Այս հետազոտությունն անդրադառնում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) այսօրվա դերին, ներքին ու արտաքին գործոններին, հանրային քաղաքականության մշակման գործընթացում ակնկալվող գործառույթներին՝ հարցերի, որոնք թերևս նախկինում էլ ուսումնասիրվել և քննարկվել են բազմաթիվ հետազոտություններում ու զեկույցներում։ Արձանագրելով, որ հայաստանյան ՔՀԿ-ների շատ խնդիրներ ու մարտահրավերներ շարունակվում են նույնը մնալ՝ սկսած սուղ մարդկային ու ֆինանսական ռեսուրսներից մինչև հանրային քաղաքականության վրա ՔՀԿ-ների ազդեցության անբավարար մակարդակը, նպատակահարմար գտանք այս նախաբանում առանձնացնել այն խնդիրները, շեշտադրումներն ու գաղափարները, որոնք այսօրվա իրավիճակում առավել արդիական և ապագայի տեսլականը կառուցելու տեսանկյունից առավել առանցքային ենք համարում։