Այս հետազոտությունը նվիրված է Հայաստանում ՔՀԿ-ների գործունեության ուսումնասիրությանը։ Ի՞նչ խնդիրներ են լուծում ՔՀԿ-ները Հայաստանում, ինչպե՞ս են այդ խնդիրներն արտացոլում Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները, որքանո՞վ է ՔՀԿ դաշտը կայացած ու պատրաստ այդ խնդիրների լուծմանը, ի՞նչ տարապատկեր է բնորոշ հայաստանյան ՔՀԿ-ներին, որքանո՞վ է հաջողված ու արդյունավետ նրանց գործունեությունը, ի՞նչ բացասական ու դրական հատկանիշներ են բնորոշ նրանց և ի՞նչ անելիքներ կան սեփական կարողությունների զարգացման ու գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Սա է հարցերի շրջագիծը, որոնց փորձ է արվել պատասխանել ներկայացված զեկույցում։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել հանրային մասնակցության ու ՔՀԿ-ների դերակատարության հետ կապված խնդիրներին։ Նշված հարցադրումներին փորձ է արվում պատասխանել 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության, «Քովիդ-19» համավարակի և 44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրավիճակի համատեքստում։
Հետազոտությունն իրականացվել է որակական հետազոտության մեթոդով։ Անցկացվել է 29 խորացված հարցազրույց ՔՀԿ ներկայացուցիչների և 10 փորձագիտական հարցազրույց ոլորտի խնդիրներին քաջատեղյակ փորձագետների հետ։ Գրանցված որակական տվյալները համադրվել են գրավոր աղբյուրների տվյալների հետ։ Վերլուծությունն իրականացվել է թեմատիկ վերլուծության մեթոդով։ Այսինքն, վեր են հանվել առաջադրված հարցերին վերաբերող հիմնական թեմաները, խմբավորվել են, առանձնացվել հիմնական կամ առանձնահատուկ երևույթները։
Զեկույցի կառուցվածքը բխեցվել է գրանցված որակական տվյալներից։ Առաջին գլխում քննարկվում են ՔՀԿ-ներին վերաբերող ներքին՝ սկսած կազմակերպչական, արժեքների, տեսլականների, կարճատև ու երկարատև պլանավորման, ծրագրային ու ինստիտուցիոնալ, վերջացրած ֆինանսավորման հետ կապված ու ՔՀԿ-ների միջև փոխհարաբերությունների հարցերը։ Երկրորդ գլուխը նվիրված է մասնակցության հիմնախնդրին, ՔՀԿ-ներ – կառավարություն փոխհարաբերություններում առկա խնդիրներին։ Երրորդ գլուխը վերաբերվում է ՔՀԿ-ներ – հասարակություն փոխհարաբերությունների և ՔՀԿ-ների լայն առումով հասարակական դերակատարության հիմնահարցին։