Զեկույցի նպատակն է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի 1997, 2002, 2009 և 2016 թվականների Հայաստանին ուղղված Եզրափակիչ դիտարկումների ուսումնասիրությունը, ինչպես նաև Կոմիտեին Կառավարության ներկայացրած պարբերական հաշվետվությունների, ՀՀ օրենսդրության ուսումնասիրության և Եզրափակիչ դիտարկումների հետ դրանց համադրման միջոցով վերջիններիս կատարման, նաև չկատարման կամ մասնակի կատարման օրինաչափությունների վերհանումն ու ՀՀ Կառավարության համար ոլորտային առաջնահերթությունների սահմանումը։
Զեկույցը սկսվում է առաջին՝ 1997 թվականի Եզրափակիչ դիտարկումներում տրված յուրաքանչյուր առանձին առաջարկության շարադրանքից, ինչն էլ ուսումնասիրության կառուցվածքային հիմքն է, այսինքն՝ զեկույցը կազմված է ըստ առանձին առաջարկությունների՝ որպես բաժիններ՝ մեկ բաժնի մեջ միավորելով հարակից հանձնարարականները։ Առաջարկությունները և դրանց կատարման ընթացքն ուսումնասիրվում են ժամանակագրական կարգով՝ ավելի վաղ ներկայացված Եզրափակիչ դիտարկումներից մինչև ավելի ուշ ներկայացվածները և դրանց կատարման նպատակով ձեռնարկված քայլերը։
Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Եզրափակիչ դիտարկումների իրականացման վերլուծություն և իրազեկվածության բարձրացում» նախագծի շրջանակում։ Նախագծի նպատակն է խթանել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը և բարելավել պետության քաղաքականության համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերին։