քայլում, երբ նախագահի ներման հրամանով արդեն դուրս էր գալիս «Արմավիր» քրեակատարողականից, մայրը նկատել էր, որ ոտքը լավ չի աշխատում, ձեռքը չի աշխատում: Բայց երբ ես տեսա, թե նա ինչպես էր քայլում, արդեն պարզ էր: Ուզում եմ հասկանալ. դատախազը, քննիչը, դատավորը, փաստաբանը՝ հասուն մարդիկ, մի՞թե չեն տեսել Դավիթ Հակոբյանի վիճակը, եւ մի՞թե նրա արարքը չի ստացել պատճառահետեւանքային գնահատական, այսինքն, թե ինչն էր դրդել նրան կատարել կեղծ ահաբեկչության մասին ահազանգ. որովհետեւ տարիներ շարունակ նրա խնդրով չէին զբաղվել, եւ նա այդպես ցանկացել էր պարզապես ուշադրություն գրավել: Նա դատարանում հայտարարել էր այդ մասին: Քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը թույլ է տալիս կիրառել պատժի կրումից ազատում: Սակայն սա ոչ միշտ է իրագործվում, թեպետ մենք ունենք օրենքով սահմանված հնարավորություն, բայց իրավակիրառ պրակտիկայում այնքան բարդ մեխանիզմ պետք է անցնի դատապարտյալը, մինչեւ ազատումը ստացվի: Ե՛վ ժամանակ է տեւում, ե՛ւ տվյալ անձի վիճակն է վատթարանում: Կան դեպքեր, երբ նրանք թոշակավորման հարցերի հետ կապված մեծ խնդիրներ են ունենում : Օրինակ, նորից անդրադառնամ Սողոմոն Քոչարյանին. նա 1995թ. իր դատապարտումից ի վեր չէր ստացել իր զինվորական թոշակը: Եվ երբ համառ լրագրողական լուսաբանումների շարքը եղավ, հանրությունը սկսեց ճնշում գործադրել, վերականգնվեց նաև նրա թոշակի հարցը, նա ստացավ 2015 թվականից իր հասանելիք թոշակը: 20 տարի շարունակ թոշակի հարցը չէր կարողացել լուծել, պետությունը նրան զրկել էր իր՝ օրենքով սահմանված, այն էլ՝ զինվորական թոշակից, չէ՞ որ նա հետախույզ էր:
– Մի փոքր խոսենք այն մասին, թե ինչպիսին է հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը կալանավայրերում, եւ առհասարակ ինչպես է այդ դատական համակարգը վերաբերվում հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք են ծանր հիվանդության հիմքով ազատվելու իրավական կարգավորումները, օրենսդրական դաշտը նորմալ է, իրավակիրառ պրակտիկան՝ չէ, ի՞նչ կասեք:
– Սովորաբար Հայաստանում իրավակիրառ պրակտիկան եւ այն, ինչ ունենք օրենքներում, մի փոքր տարբեր է, եւ, ինչպես Լարիսա Ալավերդյանն է սիրում ասել, այդ տարբերությունը գնալով աճում է: Նա համեմատում էր մկրատի հետ, ասում էր. օրենքներն այսպես գնում են իրենց համար, իրավակիրառ պրակտիկան կարծես թե իր համար է գնում, եւ այդ զուգահեռները երբեւէ չեն հատվում: Այնինչ պետք է լինեն միասին, եւ այդ մկրատը պետք է լինի փակված: Այսինքն՝ ինչ ունենք տեսությամբ, պետք է կիրառվի նաեւ օրենսդրությամբ: Մենք ունենք բավականին լավ օրենսդրություն՝ 2006թ. ընդունված կառավարության թիվ 825 որոշումը, որով սահմանված են պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները: Այդ ցանկը, ինչպես նշեցիր, բազմաթիվ իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպություններ, անգամ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն են նկատել, որ պետք է բարեփոխել, որովհետեւ հիվանդություններ են ավելացել, հիվանդությունների անվանումներ են փոխվել, եւ պետք է վերանայել այս ցանկը: Այնուամենայնիվ, ցանկում ընդգրկված են այնպիսի հիվանդություններ, կարծես թե հատուկ նախանշված են այնպիսի շատ բարդ իրավիճակներ, երբ մարդն ուղղակի պետք է տուն գնա, եւ ցավով եմ նշում, տանը պետք է ընդամենը 1 ամսվա կյանք ունենա: Այդպիսի նորմեր են սահմանված, բարդացումների աստիճաններ են դրված, օրինակ, 4-րդ դաս իշեմյան05.10 եւ այլն: Այս հիվանդությունների հետ կապված, այնուամենայնիվ, դժվարություններ առաջանում են, եւ շատ քիչ են այն մարդիկ, ովքեր պատժի կրումից ազատվում են հիվանդությունների հիմքով: Մենք գիտենք Սողոմոն Քոչարյանի դեպքը. Նա տառապում էր 4-րդ դասի իշեմիկ հիվանդությամբ, նաեւ ուներ քաղցկեղ: Այնուամենայնիվ, ՔԿՀ-ում նա գտնվում էր ամռան տապին +40 աստիճանի պայմաններում, այնուամենայնիվ օրենքը չէր կիրառվում: Եվ միայն հանրային մեծ հնչեղությունը ստիպեց, որպեսզի 1-ին անգամ ցմահ դատապարտման պարագայում 20 տարի անց առողջության հիմքով քաղաքացին ազատ արձակվի:
– Մենք հաշմանդամություն ունեցող անձանց հանցագործություններ ունենո՞ւմ ենք, թե՞ հիմնական մասը հաշմանդամությունը ձեռք է բերում կալանավայրերում, այսինքն, օրգանիզմում առկա առողջական այս կամ այն խնդիրը, որը հաշմանդամության չի հանգեցրել, խորանալով բերում է հաշմանդամության, թե՞ ունենք դեպքեր, որ հենց հաշմանդամություն ունեցող անձինք են կատարել հանցանքը, ո՞րն է գերակշռում:
– Գերակշռում է հարկե, այն, որ անձինք դառնում են հաշմանդամներ հենց քրեակատարողական հիմնարկներում, որովհետեւ հենց իրավապաշտպանները, իրավաբանները, բազմիցս նաեւ իմ հրապարակումներում, որոնք ես այստեղ գալուց առաջ բացեցի եւ փորձեցի վերհիշել, տեսա բազմաթիվ արձագանքներ, ՄԻՊ-ի զեկույցներ, թե ինչպես են արտահայտվում, որ բանտերում հիվանդ, հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ են, եւ այնտեղ պարարտ հող կա, որպեսզի մարդը ձեռք բերի հիվանդություններ. դա վերաբերում է սննդին, փակ տարածությանը, փակ ռեժիմային գոտուն: Պատկերացրեք մարդը, խոսքը վերաբերում է առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրված անձանց, ովքեր արդեն 20 եւ ավելի տարիներ գտնվում են այդ հաստատությունում, եւ դեռևս 90-ականներից, երբ պայմաններն ավելի սարսափելի էին, քան հիմա:
– Երբ խոսում ենք այս տարբեր ոլորտների մասին, հաճախ նկատում ենք, որ պետությունն ունի օրենքներ, իրավակիրառ պրակտիկա, համակարգ, սակայն այս մյուս հատվածը՝ մկրատի մյուս կողմը, այս պարագայում՝ հասարակությունը, դատապարտյալները, իրենք իրենց իրավունքներով էլ չեն կարողանում զբաղվել, ի՞նչ պետք է անի հաշմանդամություն ունեցող անձը կալանավայրում: Մի փոքր փորձենք ուղղորդել մեր քաղաքացիներին: Խոսեցինք խնդիրների մասին, հիմա, ենթադրենք, սայլակով ինչ-որ մեկին, 1-ին կարգի հաշմանդամին փորձում են ազատազրկել: Ի՞նչ անի, ո՞ւմ դիմի, հարցը պետք է ԵԴ գնա՝ ինչպե՞ս վարվի անձը, եթե ցանկանում են ազատազրկել:
