Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին: Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 150,000 եվրո, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 5,000-ից մինչև 20,000 եվրո դրամաշնորհներ` շուրջ 5-ից 15 անհատների և կազմակերպությունների:
Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Անհատների դեպքում դիմողները պետք է մասնակցեն նախադրամաշնորհային հանդիպումների` ներկայացնելով նախատեսվող աշխատանքների կատարման և պարտականությունների բաշխման հստակ սկզբունքներ: Այդ հանդիպումները տեղի կունենան ՀԴՀ-ում` Թուրքիայում դիմողների համար, կամ ԵՀՀ-ում` Հայաստանում դիմողների համար: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող կազմակերպություններին այն դեպքում, եթե առաջարկվող ծրագիրը նպաստի Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և դրամաշնորհային միջոցները չօգտագործվեն շահույթ ստանալու նպատակով: Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն: Դիմումները կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ: Պետական և քաղաքական ուղղվածություն ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել դրամաշնորհների մրցույթին: Դիմումներն ուսումնասիրելիս Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետևյալ գնահատման չափանիշներով.
- Արդյոք առաջարկվող ծրագիրը նպաստում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II» ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը:
- Արդյոք առաջարկվող ծրագիրն արձագանքում է իր թիրախային խմբերի կոնկրետ կարիքների ապահովմանը և սահմանափակումների նվազեցմանը:
- Արդյոք առաջարկվող ծրագիրը ներառում է Հայաստանում և Թուրքիայում գործող կազմակերպությունների և (կամ) այդ երկրներում բնակվող անհատների միջև համագործակցություն կառուցելու բաղադրիչը:
- Արդյոք առաջարկվող ծրագիրն ապահովում է ծրագրի արդունքների կայունության նվազագույն աստիճան` ծրագրի ավարտից հետո:
- Արդյոք առաջարկվող ծրագիրը նորարար է և ապահովում է «հավելյալ արժեք»:
- Արդյոք բյուջեն իրատեսական է և համապատասխանում է առաջարկվող ծրագրային գործունեությանը:
- Արդյոք դիմողն ունի բավարար կարողություններ առաջարկվող ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար:
Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը և նրանց միջև համագործակցության հաստատմանը: Ծրագրերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով: Մրցույթում հաղթած դրամաշնորհառուները կներառվեն Կոնսորցիումի տվյալների բազայում և պարբերաբար կստանան թարմ տեղեկություններ Ծրագրի մասին, ինչպես նաև հրավերներ կստանան մասնակցելու Կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներում:
Կոնսորցիումի կողմից առաջին դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2014թ.–ի մայիսին, որի արդյունքում ստացվել է 130 առաջարկ, որոնցից 60-ը` Հայաստանից և 70-ը` Թուրքիայից։ Գնահատող հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 11 առաջարկ` 6-ը Հայաստանից և 5-ը Թուրքիայից։