«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) գործընկեր կազմակերպությունների հետ պլանավորում է անցկացնել կարողությունների զարգացման և թեմատիկ դասընթացներ ՔՀԿ-ների և խոցելի խմբերի համար։ Դասընթացների արդյունքում ՔՀԿ-ները կկարողանան ընկալել և ուսումնասիրել բազմաչափ աղքատության օրինաչափությունները և ակտիվորեն ներգրավվել բազմաչափ աղքատության նվազեցմանն ուղղված քաղաքականությունների մշակման և մշտադիտարկման գործընթացներում։
Դասընթացներն անցկացվելու են հետևյալ թեմաներով․
- Բազմաչափ աղքատության և խոցելիության ռիսկերի մեղմացմանն ուղղված ծրագրեր և քաղաքականություններ,
- Քաղաքականությունների մշակում և մշտադիտարկում, որոշումներ կայացնողների, ՔՀԿ-ների և շահառուների միջև կառուցողական հաղորդակցություն
- ՔՀԿ-ների դերը բազմաչափ աղքատության հասցեագրման և ջատագովության հարցերում, մասնակցային գործիքներ։
Նախատեսվում է անցկացնել չորս դասընթաց՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում, յուրաքանչյուրը՝ երկու օր տևողությամբ՝ 25 ՔՀԿ ներկայացուցիչների համար։
ԵՀՀ-ն համագործակցության է հրավիրում փորձագետ(ներ)ի՝ դասընթացների արդյունավետ կազմակերպման և անցկացման նպատակով։ Աշխատանքի նկարագիրը՝
- Հիմնվելով ՀՌԿԿ-Հայաստանի կողմից իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքների վրա՝ մշակել դասընթացի մոդուլ և դասընթացի ընթացքում քննարկել երեք մարզերում բազմաչափ աղքատության և անհավասարության մակարդակը բարելավելուն ուղղված ՔՀԿ-ների գործողությունները, հասանելի մասնակցային գործիքները, կարողությունները և հնարավոր ծրագրերը։
- ՔՀԿ-ների համար մշակել դասընթացի մոդուլ և իրականացնել դասընթաց քաղաքականությունների մշակման, մշտադիտարկման և ջատագովության գործիքների թեմաներով։
Պահանջվող մասնագիտական որակավորումները․
- Մասնագիտական փորձ բազմաչափ աղքատությանն առնչվող քաղաքականությունների և ծրագրերի մշակման ոլորտում,
- Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ քաղաքականությունների փաստաթղթեր մշակելու, քաղաքականությունների մշակման, մշտադիտարկման, համայնքային բյուջեների կազմման աշխատանքներում,
- Դասընթացների անցկացման շարունակական փորձ՝ ցանկալի է ՔՀԿ-ներկայացուցիչների համար։
- Հայերեն և անգլերեն բարձրորակ տեքստեր գրելու և խմբագրելու կարողություններ,
- Կրթություն իրավաբանության, հանրային կառավարման, սոցիոլոգիայի կամ այլ առնչվող ոլորտում։
Դիմելու ընթացակարգը.
Դիմելու համար խնդրում ենք [email protected] էլ․հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV), անցկացվելիք դասընթացների հակիրճ նկարագրություն և նախկինում իրականացված դասընթացներից մեկ օրակարգ, մոդուլ, մշակված ձեռնարկ, ուղեցույց, եթե այդպիսիք առկա են։
«Թեմա» դաշտում խնդրում ենք նշել «Աղքատության հաղթահարում. Դասընթացներ․ փորձագետ» և ձեր անունը։
Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 7, 2022թ․
Կտեղեկացվեն միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները:
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել Տաթևիկ Փափազյանին 093 25-15-96 հեռախոսահամարով։
***
««Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:»