«Խտրականության փորձագիտական ընկալումները Հայաստանում» որակական հետազոտությունը կատարվել է Նիդեռլանդների Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում խտրականության արգելման օրենսդրության ընդունմանն ուղղված ծրագրի» շրջանակներում: Հետազոտությունն ուղղված է պարզելու և ներկայացնելու խտրականության հարցերում փորձագիտական ընկալումները, հիմնական մոտեցումները, դիրքորոշումները, ինչպես նաև, հիմնվելով փորձագետների կողմից տրված կանխատեսումների և առաջարկների վրա, ներկայացնելու խտրականության նվազման, դրա դեմ պայքարի մեխանիզմների հեռանկարները: Հետազոտությունն անցկացվել է Երևան քաղաքում և ՀՀ մարզերում:
Հետազոտության արդիականությունը և կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խտրականության՝ որպես հանրային խնդրի և դրա դեմ պայքարի հետագա ընթացքի կանխորոշման և այն առաջ տանելու ու զարգացնելու հարցում էական նշանակություն ունեն որոշում կայացնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, մասնագիտական գործունեություն իրականացնող փորձագետների դիրքորոշումները, մոտեցումները և սպասելիքները: Հետազոտության շրջանակում անցկացվել են հարցազրույցներ տարբեր ոլորտների փորձագետների հետ, ինչպես նաև իրականացվել է փաստաթղթերի բովանդակային վերլուծություն:
Արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ փորձագետները խտրականությունը դիտարկում են որպես հասարակական, սոցիալական խնդիր, որը որոշակիորեն ազդում է հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա, բացասական հետևանքներ է թողնում անձի, սոցիալական խմբերի, հասարակության ընդհանուր կենսագործունեության և զարգացման վրա: Պետական ոլորտում ներգրավված փորձագետները հիմնականում դրական և արդյունավետ են գնահատում մինչ այժմ պետության կողմից տարբեր ոլորտներում իրականացված և ընթացիկ բարեփոխումների արդյունքները և, խնդիրը դիտարկելով ժամանակի ընթացքի մեջ, գնահատում են այն առաջընթացը, որն առկա է վերջին տարիներին խտրականության նվազման հարցում: Միևնույն ժամանակ փորձագետների զգալի հատվածը կարևորում է ինչպես հասարակության բնականոն, այնպես էլ սոցիալիրավական մշակույթի աստիճանական զարգացումը, ինչը հնարավոր կլինի ձեռք բերել կրթության միջոցով: Այս իմաստով, փորձագետների կողմից առավել քիչ է կարևորվում իրավական դաշտում խնդիրը կարգավորելու հանգամանքը, հատկապես՝ խտրականության արգելման վերաբերյալ առանձին իրավական ակտ ունենալու առումով: