«Արարատի մարզի Դվինի համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով ընտանիքների համար սոցիալական ծառայությունների հասանելիության և մատչելիության վերաբերյալ գործունեության հետազոտություն» ծրագիրն իրականացվել է ՀՀ Արարատի մարզի Դվին գյուղում։ Սույն ուսումնասիրությունը նպատակ ունի նպաստել համայնքում սոցիալական ծառայությունների բարելավմանը։ Ուսումնասիրության տվյալները հավաքագրվել են հարցումների միջոցով։ Ուսումնասիրության հիմնական հենքը հանդիասացել է Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է սոցիալական քաղաքականության մասին շահառուների տեղեկացվածության աստիճանը համայնքում գործող սոցիալական ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև գնահատվել է սոցիալական ծառայությունների արդյունավետության, այդ ծառայություններն իրականացնող համապատասխան կառույցների՝ իրենց լիազորությունների շրջանակում կարողությունների, գործունեության և համագործակցության աստիճանը։ Մարդկային աղքատությունը կրճատելու և մարդկային որակյալ կյանքի կայուն հարատև զարգացումն ապահովելու կարևորագույն ու հիմնարար բաղադրիչներից է մարդու առողջ ապրելու իրավունքի երաշխավորումը։ Այդ իրավունքի անհրաժեշտությունն ամրագրված է միջազգային մի շարք փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը։