ՀՀ Մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2019թ. «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը և Եվրասիա համագործակցության հիմնադրամը սկսեցին ««20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագիրը»՝ խնդիր ունենալով մի կողմից գրանցել Խորհրդային Հայաստանի մասին Խորհրդային Հայաստանում ապրած մարդկանց մասնավոր հիշողություններն իրենց ապրած կյանքի մասին, մյուս կողմից գրանցել և հանրայնացնել 20-րդ դարի Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Սույն էլեկտրոնային գրքում հրատարակվում են գրանցված պատմություններից միայն 24-ը, որից 15-ը՝ երևանաբնակների, 9-ը՝ Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների: Հիմքում դրված են անհատների կենսագրական պատումները: Պատմություններում խորհրդային անցյալով հետաքրքրվողները և վերլուծաբանները նյութեր կգտնեն ընտանեկան, ազգակցական, համայնքային, հասարակական հարաբերությունների, աշխատանքի, աշխատավճարի, ժամանցի, ծեսերի, տոների, կրոնական մշակույթի, ուտեստի, ամուսնությունների, հարսանիքի, Խորհրդային Հայաստանում հասարակության մշակութային հաղորդակցման, Երևանի կենտրոնի կառուցապատման և առհասարակ «կենտրոն» հասկացության և այլն, ինչպես նաև «Երևանի քաղաքային մշակույթ» հասկացության ընկալումների մասին: Մասնավոր կենսագրություններում հաճախ են երևում ստալինյան շրջանի քաղաքական բռնությունների ենթարկվածների մասին հիշողություններ, ինչպես նաև բռնությունների զոհերի սեփական կենսագրություններ: