Հանրակրթությունը, հատկապես ուսուցիչների իրավունքների պաշտպանությունը, ուսուցիչների կատարած աշխատանքի դիմաց ոչ համարժեք վարձատրությունը եղել են հանրության ուշադրության կենտրոնում։ Միջազգային փորձը (Sahlberg, 2015) վկայում է, որ կրթական համակարգի առաջընթացը մեծապես կախված է ուսուցիչներից։ Ուսուցիչների կրթական որակն այն առանցքային գործոնն է, որը կարող է արմատապես ազդել կրթական համակարգի ցուցանիշների վրա։ Ցավոք, անկախության տարիներին Հայաստանի ուսուցիչների մասնագիտական, սոցիալական խնդիրները տարեցտարի սրվեցին՝ հանգեցնելով ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրության կտրուկ նվազման, ուսուցիչների հանդեպ հանրային վստահության անկման։