Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեն մշտադիտարկում է պետության կողմից «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» ՄԱԿ-ի դաշնագրի կատարումը, որով սահմանվում են մի շարք հիմնարար իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի, աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների, արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց մեջ մտնելու, սոցիալական ապահովության, ընտանիքի պաշտպանության իրավունքները և բավարար այնպիսի կենսամակարդակի իրավունքը, որը ներառում է բավարար սնունդ, հագուստ ու բնակարան և կյանքի պայմանների անընդհատ բարելավման, ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակի, կրթության, մշակութային կյանքին մասնակցելու իրավունքները։
Սույն զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանը կատարել և կատարում ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեի-ի (ՏՍՄԻԿ)՝ 1999 և 2014 թվականների Եզրափակիչ դիտարկումներում տեղ գտած առաջարկությունները, և որոնք են չկատարման խոչընդոտները:
Ուստի զեկույցն ընդգրկում է 1999 թվականից մինչև 2022 թվականի մարտն ընկած ժամանակահատվածը, որի շրջանակում ուսումնասիրվել են ՏՍՄԻԿ-ի երկու Եզրափակիչ դիտարկումները, վերհանվել են դրանցում ներկայացված առաջարկությունները, և դրանցից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ ներկայացվել են դիտարկումներ, Միջազգային դաշնագրի մարմինների առջև ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ գնահատականներ և առաջարկություններ:
Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Եզրափակիչ դիտարկումների իրականացման վերլուծություն և իրազեկվածության բարձրացում» նախագծի շրջանակում։ Նախագծի նպատակն է խթանել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը և բարելավել պետության քաղաքականության համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերին։