2018 թվականի հեղափոխությունը էական ազդեցություն ունեցավ քաղհասարակության վրա։ Հեղափոխությանը հաջորդած սկզբնական շրջանում կար կարծիք, որ իշխանության են եկել քաղհասարակության վստահությունը կրող մարդիկ, ովքեր իրենք էլ շատ լավ պատկերացնում են, թե ինչ է պետք անել ու քաղհասարակությունն առանձնապես անելիք չունի։ Սակայն, շատ արագ ի հայտ եկան նաև նոր իրավիճակին բնորոշ խնդիրներ։ ՔՀԿ-ները նաև հայտնվեցինք ռեակցիոն ուժերի ծավալած դավադրապաշտկական դիսկուրսի թիրախում, որպես 2018 թվականի թավշյա հեղափախության «մեղավորներից» մեկը։ ՔՀԿ-ների վարկանիշի վրա բացասաբար ազդեց նաև այն կարծիքը, թե նոր կառավարողների թերացումներից շատերը կապված են հենց ՔՀԿ ոլորտից եկած կադրերի հետ։
2020 մարտ ամսից Քովիդ – 19 համավարակով պայմանավորված սահմանափակումները, իսկ այնուհետև 44-օրյա պատերազմն էլ իրենց հերթին իհայտ բերեցին ինչպես պետության և հասարակության լայն առումով, այնպես էլ ՔՀԿ-ների դերակատարության հետ կապված խնդրահարույց հարցադրումներ։
Սրվեցին նաև անցյալից ժառանգված խնդիրները։ Հեղափոխությանը նախորդած շրջանի հետազոտությունները և հետխեղափոխական շրջանում իրականացրածները թույլ են տալիս ասել, որ խնդիրների մի մեծ խումբ ՔՀԿ-ները ժառանգել են նախորդ շրջանից։ Դա վերաբերում է հատկապես ՔՀԿ - հասարակություն փոխհարաբերությունների սահմանափակ բնույթին, ՔՀԿ-ների կողմից իրենց ծրագրերում համահայստանյան համատեքստի արտացոլման, մասնակցության ոլորտում առկա հիմնախնդիրների, ՔՀԿ-ների հաղորդակցման կարողությունների, լեզվի ու հռետորաբանության, հանրային կարծիքում նրանց վարկանիշի, քաղաքացիական հասարակության այլ դերակատարների հետ նրանց փոխհարաբերությունների և մի շարք այլ խնդիրներին։
Այդ պատճառով, այս հետազոտությունում կարևորվել են 2018 թվականից հետո Հայաստանում ՔՀԿ դաշտին բնորոշ խնդիրների երկու խումբ։ Առաջինը՝ դրանք ժամանակագրական տեսանկյունից ընդհանուր բնույթի խնդիրներն են, որոնք ժառանգվել են նախորդ տասնամյակներից և 2018 թվականից հետո կարիք ունեն վերաիմաստավորվելու։ Երկրորդը՝ խնդիրներ, որոնք առանձնահատուկ կերպով սրվել կամ ձևավորվել են 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից և 2020 թ․ արցախյան երկրորդ պատերազմից հետո ։