– Ամեն դեպքում անձը պետք է ունենա փաստաբան, որն այստեղ մեծ դեր է կատարում: Հաճախ փաստաբանները նույնիսկ սկսում են գրագրություն, որ տվյալ անձն իրավունք չունի անազատության մեջ գտնվելու: Հիշենք «Հաց բերողի» դեպքը, երբ փաստաբանները գրագրության միջոցով բազմաթիվ անգամ բարձրացնում էին այն հարցը, որ անձը տառապում է պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններով, ինչը կալանավորման ժամանակ եւս արձանագրվեց, սակայն պետությունը կարծես համառում էր, եւ իրավապահ մարմինները երկու անգամ կալանավորեցին նրան , վերջինս այնտեղ 20 օրից ավելի հացադուլի նստեց, եւ այս ամենը անդառնալի հետեւանքներ ունեցավ: Այնուամենայնիվ անձը պետք է գիտակցի իր իրավունքները, եթե ունի պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն, պետք է անպայման ահազանգի այս մասին: Առաջին հերթին պետք է կարդա 825-Ն որոշումը, բայց քանի որ բանտում չկա համակարգչի հնարավորություն, ապա անպայման պետք է փաստաբանի կամ հարազատների միջոցով Google-ում փնտրել այդ որոշումը եւ տեսնել, թե իր հիվանդությունը համապատասխանո՞մ է, հետո պետք է ստուգել հիվանդության բարդության աստիճանը, ամպայման պետք է հրավիրել անկախ բժիշկներ: Ցավով եմ ասում, եւ սա արձանագրված է նաեւ ՄԻՊ-ի վերջին զեկույցում, եթե թերթենք տարբեր տարիների զեկույցները, կտեսնենք, որ ՔԿՀ-ում, շատ քիչ բան է փոխվել դեպի լավը, վիրավորական չհնչի, Copy-paste-ի սկզբունքով կարող են դնել, որովհետեւ իսկապես իրավիճակ չի փոխվում: Մենք 4-5 ՔԿՀ-ներում նույնիսկ ատամնաբույժի հաստիք չունենք: Այս մասին արձանագրվեց, երբ այս ամռանը համատեղ կոնֆերանս էր կազմակերպվել՝ Վրաստանի եւ Հայաստանի փորձն էին ցույց տալիս: Վրաստանում 5 տարվա ծրագիր էին ներկայացրել, առաջնահերթ ճյուղ էին մշակել՝ ՔԿՀ-ներում բժշկության սպասարկումը որպես գերակա ճյուղ: Եվ 5 տարում շատ ամբիցիոզ ծրագիր էին արել, մահացության մակարդակն անգամ իջեցրել էին 70-ից մինչեւ 17 մարդու: Եվ ԵՄ-ը, ԵԽ-ը շատ բարձր էին գնահատել, այնտեղից եկել էր փորձագետ, պատմում էր, անգամ ներկայացնում էր իրենց վերականգնողական կենտրոնը, որտեղ դատապարտյալները բուժում են ստանում:
– Հաշմանդամություն ունեցող անձը մի շարք կենցաղային պայմանների, ասենք, հատուկ սանհանգույցի, վերականգնողական անհատական ծրագրով օրթեզներ, տարբեր սարքավորումներ ստանալու իրավունք ունի: Կա՞ն դեպքեր, երբ հենց այս շեշտադրումով՝ կալանավայրերում հաշմանդմություն ունեցող մարդու իրավունքների խախտման հարցերով են դիմում ԵԴ:
