Եկեք քարտեզագրենք «իշխանություն» հասկացությունը: Պետք է խորանալ, ռեֆլեքսիա անել: Դրա կարիքը կա ոչ միայն մեզանում՝ դա համաշխարհային խնդիր է, որովհետև «իշխանություն» հասկացությունը շատ դեպքերում աղավաղված է մեկնաբանվում։ Մարդիկ չեն հասկանում, դա ինչ է։ Գիտնականները, նույնիսկ միջազգային ասպարեզի գիտնականներն ամբողջությամբ չեն հասկանում այդ հասկացության կոնտեքստը: Եթե բացենք գուգըլը (google) և հավաքենք «power» բառը, կտեսնենք, որ այնտեղ չկա մեկ միասնական ձևակերպում։ Կա մի քսան տարատեսակ, մեկը՝ միջազգային հարաբերությունների դեպքում, մեկ այլը՝ էլեկտրական հոսանքի դեպքում և այլն։ Այդ հասկացության մի միասնական ձևակերպում գոյություն չունի։
Ես արդեն նշեցի անգլերեն բառը՝ «power»։ Ֆրանսերենի «pouvoir» բառից է, նշանակում է կարողություն, զորություն, հզորություն, «զորք»։ Եթե ռուսերենը վերցնենք՝ «власть», առաջացել է «волость» բառից, որն իր հերթին «воля» արմատից է, ծագում է կրկին լատինական «volition»՝ ցանկություն հասկացությունից: Եթե անգլերենում ու ֆրանսերենում բոլոր գլխավոր հասկացություններն այս մի բառով են արտահայտվում, ապա ռուսերենում արդեն կիսվում է։ Մյուսը «держава»-ն է, որն էլ, բնականաբար, «держать» բառից է։ Պահել, պինդ պահել։