– Այո, ուզում եմ հիշել Տիգրան Հարությունյանի դեպքը, որն այժմ ազատության մեջ է: Անձը մեկ տարուց ավելի գտնվում էր ՔԿՀ-ում, բազմաթիվ հիվանդություններ ուներ: Հասավ նրան, որ կատարվեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն եւ հաստատվեց, որ պատժի կրումն անհամատեղելի է նրա հիվանդությունների հետ՝ սայլակով էին բերում դատարան (բազմիցս լուսաբանել եմ դեպքը): Տիգրան Հարությունյանի պաշտպանը բազմիցս դիմել է ՄԻԵԴ՝ վկայակոչելով հենց անձի վիճակը: Նա գտնվում էր բուժմասում (ցանկացած ՔԿՀ ունի բուժմասեր՝ առանձնացված հատվածներ են), սայլակը կարծեմ հենց փաստաբանն էր տարել իր հետ, որովհետեւ անձին գրկած էին բերում: Այդպես եղավ նաեւ Վահագն Մարուքյանի դատավարության ժամանակ, երբ 24 տարի բանտում գտնվող անձը դիմում է պայմանական վաղաժամ ազատման համար, եւ նրան նույնպես գրկած էին բերում դատարան: Մեր լուսաբանումից հետո պետությունը սայլակ էր տրամադրել: Այս առումով շատ տխուր է վիճակը, երբ անձը զրկված է ազատությունից, հատկապես՝ ապօրինի, երբ հիվանդության պատճառով չպետք է գտնվի ազատազրկման վայրում, բայց գտնվում է: Նույնիսկ ազատության մեջ բավականին դժվար է ազատ տեղաշարժի խնդիրներ ունեցող անձի համար, իսկ պատկերացրեք, երբ ազատազրկված է եւ վրան դուռ են փակում, չունի խնամող: Բժշկական հաստիքները շատ քիչ են, անգամ դատապարտյալների հիվանդանոցում: Երբ Սողոմոն Քոչարյանին տարել էին, եւ մայրը մեկ անգամ կարողացավ մտնել տեսակցության, ասաց, որ մարդն այն վիճակում է գտնվում, որ չի կարող անգամ սեղանին մոտենալ, սեղանից հաց վերցնել:
– Ամփոփելով կարող ենք ասել, որ անձն առաջին հերթին պետք է լավ տիրապետի օրենսդրական դաշտին, եւ պետք են իրավապաշտպաններ, որոնք կզբաղվեն այդ հարցերով, այսինքն, այլընտրանքային լուծում այս պարագայում գոյություն չունի:
– Դա պետության պարտավորությունն է՝ զբաղվել թոշակավորման, սայլակի, բժշկական սպասարկման հարցերով: Բայց մենք բժշկական սարքավորումների այնքան աղքատիկ բազա ունենք, բուժանձնակազմի սակավության խնդիր ունենք, շատ-շատ խնդիրներ ունենք ՔԿՀ-ներում: Խոսել այս պահին, որ այդ խնդիրները կլուծվեն երկու տարում, շատ ամբիցիոզ կլինի: Վրաստանը 5 տարում կարողացել է ինչ-որ քայլեր անել դեպի առաջ, եւ իրենք դա գնահատում էին բավականին բարձր: Եթե պետությունը չի կարողանում կատարել իր դրական պարտավորությունները, ապա Դուք ճիշտ եք, խնդիրը մնում է անձի իրավագիտակցության վրա: Բայց դրան էլ չենք կարող ապավինել, որովհետեւ այնտեղ մարդիկ են, որոնք շատ հաճախ չգիտեն իրենց իրավունքների մասին կամ, նույնիսկ, ունակ չեն բացել եւ կարդալ օրենսդրություն, թեպետ այնտեղ իսկապես կան անձինք, ովքեր դառնում են քրեական օրենսդրության գիտակներ եւ սկսում են ինքնուրույն պաշտպանել իրենց իրավունքները: Հետևաբար մնում է կամ բարի կամքի կամ իրավապաշտպանների եւ անձի իրավագիտակցության մակարդակի վրա:
– Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ, դուք լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը լրագրող, իրավաբան Զարուհի Մեժլումյանն էր: Շնորհակալություն